January 28, 2022

Հայոց ցեղասպանության մասին խոսելով Հայաստանի պատվիրակը «վիրավորել» է Թուրքիայի ներկայացուցչին

ՍՏԱՄԲՈՒԼ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 10-11-ին Ստամբուլում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունից ԵԽԽՎ-ում վերոնշյալ հանձնաժողովի մշտական անդամ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հանձնաժողովի մշտական անդամներից բացի նիստին մասնակցել են նաեւ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրտուղուլ Գունայը, պետական նախարար Մեհմեդ Այդինը, ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էրոլ Ասլան Ջեբեջին:

Նիստում, ի թիվս այլոց, քննարկվել են առավել վտանգված լեզուների վերաբերյալ զեկույցի, բանաձեւի եւ հանձնարարականի նախագծերը, որոնց հեղինակը ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամ Էրտուղուլ Կումսումօղլին է:

Զ.Փոստանջյանն իր ելույթում նշել է, որ զեկույցը պարունակում է մի շարք թերություններ եւ բացթողումներ. մասնավորապես` վտանգված լեզուներ արեւմտահայերենի եւ ասորերենի մասով, որոնք ներառված չէին կազմված փաստաթղթի նախագծում, այնինչ այդ լեզուները ներառված են Միավորված ազգերի կազմակերպության թողարկած վտանգված լեզուների ցանկում: «Ժառանգության» ներկայացուցիչը նաեւ մատնանշել է, որ փաստաթղթում անդրադարձ չի կատարվել այն պատճառահետեւանքային կապերին, որոնց արդյունքում այդ լեզուները դարձել են վտանգված եւ վերացման շեմին են` ընդգծելով, որ արեւմտահայերենի պարագայում` դա Հայոց ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումն են:

Ի պատասխան հայ պատգամավորի ելույթում հնչած դիտողությունների, Է.Կումսումօղլին վիրավորվածի զգացումով եւ ընդգծված դժգոհությամբ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մասին խոսելով Հայաստանի պատվիրակը վիրավորում է իր զգացմունքները եւ թուրք ինքնությունը:

Ըստ «Ժառանգության» մամլո հաղորդագրության, փաստաթղթի քննարկումը հետաձգվել է: Ըստ ԵԽԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մաքինթոշի, հանձնաժողովն առաջիկա ամիսների ընթացքում կքննարկի բոլոր առաջարկները եւ դրանք հնարավորինս կներառվեն փաստաթղթում:

photo by google

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4