January 19, 2022

«Մի վախեցեք ժնջիլներով օլիգարխներից»

«Կուլակաթափ» անե՞լ, թե՞ ոչ. այսօր «Սարդարապատ» շարժման կազմակերպած քննարկման հիմնական թեման սա էր, որ այսպես էր ձեւակերպված. «Խոշոր կապիտալի ազդեցությունը եւ այն հաղթահարելու հրամայականը»:

Քննարկմանը մասնակիցները նկատեցին, որ այսօր ՀՀ տնտեսության մասին խոսելիս չեն կարող չխոսել քաղաքականության մասին: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով` նա պետք է խոստովանել, որ մեր բոլոր ոլորտներն այդ թվում տնտեսությունը հիվանդ է. «Հասարակության մեջ դեռեւս չկա անհանդուրժողականություն կեղծիքի, խաբեության նկատմամբ: Իշխանություններն արդեն 20 տարի է, այսպես ասած, շարունակում են փչացնել ժողովրդին»:

Խզմալյանի կարծիքով` զուգահեռ 2 քայլ պետք է կատարվի` անհանդուրժողականություն սերմանի եւ սոցիալական անարդարության դեմ պայքարի հեղափոխական տարբերակով` սպասելու ժամանակ չլինելու պատճառով:

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը բոլորին հիշեցրեց այն փաստը, որ երբ «Հայռուսգազարդը» որոշեց բարձրացնել գազի սակագինը Հանրային խորհուրդը կանգնեց ոչ թե սպառողի, այլ «Հայռուսգազարդի» կողքին:

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը չհերքեց, որ ՀՀ տնտեսական ոլորտում խնդիրներ են եղել նաեւ իր պաշտոնավարության ընթացքում, սակայն վստահեցրեց. «Մինչեւ 1998թ. ՀՀ-ում որոշումներ էին կայացնում քաղաքական ուժերը եւ ոչ թե անհատնները: Այսօր ՀՀ-ում ամենաանպաշտպանը, ամենաբզկտվածը, ամենավարկաբեկվածը պետությունն է»: Ըստ պարոն Ասատրյանի` Ռոբերտ Քոչարյանը քաղաքականացրեց ամբողջ տնտեսական դաշտը եւ տնտեսական օղակները. «Այսօր ՀՀ-ում իշխանությունը ժառանգական է: Վերջին ընտրությանը անձերը փոխվեցին` Քոչարյանին փոխարինեց Սերժ Սարգսյանը, համակարգը մնաց նույնը: Սա է ողբերգությունը»:

Քննարկումն ավելի ակտիվացրեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. «Ես չեմ հասկանում ինչի՞ եք վախենում ժնջիլավոր օլիգարխներից»: Նա խորհուրդ տվեց տարանջատել օլիգարխին հարուստ մարդուց եւ տվեց օլիգարխի իր սահմանումը. «Օլիգարխներին բնորոշ է զոռբայությունը, գողականությունը, դա կլանել է ամբողջ երկիրը»:

Հրանտ Բագրատյանը նույնպես չհերքեց, որ իր պաշտոնավարության ընթացքում սխալներ են եղել, սակայն Ռոբերտ Քոչարյանի նման որեւէ մեկը չի յուրացրել ժողովրդի ունեցվածքը. «Ձեր կարծիքով մենք չգիտեի՞նք Պղնձամոլիբդենային գործարանի տեղը: Ռոբերտ Քոչարյանն այն ձրի վերցրել է, հափշտակել է»:

Բագրատյանն ունի «կուլակաթափության» իր դեղատոմսը, որի համար անհրաժեշտ է կառավարության կամքը. «Որքան մարդը հարուստ է, հզոր է, այնքան նա պետք է հեռու մնա պետական կառավարումից»:
Բագրատյանը համոզված է, որ կգա ժամանակ, երբ 200000 դոլարով «Ռենջ Ռովերով» Երեւանում ման գալը ամոթ կլինի:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4