
«ՀՀ-ում արգելվում է ազատ հեռուստառադիոհեռարձակումը. ավելի բարոյական կլիներ այս բովանդակությամբ նախագիծ բերեիք»,-այսօր վրդովված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններից` ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Երկու տարի առաջ, երբ Ներսես Երիցյանը ներկայացնում էր թվայնացման խնդիրը, ասում էր չի լինելու հեռուստաընկերություն,որն ուզի եթեր դուրս գա եւ արտոնագիր չստանա. Այսօր 22 հեռուստաընկերությունից 18-ն է մնալու: Բա՞ ուր մնաց նախարարի խոստումը, մուլտիպլեքսի էֆեկտը»,- հիշեց նա:
Օրինագիծը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Նա շատ ընդհանուր գծերով ներկայացրեց նախագիծը եւ սկսեց պատասխանել պատգամավորների հարցերին:
Փոխնախարարը նկատեց, որ այդ հնարավորությունները կտրվեն համակարգի ներդրումից հետո, երկրորդ` զարգացման փուլում, իսկ այսօր տեխնիկական հնարավորությունները թույլատրում են միայն 18 հեռուստաընկերություն արտոնագրել:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ նախագիծը ոչ թե փոփոխություններ է գործող օրենքում, այլեւ մայր օրենք:
«Ինչու եք դիմել այսպիսի խորամանկության, որ երկու ընթերցմամբ քննարկումն ավարտեք»,-հարցրեց Մինասյանն ու ավելացրեց, թե որ արդյո՞ք քննարկվել է օրինագիծը հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչների հետ:
Մուշեղ Թումասյանը տեղեկացրեց, որ իրենց ձեռքի տակ կան ԵՄԱ-ի դիտողությունները, բայց չասաց, որ դրանք չեն օգտագործվել նախագծի մշակման փուլում:
Իսկ ինչ վերաբերում է խորամանկությանը, ապա նա այդտեղ միտում չի տեսնում. «Ուղղակի գործող օրենքից դրույթները վերցրել եւ թվայնացման դրույթի հետ ներառել ենք այս նախագծում»: Ի դեպ, Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ գործող օրենքի մի քանի կարեւորագույն դրույթ տեղ չեն գտել առաջարկվող օրինագծում, մասնավորապես այն, որ հանձնաժողովը պարտավոր է հիմնավորել արտոնագրի տրամադրումը այս կամ այն ընկերությանը, կամ մերժումը:
Նկատենք, որ սա ՄԻԵԴ պահանջն էր, որը ձեւակերպվել էր «Ա1+»-ի հայցի բավարարման եւ «Ա1+»-ի ոտնահարված իրավունքի վերականգման պահանջի տեքստում:
Բացի այդ տիկին Զոհրաբյանը նկատեց, որ հանված է մեկ այլ դրույթ, որը պարտավորեցնում է արտանոգրատիրոջը ապահովել բազմակարծություն եթերում:
Նա նաեւ չհասկացավ, թե ինչու է օրինագիծը բերվել այնպիսի հրատապության ռեժիմով, որ անգամ չի քննարկվել գլխադասաային հանձնաժողովում, նաեւ չի համաձայնեցվել Եվրաինտեգրման հանձնաժողովի հետ, հատկապես որ փոփոխությունն արվում է Եվրոպայի պահանջով եւ եվրաչափանիշներին համապատասխանելու նպատակով:
Քննարկման ընդմիջմանը լրագրողները փորձեցին պարզաբանումներ ստանալ փոխնախարարից:
«Պարոն Թումասյանը նոր է միացել այս գործընթացին եւ լավ չի տիրապետում մանրամասներին», -տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակը: Իսկ ինչու նախարարը չի ներկայացնում այս վիճահարույց նախագիծը` մեր հարցին, մամլո խոսնակը պարզաբանեց, որ նախարարը շատ զբաղված էր, վարչապետի մոտ էր:
a1plus
Leave a Reply