September 30, 2022

«Նժդեհին մի տրոհեք ցիտատների»

«Մենք հետ չենք կանչելու օրինագիծը»,-օտարալեզու դպրոցների դեմ արտահայտվողներին ասում է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա մի քանի լրագրողի խնդրանքով պարզաբանեց օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը` ասելով, թե սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով` 38 տոկոսը կողմ է, 40 տոկոսը` դեմ, մյուսները չեն կողմնորոշվել:

«Այս ամբողջ քննարկումների ընթացքում քննադատության մի փոքր հատվածն էր կոնստրուկտիվ, մնացյալը կամ զավեշտ էր, կամ էմոցիոնալ էր, կամ պիտակավորում»,-ասաց նախարարն ու նկատեց, որ մարդիկ քննադատում են առանց կարդալու եւ տեղեկանալու օրինագծին:

Մասնավորապես, ըստ նրա, «նման տեսակի կրթությունը պետք է լինի տարրական` 5-ից բարձր դասարաններում, դպրոցների թիվը չի գերազանցի 15-ը` 1 տոկոսը, մայրաքաղաքում այդ դպրոցների թիվը կսահմանափակվի, միեւնույն լեզվով դպրոցների թիվը նույնպես կսահմանափակվի, իսկ հայագիտական առարկաների պարտադիր հայերեն դասավանդման պահանջը կսահմանվի օրենքով»:

«Մարդիկ հորինում են պատմվածքներ ու սկսում են դրանց դեմ պայքարել. այլընտրանքային միջազգային կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն այն դեպքում, եթե չեն հակասում կրթական պետական չափորոշիչներին եւ ունենալու են ֆիքսված հայագիտական առարկաների բլոկ»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Օրինագիծն այժմ վերամշակման փուլում է, մոտ ապագայում կառավարության համապատասխան գերատեսչությունների կողմից եւս մեկ անգամ քննարկում կլինի, որից հետ լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ:

Նա խոսեց նաեւ այն մարդկանց մասին, ովքեր իրեն պարբերաբար Նժդեհի մասին են հիշեցնում եւ հարցը մատուցում են այնպես, որ «նժդեհական հանրապետական նախարարը նմանատիպ առաջարկ է արել»:

«Այդ մարդկանց պետք է ասեմ. պետք չէ տրոհել Նժդեհի մտավոր ժառանգությունը ցիտատների եւ դրանք լցնել գրպանը, ու պատեհ, անպատեհ առիթներին գրպանից հանել նժդեհական հերթական ցիտատը. մարդիկ, ովքեր Նժդեհին տրոհում են ցիտատների` չեն հասկացել նժդեհական ուսմունքի բուն էությունը. իսկ Նժդեհը դրել է հայկական բարձրավանդակում հայ ազգի հարատեւման խնդիրը. ինչ մեթոդներով կհարատեւի հայ ժողովուրդը իր իսկ հայրենիքում, այդ գործիքակազմի ընտրությունը կախված է այդ պահի, այդ ժամանակահատվածի իշխանությունից, եւ իմ նախաձեռնությունը ավելի նժդեհական է, քան այն մարդկանց, ովքեր ընդդիմանում են»,-հայտարարեց նա:

Աշոտյանը նորմալ եւ ըմբռնումով է վերաբերում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի «դեմ» դիրքորոշմանը. «Նա մեր երկրի առաջին վարչապետն է եղել եւ 90-ականների սկզբին օտարալեզու կրթության վերջը Հայաստանում համարում է նաեւ իր քաղաքական ժառանգությունը եւ իմ նախաձեռնությունը որպես այդ ժառանգության նկատմամբ ոտնձգություն: Թեեւ դա այդպես չէ»:

Ի դեպ, Աշոտյանը մի փոքր տեղեկանք ներկայացրեց իր կրթական մակարդակի վերաբերյալ տարատեսակ հրապարակումներին ի պատասխան. «8 տարի սովորել եմ Գոգոլի անվան ռուսական դպրոցում, 90 թվականին տեղափոխվել եմ հարակից հայկական դպրոցը, 2 տարի սովորել եւ գերազանցությամբ ավարտել եմ հայկական դպրոցը, ոսկե մեդալի համար տվել եմ քննություններ հայերենով, եւ մեդալով ավարտել եմ հայկական դպրոցը»:

Աշոտյանը համաձայն է իր գիտելիքների ստուգման նպատակով հանձնել քննություն, բայց մի պայմանով` իր բոլոր ընդդիմախոսների հետ միասին, «անխտիր բոլոր»:

Իսկ իր գնահատմամբ` զավեշտալի քննադատությանը անգամ չփորձեց պատասխանել. «Պրոֆեսիոնալ զավեշտը մեկնաբանելու համար պետք է պրոֆեսիոնալ բժիշկ լինել, ես չեմ կարող բժիշկ աշխատել, որովհետեւ առաքելությամբ պետք է բժիշկ լինել, թեպետ գերազանցությամբ ավարտել եմ բոլոր 3 կրթական աստիճանները բժշկական համալսարանում»:

Ի դեպ, այսօր հարցուպատասխանի ժամանակ որեւէ պատգամավոր Արմեն Աշոտյանին հարց չուղղեց խնդրո առարկա օրինագծի վերաբերյալ, իսկ նախարարը, իր ասելով, պատրաստ էր պատասխանել ցանկացած հարցի եւ հենց այդ նպատակով էլ եկել էր խորհրդարան:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4