
Մասնագետների գլխավոր մտահոգությունը բանավոր պայմանագրերն են
Ապրիլի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ կառավարությունը առաջարկել է փոփոխություններ անել 109 հոդվածներում: Փոփոխության 120 առաջարկ էլ արել են արհեստակցական միությունները, հկ-ները, Գործատուների միությունը:
Վաղվանից հանձնաժողովը սկսելու է կառավարության հետ քննարկել այս բոլոր առաջարկները: «Կարծում եմ` արդյունքում մենք կունենանք մի քայլ առաջ Աշխատանքային օրենսգիրք, քան ունեինք»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, նշեց, որ այժմ բոլոր կարծիքներն ու առաջարկությունները լսվում ու քննարկվում են: Սակայն նման քննարկումները պետք է լինեին կառավարության հետ, մինչ օրինագծի` ԱԺ մտնելը:
Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական ու խմբագրական բնույթի են, կան նաև սկզբունքային փոփոխություններ: Սկզբունքային փոփոխություններից ամենակարևորը, ըստ Բորիս Խառատյանի, այն է, որ կառավարությունն առաջարկում է աշխատանքային հարաբերությունների ձևավորման մեջ ներդնել բանավոր պայմանագրի ինստիտուտը, իսկ գրավոր պայմանագիրը կարող է կնքվել կողմերից մեկի առաջարկությամբ կամ պահանջով:
«Այսօր աշխատանքային հարաբերությունների հիմքում դրված է միայն գրավոր պայմանագիրը, և միայն գրավոր պայմանագրի առկայության դեպքում են այդ հարաբերությունները համարվում օրինական: Բանավոր պայմանագիրը, իհարկե, չի նպաստի աշխատանքային հարաբերությունների կայունացմանը: Բանավոր պայմանագիրը հետագայում բավականին մեծ խնդիրներ կարող է առաջացնել և գործատուի, և աշխատողի համար` այդ հարաբերությունների ձևավորման հիմքերը ներկայացնելու համար, եթե, ասենք, ունենան որոշ տարաձայնություններ կամ վեճի առարկա»,- ասաց Բորիս Խառատյանը:
Նա հավելեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ևս նշել է, որ բանավոր պայմանագրի առկայության դեպքում շփոթմունք կարող է առաջանալ աշխատանքային հարաբերությունները կարգավորելու ժամանակ:
Հակոբ Հակոբյանն արձագանքեց, որ ինքն ի սկզբանե է ասել, որ իսկապես բանավոր աշխատանքային պայանագրի դրույթը ՀՀ-ում կիրառելի չէ: «Այս դրույթի համար, կարծում եմ, ավելի բարձր արժեքային համակարգ ունեցող հասարակություն է պետք, քան մերը: Այս հարցը հանձնաժողովի կողմից առաջարկված է հանել, և մենք կառավարության հետ քննարկման փուլում ենք»,- ասաց նա:
Հաջորդ սկզբունքային փոփոխությունը, Բորիս Խառատյանի խոսքերով, վերաբերում է աշխատողների ներկայացուցիչներին` արհմիություններին. փորձ է արվում ներդնել աշխատավորական կյոլեկտիվի կողմից ընտրված մարմին: Այդ մարմինը ոչ մի պարտականություն չի ունենալու, սակայն օժտված է լինելու այն բոլոր իրավունքներով, որոնք ունի արհմիությանը` սահմանված Սահմանադրությամբ, օրենքով, Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրով:
Ըստ ԱՄԿ-ի` նման ձևով ընդունվելու դեպքում դրույթը չի համապատասխանի ԱՄԿ-ի կոնվենցիային: «Այսինքն` մենք, վավերացնելով այդ կոնվենցիան, միաժամանակ այն արդեն փորձում ենք չկատարել»,- ասաց Բորիս Խառատյանը:
Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ այսօր իրավաբանական անձ հանդիսացող շատ ձեռնարկություններ չունեն արհեստակցական միություններ: Իրավական դաշտում նոր մարմին (աշխատավորների կոլեկտիվի կողմից ընտրված ներկայացուցիչներ) է ներմուծվում, որպեսզի արհեստակցական միություն չունեցող կազմակերպություններում աշխատողների շահերը պաշտպանվեն:
«Կառավարության հետ քննարկման արդյունքում հստակ ունենք եզրակացություն` սկզբունքորեն կիրառել «Աշխատավորների ներկայացուցիչների մասին կոնվենցիան», որտեղ կա ամբողջ աշխարհում ընդունված հետևյալ փորձը. «Արհեստակցական միությունները կարող են իրենց կողմից ընտրել արհեստակցական միության ներկայացուցիչներ` կոլեկտիվում շահերը պաշտպանելու համար, եթե համարում են, որ անհրաժեշտ է: Աշխատավորները կարող են ընտրել ներկայացուցիչներ` իրենց շահերը պաշտպանելու համար»: ԱՄԿ-ն էլ տվել է նույն եզրակացությունը, ինչ կոնվենցիան: Ի սկզբանե մենք էլ ենք հարցը քննարկել այդ նույն սկզբունքով»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվող փոփոխություններում կան նաև ոչ հստակ ձևակերպումներ: Օրինակ` նշվում է, որ գործատուն աշխատանքային հարաբերություններում կարևոր փոփոխությունների մասին աշխատողին պետք է ծանոթացնի «պատշաճ ձևով», «ողջամիտ ժամկետներում»: Չի նշվում, թե որն է այդ «պատշաճ ձևը», կամ որոնք են «ողջամիտ ժամկետները»: «Մինչդեռ կան միջազգային համապատասխան փաստաթղթեր, որտեղ նշված է, որ աշխատողը պետք է մինչև 2 ամիս ժամկետում տեղեկացվի այդ փոփոխությունների համար, պետք է տեղեկացված լինի գրավոր և այլն»,- ասաց Բորիս Խառատյանը:
Նրա խոսքերով` կան նաև դրական առաջարկություններ: Օրինակ` գործող օրենսգրքով գործատուն աշխատավարձը ուշացնելու համար պետք է հատուցում վճարի աշխատողին, սակայն այդ վճարման չափը և կարգը սահմանված չեն: Բորիս Խառատյանը ողջունում է այն առաջարկությունը, ըստ որի` չվճարված աշխատավարձի համար նախատեսվում է սահմանել տույժ` օրական 1 %-ի չափով մինչև աշխատավարձի կրկնապատիկը:
Մինչդեռ Հակոբ Հակոբյանի կարծիքով` 1 %-ը շատ մեծ թիվ է: «Այսինքն` երբ մենք հաշվում ենք այսօր գործող միջին աշխատավարձը, ստացվում է տարեկան 180 % տուգանք: Նման տուգանք մենք չունենք: Ես համարում եմ, որ պետություն-քաղաքացի կամ պետություն-գործատու հարաբերությունը պետք է լինի հավասար: Եթե այսօր պետության փողը չվճարելու համար տուգանքը կազմում է օրական 0,15 %, ես համարում եմ, որ գործատուն էլ նույն տուգանքով պետք է վճարի աշխատողին: Սա իրավակիրառական պրակտիկայում արդեն գոյություն ունի. «180 օրից ոչ ավելի, օրական 0,15 %» տերմինը մենք գործածում ենք բոլոր պետական, հարկային, մաքսային և այլ մարմինների հետ միասին: Կիրառենք նաև աշխատող-գործատու հարաբերության մեջ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Հարկադիր պարապուրդ
Նա նշեց, որ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված է հարկադիր պարապուրդի դեպքում վճարել միջին աշխատավարձի 2/3-ը: Սա, նրա համոզմամբ, շատ բարձր ցուցանիշ է, և իրենք առաջարկություն ունեն սրա վերաբերյալ:
«Գործատուն շահագրգռված է պարապուրդի համար աշխատավարձ վճարել այն աշխատողին, որի կարիքն ինքը ունի, և որի հետ ուզում է գնալ ճանապարհ: Այսինքն` եթե հանկարծ գործատուի գործերը վատ լինեն, նա երբեք նրան չի ազատի աշխատանքից, այլ կաշխատի փոքր գումարով պահել, մինչև նոր աշխատանքներ ունենա: Եվ այս դեպքում մենք գործատուին պարտադրում ենք վճարել միջին աշխատավարձի 2/3-ը: Ինչո՞ւ եմ ես ուզում, որ պարապուրդի ժամանակ գործատուն մի քիչ ավելի քիչ վճարի, քան 2/3-ն է: Դրանով իսկ գործատուն կշահագրգռվի, որ որոշակի դժվարությունների առկայության դեպքում ոչ թե գնա իր աշխատանքային կոլեկտիվի պայամանգրի լուծարման, այլ ուղղակի կարողանա աշխատողին ապահովել որոշակի փոքր գումարով, մինչ նոր աշխատանքերը սկսվելը»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Աշխատանք տոնական և հիշատակի օրերին
Հակոբ Հակոբյանը նշեց, որ տոնական և հիշատակի օրերին աշխատողին վճարվում է ժամային տարիֆային դրույքի կրկնակի չափով:
«Նախկինում ժամային տարիֆային դրույքը սահմանվում էր կառավարության կողմից` 1 ժամը 142 դրամ էր, այսինքն` 30.000-ը բաժանում էինք 172-ի, ստանում էին ժամային տարիֆային դրույք: Նոր Աշխատանքային օրենսգրքում մենք փոփոխություններ ենք կատարել, և հայտարարում ենք հետևյալը. ժամային տարիֆային դրույքը աշխատողի հետ կապված պայմանագրում եղած գումարի բաժանումն է միջին ամսեկան ժամային տևողության վրա: Այսինքն` եթե յուրաքանչյուրիս հետ գործատուն կապել է պայմանագիր 300.000 դրամ ամսեկան աշխատավարձի համար, ապա 300.000 դրամը բաժանելով 171,2 ժամի (որը միջին տարեկան ամիսների ժամային թիվն է)` մենք ստանում ենք ժամային տարիֆային դրույքը: Սա նոր Աշխատանքային օրենսգրքում պարզեցված է և հստակ: Եթե ես աշխատում եմ, ստանում եմ 500.000 դրամ, իմ ժամային տարիֆը կլինի 500.000 դրամը բաժանած 172 ժամի: Սա և գործատուին է հասկանալի, և աշխատողի շահերն ենք պաշտպանում, որովհետև մինչ այդ մենք չունեինք հստակ սահմանված ժամային տարիֆային դրույք»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Գիշերային և արտաժամյա աշխատանք
Նա նշեց, որ գործող օրենսդրությամբ գիշերային աշխատանքը վճարվում է ժամային տարիֆային դրույքի 250 %-ի չափով` 100 % աշխատավարձ և 150 % հավելում: Առաջարկվող փոփոխություններով այդ ցուցանիշը դառնում է ժամային տարիֆային դրույքի 50 %-ը:
«Այսօրվա առաջարկը գումարային առումով, որպես բացարձակ մեծություն, ավելի շատ է, քան նախկինը: Նոր ժամային տարիֆային դրույքի անցնելով` մենք բարձրացնում ենք նրա գիշերային և արտաժամյա աշխատավարձը: Ինչո՞ւ է 150 %-ը իջել 50 %-ի: Եթե մենք աշխատավորներին շահագրգռում ենք բարձր աշխատավարձ ստանալու, ապա նրանք գնում են այդտեղ, և մենք նրանց իրավունքները չենք պաշտպանում: Եթե մենք գործատուին առաջարկում ենք ավելի քիչ փող տալ գիշերային և արտաժամյա աշխատանքի համար, ապա մենք աշխատողին շահագրգռում ենք գիշերային և արտաժամյա աշխատանք չկատարել»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Լրագրողներից մեկը նշեց, որ մարդիկ ստիպված են գիշերը աշխատում, քանի որ հայաստանյան աշխատաշուկայում առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ միևնույն է` առաջարկվող փոփոխություններով գիշերային և արտաժամյա աշխատանքի համար նախատեսված աշխատավարձը բարձրանում է:
Անչափահասների աշխատանք
Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ անչափահասների աշխատանքի հարցը դեռևս քննարկվում է: Խարտիաներով, ԱՄԿ-ի նորմերով տեսականորեն չի թույլատրվում 12 տարեկանից փոքր երեխաների աշխատանքը, սակայն միաժամանակ նշվում է, որ եթե անչափահասների աշխատանքը կարգավորվում է ներպետական օրենսդրությամբ, ապա թույլատրելի է: Խոսքը երեխաների` ոչ մշտական բնույթ կրող աշխատանքների մասին է:
«Օրինակ` ֆիլմում նկարվելու համար հարկավոր է մի սիրուն երեխա, որը պետք է արտահայտի ինչ-որ միտք կամ ժպտա այդ պահին: Մենք համարում ենք, որ երեխան, որը նկարահանվում է, երգում է և այլն, կատարում է աշխատանք, և այս աշխատանքը պետք է գնահատվի: Իսկ գնահատման համար մենք մեր աշխատանքային օրենսգրքում ընդունել ենք որոշակի դրույքաչափեր, որոնք համահունչ են միջազգային կոնվենցիաներին, խարտիաներին: Գործող օրենքում սա չկա»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Արձակուրդ
Անդրադառնալով արձակուրդների խնդրին` Հակոբ Հակոբյանն ասաց, որ գործող օրենսգրքով նվազագույն արձակուրդը 28 օրացուցային օր է, և թյուրընբռնում կա, քանի որ հաշվապահորեն վճարված աշխատավարձը տարբերվում է հաշվարկված աշխատավարձից: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է, որ նոր օրենսգրքում նման թյուրիմացությունն չի լինի: Առաջարակվող փոփոխություններով 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար նախատեսվում է նվազագույնը` 21-օրյա, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա համար` նվազագույնը 25-օրյա արձակուրդ:
«Արձակուրդայինի վճարման համար նախատեսված միջին աշխատավարձը մենք առաջարկել ենք հաշվարկել ոչ թե վճարվածից, այլ հաշվարկածից: Այսինքն` եթե դու տարեկան ստացել ես պայմանական 3.650.000 դրամ գումար, ապա այս գումարը բաժանում ենք 12 ամսվա վրա, բազմապատկում ենք 25,4 օրով, որպեսզի ստանանք տարվա վաստակած ուղիղ միջին աշխատավարձը: Մենք առաջարկել ենք քննարկել նաև հետևյալ տարբերակը. եթե 1 տարվա` 365 օրվա ընթացքում պայմանական աշխատել ես 302 օր, ապա քո ամբողջ 3.650.000 դրամ տարեկան գումարը բաժանում ենք 302-ի և բազմապատկում ենք այն աշխատանքային օրերի քանակով, որը դու ստանալու ես, որպեսզի հստակ լինի ամեն ինչ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Արձակուրդային օրերի այս քանակը նվազագույնն է, որ առաջարկում է կառավարությունը: Արհեստակցական միությունները, գործատուները, աշխատավորների ներկայացուցիչները կարող են գործատուին առաջարկել արձակուրդի` ավելի երկար տևողություն:
Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ հասարակությանն առաջարկվող փոփոխությունների մասին իրազեկելու նպատակով այժմ հանձնաժողովը քննարկում է շաբաթական 15 րոպե եթեր ունենալու հարցը: Նրա խոսքերով` մինչև երկրորդ ընթերցումը իրենք դարձյալ պատրաստ են քննարկել բոլոր առաջարկություններն ու դրական կամ բացասական կարծիքները:
Արհմիությունների կոնֆեդերացիան դատական գործ է շահել 2009 թ.-ին
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը նշեց, որ իրենց շատ են դիմում աշխատավարձերի, աշխատաժամանակի, արձակուրդների հետ կապված հարցերով, սակայն դիմողներին ամենից շատ հուզում է աշխատանքից ազատված լինելու խնդիրը: Այժմ ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերը միայն դատական կարգով են քննարկվում. արտադատական կարգ այսօր գոյություն չունի:
«Բայց երբ հաստատ համոզված ենք, որ իրոք աշխատողի նկատմամբ օրենքն է խախտվել, մենք վերցնում ենք մեզ վրա այդ խնդիրը նույնիսկ դատարաններում: Անցյալ տարի հանրապետության 3 դատական ատյաններում աշխատանքի վերականգնման գործ ենք շահել. աշխատողը Վճռաբեկ դատարանով վերջապես վերականգնվեց իր նախկին աշխատանքում»,- ասավ Միքայել Փիլիպոսյանը
Leave a Reply