ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ

ycfduuf - Copie-med logo

Եվրոպայի Հայերի Համագումարը ի խորոց սրտի շնորհավորում է Մայր Հայրենիքից մինչ աշխարհի չորս ծագերը ծվարած մեր հայրենակիցների ամանորը եւ հայ ժողովրդին մաղթում հաջողություն, կամք եւ կորով  հանուն վաղվա լուսավոր օրվա եւ հավերժության…

Իսկ աշխարհին մաղթում խաղաղություն:

Ամանորյա ուրախ եւ հումորային տրամադրության ներքո հարկ ենք համարում ի մտի ունենալ նաեւ անցնող գնացող տարվա մի քանի հիշատակելի դեպքեր:

Միջազգային ասպարեզում կարելի է հիշատակել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը ցնցում է ամբողջ աշխարհը, ոտքի հանելով առաջադեմ մարդկության բազմաթիվ ներկայացուցիչների, ընդդեմ անասելի շահարկումների եւ թալանիչիության: 

Մարդկությունը իր արդարացի  զայրույթն է արտահայտում բոլոր նրանց դեմ, ովքեր իրենց անկշտում ախորժակով թալանում են ողջ մարդկության հարստությունն ու ստեղծած բարիքները: Ճգնաժամից զերծ չմնաց  նաեւ մեր հայրենիքը, միայն այն տարբերությամբ, որ այստեղ փոխան զգոնության եւ լուրջ մոտեցումների ու լուծումների, ջանք չխնայվեց Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վառ գույներով ներկայացնելու:

Հաջորդ մեծ իրադարձությունը արաբական գարունն էր եւ գարնան ավետումը աշխարհով մեկ: Շատ տեղերում գարունը եկավ կարմիր գույնով ու դեռ չի կանաչել, իսկ շատ տեղերում էլ սպասում են հաջորդ գարնան: Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը ապրեցին այդ դառն ու քաղցր օրերը… Իսկ մեր Հայրենաբնակ քույրերին եւ եղբայրներին խոր համոզմամբ մաղթենք, որ մեր երկրի գարունը կգա զանգով ղողանջով եւ գարնան կանաչ հոտով ու բուրմունքով…

Հայաստանաբնակ մեր հայրենակիցները 2011 թվականը անցկացրին նույն եղանակով ու տեմպով ինչպիսին էր 2010- թվականը …

Արձանագրվեցին մանր հաջողություններ եւ ձեռքբերումներ, սակայն երկրի համար  ոչ մի նշանակալի ու հիմնական հարց այնպես էլ չլուծվեց, իսկ թե եկող տարում ո՞վ է վարչապետի նշած «կոտրած տաշտակի» առջեւ կանգնելու, աստված գիտե…

Եվրոպայի Հայերի Համագումարը մաղթում է որ ոչ մի հայ ո’չ եկող տարում եւ ո’չ էլ եկող տարիներում չկանգնի կոտրած տաշտակի առջեւ եւ հայրենաբնակ մեր ժողովուրդը միահամուռ ուժերով հաղթահարի բոլոր խոչնդոտները եւ կերտի իր ապագան, այնպես որ այլեւս ոչ մի հայ ստիպված չլինի լքելու իր հայրենիքը, իր հարազատ հողը..

Հայ ժողովուրդը պատմության ընթացքում եղել է մրցունակ եւ բոլոր ասպարեզներում գրանցել հաղթանակներ եւ գրավել պատվավոր տեղեր, իսկ ցավով հիշենք, որ անցնող տարում ժողովրդավարության առումով Հայաստանը 167 երկրների շարքում գրավեց անընդունելի եւ մեզ համար ոչ պատվաբեր 111-րդ տեղը: Մեր ժողովուրդը արժանի է շատ ավելիին քան այսօր ունի:

Պետական այրերի խոստումները  անհամար են, իսկ արդյունքը չնչին… հետամուտ լինենք իսկական բարենորոգումների եւ կեղծիքին ու խաբեությանը անզիջող լինենք, ու հետեւողականորեն պահանջատերը ավելիին… 

Եկող տարվա մայիսին տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները: Հուսանք, մաղթենք եւ գործենք այնպես, որ այդ ընտրությունները լինեն արդար եւ իրական: Թե, որքանով կհաջողի մեզ բոլորիս ունենալ ազնիվ, հայրենասեր եւ գիտակից Ազգային Ժողովի պատգամավորներ կախված է ոչ միայն մեր Հայաստանաբնակ հայրենակիցներից, այլ նաեւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներից:

Եվրոպայի Հայերի Համագումարը ցանկանում է, որ 2012 թ. լինի վճռական փոփոխությունների տարի, այն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում խորքային եւ ներդաշնակ գործունեություն, երկրում կործանարար կոռուպցիայի եւ մենաշնորհյալ քրեատնտեսական համակարգի անհետացում, դատաիրավական համակարգի ինքնուրույն եւ արդար գործունեություն եւ Իշխանություն-Հասարակություն անմիջական եւ թափանցիկ դաշտի ստեղծում:

Հայ ժողովրդին մաղթում ենք ամուր ու աննկուն կամք, առողջություն, խաղաղություն, ցանկությունների և արդար պահանջների իրականացման տարի:

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

28 դեկտեմբերի, 2011 թ.

 Շվեդիա

Tags:

About the Author