June 26, 2022

Պայմանները դեռեւս վատ են

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին եւ ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսին:

Ողջունելով ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում: Տեղյակ եմ, որ կառավարության եւ կենտրոնական բանկի հետ արդյունավետ ու բովանդակալից քննարկումներ եք ունեցել: Գիտեմ, որ քննարկումներն արդեն ավարտվել են եւ Ձեր առաքելության հետ մեր կառավարությունը համաձայնության է եկել կոնկրետ պայմանավորվածությունների վրա հենվող ծրագրի շուրջ: Կարծում եմ` 2010թ-ը բավականին աշխույժ տարի է լինելու Հայաստանում տնտեսական վերականգնման առումով, գոնե թե առաջին չորս ամիսների տվյալները դա են վկայում: Միեւնույն ժամանակ այս տարի մենք պետք է կարողանանք առավել ակտիվ աշխատել բարեփոխումների շարունակման ուղղությամբ»:

Մարկ Լյուիսը Հանրապետության ղեկավարին տեղեկացրել է ԱՄՀ կողմից ՀՀ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, մասնավորապես` աշխատակազմի մակարդակով ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերը եւ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները: Մարկ Լյուիսի խոսքով. «Թեեւ տնտեսական պայմանները դեռեւս լավը չեն, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Հայաստանի ֆինանսական հատվածն ամուր է, պետական ֆինանսները լավ են կառավարվում, իսկ արտաքին փոխանցումների ծավալը վերականգնվում է»:

Կողմերը քննության են առել նաեւ գնաճի կառավարման, գործարար միջավայրի բարելավման եւ աղքատության հաղթահարման հետ կապված հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ծրագրի շրջանակում նախատեսվող ֆինանսական աջակցության չափաքանակները, ԱՄՀ Խորհրդի կողմից ծրագրի հաստատումից հետո դրանց օգտագործման հնարավորությունները:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4