June 28, 2022

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՐԵՐԸ

Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը մայիսի 18-ին խորհրդարանում հանդես են եկել հայտարարություններով, որոնք վերաբերել են հարկային քաղաքականությանը:

“Երեկ այս դահլիճում քննարկվում էր Հաստատագրված վճարների մասին օրենքի նախագիծը: Արդեն առաջին անգամը չէ` Ազգային ժողովում քննարկվում է մի օրինագիծ, որը հնարավորություն է տալու գազալցակայանների տերերին խուսափել հարկային պարտավորություններից: Բոլորիս քաջ հայտնի է, թե ովքեր են այդ գազալցակայանների տերերը` ներկա եւ նախկին պաշտոնյաները: Սակայն, ի տարբերություն այդ դասի, Կառավարությունն անընդհատ տարբեր լծակներով ճնշումներ է բանեցնում փոքր ու միջին գործարարների վրա, իբրեւ հարկային վարչարարությունը կատարելագործելու նպատակով: Դժբախտությունը կայանում է նրանում, որ Կառավարությունը օրը ցերեկով իրականացրել է բացահայտ ապօրինություն: Օրենքի նախագծով մինչեւ 2010 թվականի մայիսի 1-ը բոլոր գազալցակայանները պետք է ապահովված լինեին ծախսաչափերով: Բայց Կառավարությունը, խախտելով օրենքը, երկարաձգել է տեղադրման ժամկետը: Ցավալի է, բայց փաստ:  Կառավարությունն այնպիսի գործունեություն է ծավալում, որի արդյունքում հարկային բեռը ընկնում է տնտեսության մեջ քիչ բաժին ունեցող փոքր ու միջին բիզնեսի վրա, իսկ խոշորներին թողնում է ստվերում: Արդյունքում պետական բյուջեից դուրս են մնում հսկայական ֆինանսական միջոցներ, եւ սա այն պարագայում, երբ մեզանում այժմ տեղի է ունենում առաջին անհրաժեշտության ապրանքների սահուն, բայց անվերահսկելի գնաճ”, մասնավորապես նշել է Արմեն Մարիտրոսյանը:

Լարիսա Ալավերդյանն ասել է, որ  մարդու իրավունքների մասին խոսելիս հիմնական ուշադրությունը դարձվում է քաղաքական եւ քաղաքացիական, ինչպես նաև` սոցիալական իրավունքների վրա: Այնինչ, ըստ պատգամավորի,  կարելի է ապացուցված համարել, որ այդ իրավունքների խախտման խորքային պատճառները գտնվում են տնտեսական իրավունքների ոտնահարման ոլորտում:

“Ժառանգություն խմբակցությունը եւս մեկ անգամ պնդում է, որ հարկային քաղաքականությունը պետք է ներառի պրոգրեսիվ հարկման սկզբունքը: Այնինչ բազմաթիվ զարգացած եւ սոցիալական քաղաքականություն իրականացնող երկրների օրինակը անտեսելով` Հայաստանի` իրար հաջորդող իշխանությունները շարունակ մերժել եւ մերժում են այդ սկզբունքի կիրառումը: Արդյունքում` Հայաստանում շարունակվում է բիզնեսի բեւեռացումը` խոշորներն ավելի են խոշորանում, իսկ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, հայտնվելով գերմենաշնորհման պայմաններում, շարունակ ճնշվում են, ինչը ի վերջո խոչընդոտում է միջին խավի կայացմանը: Չընդունվեց եւ այլ փոքր եւ միջին բիզնեսի կայացմանը վերաբերող առաջարկությունը, այն է` մինչեւ 15 մլն. տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկությունները ազատվեն հարկային պարտավորություններից, ինչը մեծապես կնպաստեր այդ տիպի ձեռնարկությունների արդյունավետ զարգացմանը եւ այդ խմբին պատկանող բիզնես խավի ընդլայնմանը: Բիզնես միջավայրը մնում է խոչընդոտ երկրի տնտեսական զարգացմանը եւ այն պարզ պատճառով, որ իշխանությունները այդպես էլ չեն դրսեւորում կամք եւ չեն կարողանում կամ չեն ցանկանում հարկային դաշտ բերել յուրային խոշորներին: Օրինակ, բազմաթիվ են այն դեպքերը, երբ խոշոր ներկրողները սիստեմատիկորեն եւ զանգվածային կերպով հրաժարվում են տրամադրել հաշիվ ապրանքագրերը մանրամեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվող ձեռնարկույթուններին”, ասել է Լարիսա Ալավերդյանը:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4