January 19, 2022

Փոստանջյանն իշխանություններին կոչ է անում Արցախի ընտրություններին ընդառաջ ճանաչել ԼՂՀ անկախությունը

«Ժառանգություն» կուսակցությունը և խորհրդարանական խմբակցությունը պահանջում են օր առաջ դե յուրե ճանաչել Արցախի անկախությունը` այդ նպատակով առաջին քայլը կատարելով Ազգային ժողովում, այն է` այլևս չհետաձգել և կողմ քվեարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգության» ներկայացրած օրենքի նախագծին: Այսօր ԱԺ-ում խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նաև ներկայացրել է «Ժառանգության» մյուս պահանջները՝ պետական ծրագրով նպաստել Արցախի` հատկապես Ադրբեջանի հետ ունեցած սահմանակից շրջանների ու սակավաբնակ տարածքների վերաբնակեցմանն ու շենացմանը, նախաձեռնել Արցախի միջազգային ճանաչման պետական և հասարակական լայնածավալ գործընթաց:

Հիշեցնելով, որ մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվեն Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որով արցախահայությունն ի լուր աշխարհի մեկ անգամ ևս կվկայի, որ կա հայկական երկրորդ պետությունը՝ Փոստանջյանը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն առ այսօր պաշտոնապես չեն ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ «անգամ ազգային ծրագիր չունեն, որի նպատակների մի մասն էլ մեր հերոսական նախնիների հայկական տարածքների վերականգնումն է: Իսկ այդ պատմական նվաճումներից մեկը ողջ հայության ազգամարտի շնորհիվ Հայրենիքի մի մասի ազատագրումն է` անկախ Արցախի Հանրապետությունը»:

«Տարածքային զիջումների մասին ավելի հաճախ հայտարարող գործիչներին հիշեցնում եմ, որ գոյություն ունեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրություններ, համաձայն որոնց` սահմանների փոփոխության մասին կարող են և իրավասու են որոշումներ կայացնել միայն քաղաքացիները, այն է` հայ ժողովուրդը, և ոչ թե անօրինական ճանապարհով ժամանակավոր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները»,- հայտարարել է Փոստանջյանը։

«Իսկ հող հանձնելու վերաբերյալ հայտարարություններ անող Սերժ Սարգսյանին, իր աշխատողներ և Մևլութ Չավուշօղլուի մտերիմներ հանդիսացող Զոհրապ Մնացականյանին ու Դավիթ Հարությունյանին հիշեցնում եմ, որ Էրդողանին, Գյուլին և Չավուշօղլուին հաճոյանալու ձեր գործողություններն ու հայտարարությունները ոչ միայն չեն հանդուրժվում հայ ժողովրդի կողմից, այլև նույն թուրք գործիչները և միջազգային հանրությունն էլ քամահրանքով են վերաբերվում նրանց»,- հայտարարել է Փոստանջյանը։

Նա շնորհավորել է արցախցիներին մայիսի 23-ին անցկացվելիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների առթիվ՝ ողջունելով նրանց հայրենասիրությունն ու կորովամտությունը, «որ դուք աննահանջ պաշտպանում եք հայոց արևելյան սահմանները, տքնաջան աշխատանքով շենացնում եք մեր Հայրենիքը և ամուր կանգնած եք հայկական հինավուրց հողին հենց Արցախում: Մեր մայր հողը ոչ միայն ձեզ է արարելու ուժ ու եռանդ տալիս, այլ նաև աշխարհասփյուռ ողջ հայությանը: Այսպիսով ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքով անկախացած և ժողովրդավարական զարգացման մոդելն ընտրած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը հասունացած է և այլընտրանք չունի»:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4