
Սիրելի հայրենակիցներ, ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը անմոռաց հիշում եւ նշում ենք մեր միլիոնավոր նահատակների հիշատակը, նորոգում ենք մեր ուխտը պայքարը շարունակելու, նորոգված շնչով եւ եռանդով, մինչեւ ցեղասպանության լիակատար ճանաչում, դատապարտում եւ հատուցում:
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Եվրոպայի հայերի համագումարի այս կոչը ուղղում ենք, առաջին հերթին, ոչ թե միջազգային հանրությանը եւ աշխարհի պետություններին, այլ Հայաստանի եւ աշխարհի բոլոր հայությանը, հայկական կազմակերպություններին եւ հասարակական- քաղաքական կառույցներին՝ նկատի ունենալով ցեղասպանության առընչվող բոլոր հարցերի, ինչպես նաեւ արտաքին նորանոր մարտահրավերներին միասնակամ եւ ծրագրված պայքարելու անհրաժետշտությունը:
Եթե ցանկանում ենք իսկապես հասնել արդարության եւ, որ աշխարհի պետությունները, կառույցները եւ միջազգային հանրությունը դատապարտեն Հայոց դեմ կատարված ցեղասպանությունը եւ ականջալուր լինեն մեր պահանջներին, ապա մենք պիտի կարողանանք լինել միակամ, հզոր եւ անկոտրում, ունենանք մշակված հեռանկարային իրատեսական երկարաժամկետ ծրագիր, այնպես որ յուրաքանչյուր հայ անհատ, յուրաքանչյուր հասարակական կառույց, կուսակցություն կամ ՀՀ պետական գերատեսչություն, ըստ իր բնույթի եւ իրավասությունների, կարողանա դառնալ միեւնույն շղթայի անբաժանելի մի օղակը եւ ծավալի այնպիսի գործունեություն, որ ուղղված լինի միեւնույն նպատակին՝ առանց միմյանց հակասելու կամ խանգարելու: Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար Ցեղասպանության հարցը օբյեկտիվ պատճառներով այսօր չի դառնում առաջնային, դա դեռ չի նշանակում, որ չկան անելիքներ, այն ինչ չի կարող անել Հայաստանի Հանրապետությունը կարող է անել Սփյուռքը եւ հակառակը:
Ցավոք այսօր հայկական քաղաքական հանրությունը թե’ Սփյուռքում եւ թե’ Հայաստանում մխրճված է նեղ խմբակային, կուսակցական, կլանային եւ անհատական շահերի ճահիճի մեջ, ուր ճիշտն ու սխալը դժվար է միմյանցից տարանջատվում, ուր նույնիսկ բոլորիս միասնական ցավն ու միլիոնավոր նահատակների հիշատակը դառնում է շահարկության առարկա:
Հարկավոր է մի կողմ թողնել բոլոր տեսակի քայքայիչ ու պառակտիչ մոտեցումներն ու քարոզչությունները եւ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ու իրավունքների վերկանգման ճամփին համախմբվել մեկ եւ միեւնույն նպատակի շուրջ:
Կոչ ենք անում եւ հորդորում ենք չտրվել այս ու այն կողմ տարածվող կեղծ, անիրական եւ պառակտիչ լուրերին եւ սլաքները ուղղել դեպի դուրս, դեպի ցեղասպան թշնամին:
Այսօր, դեռեւս, տարբեր եղանակներով շարունակվում են ցեղասպանական գործողությունները: Եթե Թուրքիան համառորեն հերքում է ցեղասպանությունը եւ բոլոր հնարավոր միջոցներով աշխատում եւ ճնշում է, որ մոռացության մատնվի մեր հիշողությունը, ապա Ադրբեջանը նավթով, գազով ու խավիարական քաղաքականությամբ զինված՝ իր բացահայտ ու գաղտնի դաշնակիցների աջակցությամբ, քաղաքակիրթ աշխարհի անտարբեր աչքերի առջեւ, իրագործեց Արցախի ցեղասպանական էթնիկ զտումը եւ այժմ կեղծ խաղաղասերի դիմակով շարունակում է մշակութային ցեղասպանությունը:
Նախիջեւանի հայաթափումից եւ հայկական մշակույթի հետքերը վերացնելուց հետո Արցախում այժմ մի կողմից լկտիորեն յուրացնում, մյուս կողմից հողին է հավասարեցնում այն ինչ հայկական է: Ցինիզմը եւ լկտիությունը այն աստիճանի է, որ նորաթուխ այս երկիրը, որ մինչեւ 1936 թվականը չուներ ոչ հստակ անուն, ոչ էլ հստակ ազգություն, այսօր քրիստոնեական աշխարհի կենտրոն հանդիսացող Վատիկանի մեղսակցությամբ ներկայանում է որպես քրիստոնեության պաշտպան եւ հազարամյակների քաղաքակրթության եւ մշակույթի ժառանգորդ:
Արտաքին այս մարտահրավերներին հարկավոր է դիմակայել միասնական ուժերով եւ ժամանակին կանխարգելել ու չեզոքացնել վտանգները:
Փորձենք հասկանալ միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակը եւ սառնասիրտ ու հեռատես հայացքով վերլուծություններ անենք: Աչալուրջ վերահսկենք իրավիճակները ե առաջ մղենք մեր պահանջները եւ իրավունքները՝ պատրաստ հակահարված հասցնելու բոլոր նրանց ովքեր կլծվեն հակահայկական գործունեության:
110 տարի առաջ ցավոք չկարողացանք ճիշտ գնահատել միջազգային իրադրությունը, չհասկացանք, այսպես կոչված, մեծ տերությունների եւ Օսմանական Թուրքիայի ծրագրերն ու խորքային նպատակները, չեղանք միասնական եւ չկարողացանք մեկ ճակատով դիմակայել արհավիրքներին եւ արդյունքը եղավ հայրենազրկություն եւ ցեղասպանություն:
Այսօր, թեեւ նեղ սահմաններով, ունենք աշխարհի կողմից ճանաչված իրավական ու իրական, ինքնիշխան հայրենիք եւ պետականություն: Չկա հայրենիքից ավելի վեր արժեք եւ հարստություն, ամուր պահենք մեր պետականությունը եւ նրա սահմանները, այսօր դա է ամենից հրամայականը: Իրավունքների եւ արդարության հասնելու ճամբան գնում է պետականության գոյության եւ հարատեւության միջով:
Սիրելի հայրենակիցներ ժամանակն է որ սթափվենք եւ հավատանք մեր միասնական ուժին, ոչ մի ուժ չի կարող հաղթել այն ժողովրդին, որ մեկ մարդու պես պայքարում է իր գոյատեւման, իր իրավունքների, իր հայրենիքում ազատ եւ ինքնիշխան ապրելու համար:
Ցեղասպանության վիշտը մեր սրտում՝ անկոտրում հավատքով պիտի շարունակենք միջազգային կառույցներից, Եվրոպական միությունից եւ առաջադեմ հանրությունից շարունակաբար պահանջել հավատարիմ մնալ իրենց որդեգրած համամարդկային արժեքներին, ազատություններին եւ ժողովրդա-վարությանը, պիտի պահանջենք, որ Հայաստանի Հանրապետությանը զորավիգ կանգնեն եւ աջակցեն եւ պատժամիջոցների ու հստակ ճնշումների միջոցով ստիպել Ադրբեջանին եւ նրա բացահայտ ու թաքուն դաշնակիցներին ընդունելու իրենց ոճրագործությունները եւ մեղսակցությունը:
Վստահ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ֆաշիստական ռեժիմները տապալվելու են, Ալիեւը կրելու է իր անխուսափելի պատիժը, խաղաղությունը տիրելու է տարածաշրջանում եւ արդարությունը վերականգնվելու է:
Եվրոպայի Հայերի համագումարը որպես Եվրոպական ընտանիքում գործող հասարակական կառույց, միջազգային հանրությունից եւ կառույցներից պահանջում է հարգել եւ տեր կանգնել իրենց որդեգրած սկզբունքներին եւ կասեցնել նոր ցեղասպանական գործողությունները:
Եվրոպայի հայերի համագումար
22 ապրիլ 2024
Շվեդիա Ուփսալա
Be the first to comment