
«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ. ««ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը 09.04.2010թ.-ին ՊԵԿ ՇՏՄ պետ Կարեն Մանուկյանին նամակ էր ուղղել՝ խնդրելով պարզաբանել, թե ՀՀ ո՞ր օրենքի հիման վրա է կասեցվել ընկերության տեխնիկասարքավորումների մաքսային ձեւակերպումների գործընթացը: Նամակի պատասխանը ստացվել է 20.04.2010թ.-ին, որը ներկայացնում ենք նույնությամբ. Ի պատասխան Ձեր 09.04.2010թ. նամակի /ՇՏՄ մուտք 12.04.2010 թիվ 350/ հայտնում ենք, որ համաձայն «Հարկերի մասին» օրենքի 30-րդ հոդվածի, եթե հարկային պարտավորության չափը 500.000 դրամ եւ ավելի է կազմում՝ հարկային մարմնի ղեկավարը իրավունք ունի արգելանք դնել, մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը: «ՉԱՊ» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունը կազմում է 822.000 դրամ, այդ իսկ պատճառով հարկային մարմնի ղեկավարի կողմից արգելանք է դրվել ընկերության կողմից ներմուծված գույքի վրա: Հայտարարում ենք, որ ՊԵԿ Շիրակի տարածքային մաքսատան պետի եւ նրա վերադասի գործողությունները ակնհայտ ապօրինի բնույթ են կրում, քանի որ «ՉԱՊ» ՍՊԸ-ի «հարկային պարտավորությունը» որեւէ կապ ունենալ չի կարող հեռուստաընկերության ներմուծած տեխնիկասարքավորումների մաքսային ձեւակերպման հետ: Անհասկանալի է ՊԵԿ-ի գործողությունների մոտիվացիան: Ինչ՞ հիմքով է արվում այդ գործողությունը,ինչո՞ւ է արգելանք դրվում նոր ներկրվող տեխնիկական միջոցների վրա, այն դեպքում, երբ «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող գույքի, բանկերում գտնվող հաշվարկային հաշիվների վրա արդեն իսկ արգելանք դրված է, որով արգելվում է օգտագործել, տնօրինել արգելադրված գույքը: Փաստորեն, այս ամենը բավարար չհամարելով, ՊԵԿ-ը նպատակահարմար է գտել «պատանդի» կարգավիճակում պահել նաեւ «ՉԱՊ» ՍՊԸ-ի ներմուծած նոր տեխնիկասարքավորումները, որոնք դեռեւս ընկերության հաշվեկշռում չեն գտնվում: ՊԵԿ նախագահ Խաչատրյան Գագիկի գործողությունները բացահայտ ապօրինի են, քանի որ նրա հրահանգով է արգելանք դրվել դեռեւս չտնօրինվող գույքի վրա եւ չկա նաեւ մաքսազերծվող ապրանքի վրա արգելանք դնելու նրա ոչ հրամանը, ոչ որեւէ այլ փաստաթուղթ:Ավելորդ չէ հիշեցնել, որ «ՉԱՊ» ՍՊԸ-ի «հարկային պարտավորությունը» տարիների վաղեմություն ունի, եւ չգիտես ինչու հարկային ու մաքսային մեր սպասավորների հիշողությունը վերաբեռնավորվում է հենց այս օրերին, երբ վերսկսվել են նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գովազդատուների հետապնդումները: Ձեռագիրը ծանոթ է եւ հեշտ ընթեռնելի»:
Armtown.com
Leave a Reply