January 19, 2022

Ալի Խամենեի. «Ղարաբաղը մուսուլմանների հողն է, ովքեր զոհվել են նրա համար մղվող պայքարում` շահիդներ են»

Վերջին ամիսներին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Իրանի բացահայտ հետաքրքրությունն ու բազմաթիվ «բաց» հայտարարությունները, անշուշտ, առավելապես մեզանում դիտարկվեցին ու գնահատվեցին որպես հարեւան երկրի` միանգամայն ընկալելի եւ հասկանալի շահագրգռվածության ենթատեքստում:

Սակայն այսօր` Իրանի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշումը մի կողմից, Իրան-ՌԴ, Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա փոխհարաբերությունները մյուս կողմից, ԼՂ հիմնախնդրում շահերի, տարածաշրջանում վերադասավորումների առումով իրավամբ կարող են ուշագրավ նրբերանգներ ստանալ:

Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական պարբերականները հրապարակել են մի տեղեկատվություն, որն իսկապես սենսացիոն է Իրանի` ԼՂ խնդրի առնչությամբ դիրքորոշման առումով: Եվ եթե պաշտոնական Թեհրանը առաջիկա օրերին չհերքի ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարությունը, ապա սա իսկապես բավական լուրջ մտորելու թեմա է:

Այսպես, ըստ ադրբեջանական 1NEWS.AZ-ի` Իրանի հոգեւոր առաջնորդի քարտուղարությունը ներկայացրել է այաթոլլա Խամենեի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ. «Այաթոլլա Խամենեի դիրքորոշումը ի սկզբանե եղել է հստակ ու շիտակ. Ղարաբաղը մուսուլմանների հողն է, նրանք, ովքեր զոհվել են նրա համար մղվող պայքարում` շահիդներ են, իսկ անջատողականների հետ որեւէ կապը անթույլատրելի է (հարամ) եւ անօրինական»: Ինչպես հայտնում է 1NEWS.AZ- ը, հղում կատարելով Salamnews-ին, այս մասին ասված է Իրանի հոգեւոր առաջնորդի քարտուղարության տարածած հայտարարության մեջ:

Սակայն սա դեռ ամենը չէ: Վերոնշյալ դիրքորոշումը նախեւառաջ իրենից ներկայացնում է Համենեի` որպես այաթոլլայի որոշում, ֆետվա (հրովարտակ). «Եվ քանի որ ֆետվան Շարիաթի կամքն է` այդ իսկ պատճառով բոլոր մուսուլմանները պետք է հետեւեն այդ պատգամին: Սա նաեւ քաղաքական դիրքորոշում է` որպես երկրի առաջնորդի: Եվ եթե պարզվի, որ գոյություն ունի որեւէ կապ անջատողական ռեժիմի հետ` դա արդեն պետք է իրավական հարթությունում հստակեցվի: Այս դիրքորոշումը երբեք չի վերանայվելու», – ասված է Իրանի հոգեւոր առաջնորդի քարտուղարության տարածած հայտարարության մեջ:

Իրանը` որպես հարեւան պետություն, մշտապես իր դիրքորոշումն է ունեցել ղարաբաղյան խնդրի առնչությամբ, պարբերաբար իր` որպես հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ պետություն, միջնորդական առաքելությունն է առաջարկել բանակցող կողմերին: Սակայն համաձայնեք` այն, ինչ ասվում է վերոնշյալ կրոնական-իրավական երանգով հայտարարությունում, իսկապես բավական լուրջ խնդիր է, որին պետք է արձագանքեն թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի իշխանությունները… Ստացվում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը Իրանը ոչ միայն դիտարկում է կրոնական հարթությունում, այլեւ իրավական հետեւանքներ է նախատեսում այդ հրովարտակին, որոշմանը չհետեւողների համար:

Հավելենք նաեւ, որ շաբաթվա վերջին ԼՂ խնդիրը քննարկվել է ՌԴ-Հայաստան ԱԳ նախարարների հանդիպմանը. մայիսի 8-ին Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս հանդիպմանը քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը, ինչպես տեղեկացնում էին ռուսաստանյան գործակալությունները` հղում կատարելով ՌԳ ԱԳ նախարարությանը:

Շաբաթվա վերջին, երբ մի շարք պետությունների ղեկավարներ հավաքվում էին Մոսկվայում` տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձը, ղարաբաղյան խնդրին, ավելի ճիշտ` դրա ռազմական ճանապարհով լուծման հնարավորություններին անդրադարձավ Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Եվգենի Սերեբրեննիկովը. «Ռուսաստանը միանշանակ բացառում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռազմական ճանապարհը: Ե՛վ կառավարության ղեկավարը, ե՛ւ նախագահը հստակորեն արտահայտել են Ռուսաստանի դիրքորոշումը սառեցված հակամարտությունների հարցի առնչությամբ», – նշել է նա: Սերեբրեննիկովը նաեւ հավելել է. «Ռուսաստանը ոչ մի կերպ չի պարտադրում ղարաբաղյան կարգավորման ինչ-որ միակողմանի որոշում, նա իրավունք է ընձեռում, որպեսզի ժողովուրդն ինքը լուծի խնդիրը, եւ այդ որոշումը տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիք կդառնա», ապա հավելել է, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի, որպեսզի որոշումն ի կատար ածվի:

azatakrum.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4