January 28, 2022

Վտանգված է ազգային անվտանգությո՞ւնը

“Եթե կրթությունը մայրենիով չէ, մայրենին դառնում է ցածր կարգավիճակ ունեցող լեզու: Եթե վտանգվում է լեզուն, վտանգվում է ազգի գոյության եւ պահպանման հարցը”,- “Հենարան”ակումբում հայտարարեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանը կողմ է, որպեսզի հայ երեխաները շատ լավ օտար լեզուներ իմանան, բայց դեմ է օտարալեզու դպրոցներ բացելուն: “Խոսքը օտար լեզվի առջեւ դռները փակելու մասին չէ: Եթե նոր ձեւավորվող երեխան շրջապատում խոսում է հայերեն, բայց դպրոցում այլ լեզվով է կրթություն ստանում, խեղվում է նրա ազգային լեզվամտածողությունը:

Առանց այդ էլ մեր ազգային ինքնագիտակցությունը ներքին խզումներ ունի: Պարարտ հող ստեղծելու պարագայում մենք կկտրվենք մեր ազգայինից: Սա անվտանգության հարց է նաեւ”,- նշում է հոգեբանը, հավելելով, որ օտարալեզու դպրոցներ բացելու կրթության նախարարության նախաձեռնությունը լավ մշակված չէ. “Այն պետք է լուրջ փորձագիտական վերլուծության արդյունքում ներկայացվեր հանրությանը”:

ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն էլ է համամիտ, որ պետք է բարձրացնել օտար լեզուների ուսուցման մակարդակը եւ մրցունակ կրթական համակարգ ստեղծել, բայց կարծում է, որ օրենսդրական որեւէ փոփոխության անհրաժեշտություն չկա:

Գործող օրենքը տալիս է այդ հնարավորությունը: 1-9-րդ դասարաններում օրենքով ամրագրված պարտադիր դասաժամերը կազմում են ընդհանուր դասաժամերի 50 տոկոսը, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսը: Մնացած դասաժամերը դպրոցի ղեկավարությունը կարող է բաշխել ըստ ցանկության` կարելի է ավելացնել օտար լեզուների դասաժամերը:

Եսայանը կոռեկտ չի համարում ԿԳ նախարար Աշոտյանի այն հայտարարությունը, թե ինքը գիտի` ում երեխան, որ երկրում է սովորում: “Իմ երեխան Թայլանդում է սովորում”,-հայտարարեց ԿԳ նախկին փոխնախարարը, ավելացնելով.”Մի բան է օտար լեզվով կրթությունը, մեկ այլ բան` մայրենիով ստացած կրթության որակը բարձրացնելը”:

Դաշնակցական Բագրատ Եսայանը հորդորում է հանրապետականներին` չքաղաքականացնել հարցը եւ չպաշտպանել ԿԳ նախարարի նախաձեռությունը` “մունդիրի պատվի” համար:

henaran.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4