September 30, 2022

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ

  • Այսօր, ժամը 13:30-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի գործով դատական նիստը: Վերջինս մեղադրվում է նույն դպրոցի նախկին սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դատարանի շենքի դիմաց են հավաքվելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները, որպեսզի իրենց բողոքը հայտնեն դատարանի կայացրած որոշման դեմ:

    Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր մեղադրայալի` գործն արագացված կարգով քննելու մասին միջնորդությունը: Սա նշանակում է, որ գործով տուժող ճանաչված աղջիկները չեն կարողանա լիարժեք ցուցմունքներ տալ դատարանում եւ ներկայացնել իրենց հետ կատարված բռնությունների մանրամասները: Բողոքի ակցիայի մասնակիցները մտահոգված են, որ այդպիսով դատարանը փորձում է պաշտպանել Նուբարաշենի թիվ 11 դպրոցի աշխատակիցներին, որոնք տեղյակ են եղել ուսուցչի անառակաբարո գործողությունների մասին եւ լռել են:

    «Դպրոցի տնօրենը, տեղյակ լինելով այս իրավիճակին, հանդուրժել է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններն ու բռնությունը, որը շարունակվել է տարիների ընթացքում: Առ այսօր որևէ քննություն չի իրականացվել նրա նկատմամբ, և նա շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը»,- նշված է «Կանանց ռեսուրսների կենտրոն» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

    Հ/կ-ն հիշեցնում է, որ Հայաստանը ստորագրել և վավերացրել է Երեխաների իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի Միջազգային Կոնվենցիան. «Սակայն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնությունների նկատմամբ մեր այսպիսի անտարբեր վերաբերմունքով և մեղմ դատավճռով մենք ցույց ենք տալիս, որ մեր երկիրը հանդուրժում է պեդոֆիլիան և սեռական բռնությունը»:

    Նշենք, որ մեղադրող դատախազը առաջարկել է Լեւոն Ավագյանին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման:

  • Արման Ղարիբյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4