January 19, 2022

ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԼՂՀ-ԻՑ ԶԻՋՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ

ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի հաղորդագրությունը

Մայիսի 12-ին Ստեփանակերտում ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան` «Արցախյան կարգավորում` իրավական և քաղաքական հայեցակետերը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և փորձագետներ: Հիմնական զեկույցներով հանդես են եկել իրավագետ Անդրեաս Ղուկասյանը (Երևան) և Ազգային և ռազմավարական հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:

Միջոցառումը, որը վարում էր խորհրդի  նախագահ Մասիս Մայիլյանը, նվիրված էր հրադադարի կնքման 16-ամյակին: Հիշյալ տարեդարձի առթիվ կլոր սեղանի մասնակիցներին ողջույնի գրավոր խոսք է հղել Ռուսաստանի դիվանագետների միության առաջին տեղակալ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը 1992-1996 թթ. եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման  հարցում:

Զեկուցող փորձագետներն առանձնակի անդրադարձել և լսարանի ուշադրություն են հրավիրել միջազգային հանրության պատասխանատվության հանգամանքին` Արցախյան հակամարտության 20-ամյա խորացման, վերջինիս գործած հիմնարար սկզբունքային սխալների և, մասնավորապես, հետխորհրդային տարածքում նոր պետությունների ճանաչման հարցում ի հայտ բերած խտրական և հակաիրավական մոտեցումների կիրառման առնչությամբ: Ներկայացվել են այժմյա իրավիճակից դուրս գալու նպաստավոր ռազմավարական ուղիները, որոնք թե՛ միջազգային հանրությանը և թե՛ ՀՀ և ԼՂՀ իշխանություններին հնարավորություն են ընձեռում  ըստ էության բարեփոխել և իրապաշտության ու միջազգային իրավունքի դաշտ փոխադրել Արցախյան կարգավորման ցայսօր որևէ էական արդյունք չարձանագրած գործընթացը:

Զեկուցող փորձագետները հատուկ  նշել են, որ անհրաժեշտ է իսպառ հրաժարվել վաղուց ի վեր սեփական սնանկությունը փաստած մի շարք կարծրատիպերից, որոնք ըստ էության նենգափոխում և խոչընդոտում են կարգավորման իրապաշտական և իրավական ուղիների որոնմանը: Մասնավորապես ասվել է, որ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և այլ եվրոպական կառույցների արցախահայության իրավունքները բազմիցս կոպտորեն խախտած միջազգային հանրությունը որևէ իրավունք չունի ԼՂՀ-ից պահանջելու կամ ակնկալելու ոչնչով չհիմնավորված զիջումներ` թե՛ տարածքային և թե՛ անկախ կարգավիճակի ճանաչման հարցերում:
ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդը ողջունել է նաև Ստեփանակերտի մամլո ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի Ադրբեջանի, ՀՀ և ԼՂՀ լրագրողներին հղած կոչը` մայիսի 12-ից տեղեկատվական դաշտում զինադադար հաստատելու վերաբերյալ:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4