
Մայիսի 19-ը Օսմանյան Թուրքիայում պոնտոսցի հույների ցեղասպանության օրն է:
Օսմանյան Թուրքիայում հույների հանդեպ բռնությունների առաջին ալիքը թափ առավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես` հայերի և ասորիների ցեղասպանության հետ միաժամանակ:
1916թ-ին սկսվեց հույների զանգվածային բռնագաղթն ու սպանությունները: Թուրքական իշխանությունները չէին էլ թաքցնում, որ հույների բնաջնջումը Հայոց ցեղասպանության նույն սցենարով է ընթանում:
1919-1922թթ.-ների ընթացքում` հունա-թուրքական պատերազմի ժամանակ, պոնտոսցի հույների ցեղասպանությունն իրականացվում էր արդեն Թուրքական Հանրապետության կառավարության կողմից:
1922թ-ի սեպտեմբերին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թալանի մատնեց Սմիրնա (Իզմիր) քաղաքը, որտեղ սրի էին մատնվել մոտ հարյուր հազար հայեր և հույներ: Հետևելով հրի մատնված Իզմիր քաղաքին` Քեմալ Աթաթուրքը հայտարարեց. «Մեր առջև հիմա ապացույցն է առ այն, որ Թուրքիան մաքրվել է դավաճաններից ու այլազգիներից: Այսուհետ, Թուրքիան պատկանում է թուրքերին»:
Տարբեր տվյալներով` Թուրքիայում 500 հազարից ավելի պոնտոսցի հույներ են ոչնչացվել: Նրանք, ում հաջողվել է ողջ մնալ զրկվել են հայրենիքից ու դարձել վտարանդի:
Հիշեցնենք, որ 2010թ-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի, հույների և ասորիների ցեղասպանության բանաձևը: Այսպիսով` Շվեդիան դարձավ առաջին երկիրը, որ ճանաչեց պոնտոսցի հույների ցեղասպանությունը:
a1plus.am
Leave a Reply