January 19, 2022

Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին՝ Բաքվի իշխանություններին. «Դիմադրելու հրաման կտանք»

Այաթոլլահ Նասեր Մաքարեմ Շիրազին վստահեցրեց, որ «Կրոնապետները կառավարությունների երկխոսություններին ու դիվանագիտական զրույցներին չեն սպասելու»:

Սա երկրորդ ուժեղ ռեակցիան է, երբ Իրանի բարձրագույն հոգևորականները դրսևորում են պաշտոնական Բաքվի դեմ: Ընդամենը մի քանի օր առաջ այաթոլլահ Սաֆի Գոլփայեգանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված նամակով խիստ քննադատել էր նրան Բաքվում իրանական մզկիթների ավերման համար:

Երեկ, մայիսի 12-ին, այաթոլլահ Մաքարեմ Շիրազին բուռն քննադատության ենթարկելով Ադրբեջանում իրանական մզկիթների քանդման փաստը, Բաքվի իշխանավորներին ազդարարեց, որ «այս ընթացքի շարունակվելու դեպքում, դիմադրելու հրաման կտանք և, վստահաբար, նրանք ովքեր այդ ճանապարհին զոհվեն սրբազան նահատակներ են»:

Բարձրագույն հոգևորականը նշեց, որ «Մենք մեր պատգամը պաշտոնապես հայտնել ենք Ադրբեջանի պետությանը և հուսով ենք, որ այսուհետ նման գործերից հեռու կմնան»:

Այաթոլլահ Մաքքարեմ Շիրազին նշելով, որ «Մեզ լուրեր են հասնում, թե որոշ իրանական մզկիթներ ավերվել են Ադրբեջանում և ծրագրված է մնացյալը ևս հինաքանդ անել», ասաց. «Մենք դեռևս որևէ հրաման չենք արձագել, սակայն եթե ընթացքն այսպես շարունակվի, մենք գնալու ենք նման քայլի և այդ դեպքում, վստահաբար, Ադրբեջանը հայտնվելու է անապահով վիճակում»:

Նա շեշտեց, որ «Կրոնապետերն ու կառավարությունները տարբեր պարտականություններ ունեն և Ադրբեջանի պետությունը պիտի իամանա, որ շիականները ականջալուր սպասում են իրենց կրոնապետերի հրամանին և ինչ հրաման էլ որ նրանք արձագեն գործադրելու են»:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ «դիվանագիտական կանալներով մենք մեր պատգամը պաշտոնապես փոխանցել ենք Ադրբեջանի կառավարության: Իսկ այսօր ուղղակի ասում եմ, որ լավ ապագա չի սպասում նրանց»:

Հիշատակելի է, որ վերջերս, Ապրիլի 30-ին, Ադրբեջանի բարձրագույն դատարանը հաստատել էր «Ֆաթեմե Զահրա» մզկիթի ավերման հրամանը: Իսկ անցյալ տարի այդ հանրապետությունում ավերվել էր յոթը մզկիթ:

Ավելացնենք, որ Ադրբեջանի մեծամասնությունը շիականներ են: Այն երկրորդ շիական երկիրն է աշխարհում:

«Արաքս», Թեհրան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4