December 8, 2022

Պետության գրպանը ծա՞կ է

Պետությունը ձեռքը գրպանն է տարել եւ տեսել, որ այն ծակ է: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մոտավորապես այսպես բացատրեց, թե գործող 22 հեռուստաընկերություններից ինչու են թվայնացվելու միայն 18-ը:

Այսօր ԱԺ-ին զուգահեռ ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծն այսօր քննարկեցին մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, տեղական ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ: Քննարկմանը ներկայացել էր անձամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որը կարճ ժամանակ անց նկատեց, որ երկխոսություն չի կայանում:

Նախագծի հետ կապված հարցերին պարզաբանումներ տալու, մասնավորապես նախագիծը հանրային քննարկման չդնելուն ուղղված քննադատություններին` Ներսես Երիցյանը պատասխանեց. «Սպասում եք, երբ պիտի մի հատ թուղթ լինի, հելնեք. քլնգեք» :

Նախարարը հայտարարեց, թե նախագիծը դրվել է հանրային քննարկման, իսկ այժմ էլ ԱԺ-ում է: Նախարարի հայտարարությանն ի պատասխան` ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ասաց, որ ԱԺ Կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում օրինագիծը չի քննարկվել, եւ պատգամավորները ծանոթ չեն նախագծին, սակայն այն դրվել է քննարկման:

Նախագծի համաձայն` պետությունն իր վրա է վերցնում հեռուստաընկերությունների թվայնացման ողջ գործընթացը, որը գնահատվել է 12 միլիարդ դրամ եւ թվայնացվելու են այն հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակման արտոնագիր կստանան: Ըստ էության` այս նախագիծն ընդունվելու դեպքում բոլոր հեռուստաընկերությունները կհայտնվեն պետության վերահսկողության տակ:

«Բոլորիս համար ակնհայտ էր դա, բայց վերահսկման մեխանիզմներն այս օրենքով ավելի են հստակեցվում: Այս առումով անկեղծ չէ միջազգային փորձին հղում անելը»,- «Ա1+»-ին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Ի դեպ, այսօրվա քննարկման մասնակից միջազգային փորձագետներն իրենց մտահոգությունը հայտնեցին, որ թվայնացման ողջ գործընթացը չպետք է լինի մենաշնորհային, այն չպետք է իրականացնի միայն պետությունը:

Ինչո՞ւ այսքան շուտափույթ այս նախագիծը բերվեց ԱԺ, ո՞րն է սրա նպատակը. «Ա1+»-ի հարցին` էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Մի օր պետք է մտցնեինք: Դա եղել է երկուշաբթի օրը: Ընթացակարգ է: Կառավարություն է որոշում կայացնում, ներկայացնում` ԱԺ-ին: Այս մեկը այսպիսի արձագանքի արժանացավ, որովհետեւ ամեն մեկն ունի իր նախապաշարումը, իր հետին միտքը: Կառավարությունը հետին միտք չունի»:

Այն պահին, երբ Ներսես Երիցյանը «Ա1+»-ին վստահեցնում էր, որ ԱԺ-ում հայտնված նախագիծն օրենքի ուժ ստանալու դեպքում չի խոչընդոտի ինտերնետային հեռարձակմանը, նրա կողքին էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Պարոն Ամալյանի ներկայությամբ նախարարն ասաց, որ այս փոփոխությամբ «Ա1+»-ը 18 հնարավորություն է ստանում եթեր վերադառնալու համար:

«Այո, «Ա1+»ը հնարավորություն է ստանում 18 անգամ մասնակցել մրցույթի եւ քանի որ այդ մրցույթները «արդար», «ազատ» եւ թափանցիկ են ընթանում, «Ա1+»-ը 18 անգամ կրկին կպարտվի»,- ժպտալով ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4