September 18, 2021

Վերլուծություն. Ադրբեջանի նախագահը, Լեռնային Ղարաբաղից բացի, հավակնում է «պատմականորեն ադրբեջանական» Երևանին

Այս տարվա սկզբից Ադրբեջանի իշխանությունները աստիճանաբար սկսեցին հայ-ադրբեջանական հարաբերություններում ուշադրության կիզակետը տեղափոխել դեպի Երևանի պատմական անցյալի կողմը:
Իհարկե, Լեռնային Ղարաբաղը վիճաբանության մեջ շարունակում է կարևոր դիրք զբաղեցնել, սակայն անհնար է չնկատել, որ Բաքուն արդեն ավելի ու ավելի հաճախակի է սկսում խոսել Հայաստանի մայրաքաղաքի «ադրբեջանական պատկանելության» մասին:
Փետրվարին իշխող «Ենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունն անցկացրեց «Իրևանի խանություն» գրքի շնորհանդեսը, որում «ապացուցվում» է քաղաքի «ադրբեջանական պատկանելությունը»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Day.az գործակալությունը, իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը շնորհանդեսի ժամանակ ընդգծել է, որ «գրքում պատշաճ ձևով հաստատվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, ադրբեջանական տարածք է, և այն նաև պատասխան է նրա կոչին` չմոռանալ ժամանակավորապես կորցրած ադրբեջանական հողերի մասին»:

Արդեն ապրիլին այլ ադրբեջանական լրատվական գործակալություններ հրապարակեցին Ալիևի հայտարարությունը:

«Հայերն ունեն իրենց պետությունը, թեև այդ պետությունն էլ է ստեղծվել պատմական ադրբեջանական հողերի վրա: Դա հայտնի է բոլորին: 1918 թ. Ադրբեջանի անկախության հռչակումից անմիջապես հետո Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը որոշում է ընդունել Հայաստանին որպես մայրաքաղաք հանձնել Իրևան քաղաքը»,- Ադրբեջանի նախագահին հղում է կատարում Open.Az-ը լրատվական գործակալությունը:

Նման հայտարարությունները չեն կարող պատահական լինել: Այդկերպ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցուցադրել Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու ջանքերի անհեռանկարայնությունը:

«Շեշտադրումների արհեստական տեղաշարժը կոչված է ցուցադրելու աշխարհին, որ Բաքուն կարող է ինչ-որ կերպ թույլ տալ հայոց պետության գոյությունը նույնիսկ ադրբեջանական հողերի վրա` իբրև մայրաքաղաք ունենալով ադրբեջանական քաղաք, սակայն մտադիր չէ համակերպվել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ,- նշում է քաղաքագետ Գարեգին Գաբրիելյանը: – Այդ իսկ պատճառով Ադրբեջանը հայտարարում է Ղարաբաղը ցանկացած գնով վերադարձնելու իր պատրաստակամության մասին»:

Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ նոր մոտեցումներ որդեգրելու վկայություն է Ադրբեջանի դեսպանների` անսպասելիորեն հաճախադեպ դարձած նման հայտարարությունները: Մայիսի 9-ին ռազմատենչ հայտարարություններով հանդես եկավ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, կոմպոզիտոր Փոլադ Բյուլբյուլօղլին:

Մայիսի 13-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Միքայիլ Ռահիմովը հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա`ստիպելու ագրեսոր երկրին վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները: Եթե առաջիկայում դա չլինի, ապա ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի ռազմական ճանապարհով»:

Միայն այս տարի Ադրբեջանի նախագահն առնվազն 30 անգամ պաշտոնապես հայտարարել է ակտիվ ռազմական գործողություններ վերսկսելու հավանականության մասին, և մի քանի անգամ` «Երևանի ու Զանգեզուրի ադրբեջանական պատկանելության» մասին:

Ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի նախաձեռնած մարտավարական փոփոխություններն աննկատ չմնացին հայկական կողմի համար, որն իր հերթին հանդես եկավ մի շարք սկզբունքորեն նոր հայտարարություններով:

Վերջին 16 տարիների ընթացքում առաջին անգամ ԼՂՀ-ն հայտարարել է, որ պատերազմը, որի մասին այդքան հաճախ խոսում է Բաքուն, ըստ էության ձեռնտու է հենց հայկական կողմին:

ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ «պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ Ադրբեջանին և ձեռնտու է մեզ համար, քանի որ մենք հեշտությամբ կարող ենք իրականացնել մեր առաջ դրված խնդիրը: Կարծում եմ` այդ ժամանակ մենք վերջնականապես և մեկընդմիշտ կլուծենք ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդիրը»:

Դեռ երբեք նման կարծիք չէր բարձրաձայնվել պաշտոնական մակարդակով, և շատ հավանական է, որ առաջիկայում հայկական կողմը հանդես կգա նոր հայտարարություններով:

Հավանաբար, մոտ ապագայում կլսենք նաև այլ նոր հայտարարություններ:

ԱՐԻՍ ՂԱԶԻՆՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից

armenianow.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4