January 28, 2022

Ո՞ւմ էր ձեռնտու դատապարտյալի մահը

«Հոկտեմբերի 27-ի» գործով մահանում է արդեն երրորդ դատապարտյալը. երկու օր առաջ հանկարծամահ է եղել Համլետ Ստեփանյանը:

2000 թվականի օգոստոսի 29-ին դեռ գործի նախաքննության փուլում, Նուբարաշենի մեկուսարանում մահացավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվող Նորայր Եղիազարյանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության` նա մահացել էր 220 վոլտ հոսանքից: Թեեւ որոշ այլ պնդումների համաձայն, նրա գլխին եղել էին հարվածի հետքեր: Նա Նաիրի Հունանյանի խմբին զենք վաճառած անձն էր, որն այդպես էլ դատարան չհասավ:

2004 թվականի ապրիլի 16-ին իր խցում կախված  գտան ոճրագործների քեռուն` ցմահ դատապարտված Վռամ Գալստյանին, որն իրեն բավականին տարօրինակ էր պահում, եւ մահից առաջ սկսել էր հայտարարություններ անել ահաբեկչության հետ կապված եւ այլն: Մահից առաջ նա իբր խնդրել էր իրեն տեղափոխել առանձին խուց, որովհետեւ չի համակերպվում իր խցակիցների հետ, իսկ մեկուսարանի ղեկավարությունը մեծ սիրով բավարարել էր նրա խնդրանքը: Հաջորդ օրը նրան հայտնաբերել էին կապված, իսկ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Սամվել Հովհաննիսյանն այն ժամանակ հայտարարեց, թե նա հաճախ է ինքնասպանության փորձեր արել:

Իսկ մայիսի 15-ին հանկարծամահ է եղել Համլետ Ստեփանյանը, որն ի տարբերություն մյուսների, դատապարտվել էր ոչ թե ցմահ, այլ 14 տարվա ազատազրկման եւ շատ մոտ ապագայում պետք է հայտնվեր ազատության մեջ: Նա անմիջականորեն չէր մասնակցել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններին, այլ սպասել էր դրսում: Համլետ Ստեփանյանը միացել էր ահաբեկիչներին 1999թ հոկտեմբերի 27-ի առավոտյան:

«Այս առումով վստահ եմ, որ իրական կազմակերպիչների մասով Համլետ Ստեփանյանը տեղեկություններ չի ունեցել, սակայն նաեւ համոզված եմ եւ ասել եմ, որ Ստեփանյանը տեղեկություններ ունեցել է այն ուժերի մասին, որոնք պետք է միանային սպանությունները կատարելուց հետո,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը:-Այդ առումով Համլետ Ստեփանյանի մահը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր սպասում էին ոճրագործներից Դերենիկ Բեջանյանի զանգին, որպեսզի միանային ոճրագործներին»:

Աշոտ Սարգսյանը սպասում է դատաբժշկի եզրակացությանը, թեեւ վստահ է, որ պաշտոնական վարկածը լինելու է ճիշտ այնպես, ինչպես Վռամ Գալստյանի դեպքում:Եվ այստեղ Սարգսյանը կարեւորում է իրավապաշտպանների դերը, որոնք պետք է հետամուտ լինեն մահվան իրական հանգամանքների բացահայտմանը:

Իսկ արդյոք Նաիրի Հունանյանի եւ մյուսների կյանքը եւս վտանգված չէ՞, հաշվի առնելով, որ արդեն 3 հոգի տարբեր հանգամանքներում մահացել են` մեր հարցին Աշոտ Սարգսյանը պատասխանեց. «Մի օր էլ կարող է Նաիրի Հունանյանին մահացած գտնեն, բայց դա արդեն կխոսի իշխանության հնարավոր փոփոխության մասին»: Ըստ նրա` գործող իշխանությունը չի հեռանա, քանի Նաիրի, Կարեն Հունանյանները եւ Էդիկ Գրիգորյանը ողջ են.«Որովհետեւ նոր իշխանությունը հենց նրանց միջոցով պետք է պարզի Հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչներին»:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, գնդակահարեց 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4