Բազմաշնորհ հայուհին՝ Զաբել Բոյաջյան

thumb

1910-ականների կեսին, երբ հայ ժողովուրդը բնաջնջվում էր իր պատմական հայրենիքում, տարբեր երկրների մտավորականներ իրենց ներածի չափով ձգտում էին աշխարհին իրազեկ դարձնել անտեսված հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին։ Պատահական չէ, որ այս ժամանակահատվածում ասպարեզ իջան հայ գրականության երեք կոթողային հատորներ եվրոպական երեք ամենատարածված լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն։ Առաջին երկուսն իրականացրել են հանրահայտ Վալերի Բրյուսովը եւ Արշակ Չոպանյանը, իսկ անգլերենը՝ պակաս ճանաչված, սակայն միանգամայն արժանավոր Զաբել Բոյաջյանը։

Նա թե՛ գրող էր, թե՛ նկարչուհի, թե՛ բազմալեզվագետ թարգմանչուհի… Ծնվել էր 1872-ին, Դիարբեքիր վերանվանված հայոց երբեմնի Ամիդ քաղաքում.. ծննդյան անունը Իզաբել Քեթրին էր։ Հայրը՝ Թովմաս Բոյաջյանը, Օսմանյան կայսրությունում Անգլիայի հյուպատոսն էր, իսկ մայրը՝ Քեթրին Ռոջերս Բոյաջյանը, անգլուհի էր, որը տիրապետում էր հայոց լեզվին։

Փոքրիկ Իզաբելն ունեցել է խաղաղ, հաճելի մանկություն, ամառներն անց են կացրել Խարբերդում, հորաքրոջ տանը, որտեղ աշխույժ, չարաճճի աղջիկը ժամանակն անց է կացրել ծառերի վրա միրգ ուտելով եւ անհնազանդություններ անելով: Իզաբելի ջինջ եւ անամպ օրերն ավարտվել են 1895-ին, երբ սուլթան Աբդուլ Համիդի սանձազերծած հայկական ջարդերի ժամանակ աղջիկը կորցրել է հորը։ Այրի տիկին Բոյաջյանը դստեր, որդու՝ Հենրիի եւ իբրեւ ծառաներ իրենց հովանու տակ վերցրած հինգ հայերի հետ մեծ դժվարություններով հեռացել է Թուրքիայից եւ ապաստանել Լոնդոնում:

Այստեղ էլ Իզաբելը ստացել է իր գերազանց կրթությունը, սովորել հռչակավոր Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Անգլերենից եւ հայերենից բացի տիրապետել է ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, շվեդերեն, էսպերանտո լեզուներին: Ի դեպ, նա եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից, մինչեւ անգամ 1907-ին որպես դերասանուհի մասնակցել է Քեմբրիջում կազմակերպված էսպերանտոյով թատերական մի ներկայացմանը:

Բոյաջյանը, պատկանելով երկու ազգերի, իր պարտքն է համարել իր քիչ ճանաչված եւ մշտապես հարստահարված մի կողմին ներկայացնել առավել բարեբախտ մյուսին։ Այդ իսկ պատճառով նա իր Իզաբել անունը փոխարինել է դեռեւս միջին դարերում հայացված Զաբելով եւ նվիրվել հայ ժողովրդին անգլիախոս հասարակությանը ներկայացնելու գործին։ Արդեն 1901 թվականին Լոնդոնում նա լույս է ընծայել «Եսթեր. մի կյանքի սիրավեպը» գիրքը՝ ցույց տալով հայության վիճակը Թուրքիայում։ Գիրքը հրատարկել է Վարդենի ծածկանունով, որպեսզի իրենց կոստանդնուպոլսեցի ազգականներին չվնասեն։ Առաջին իսկ գրքով ունեցել է մեծ հաջողություն, վեպը թարգմանվել է գերմաներեն, իսկ մի լրագիր գրել է հեղինակի մասին. «Ո՞վ է սա։ Եթե անգլիացի է՝ հայկական կյանքի մասին ինչպե՞ս այսչափ գիտի։ Իսկ եթե հայ է՝ ինչպե՞ս կարող է այսպիսի անգլերեն գործածել»։ Ի դեպ, Զաբել Բոյաջյանին գրականությամբ զբաղվելու են մղել նրա մտերիմ բարեկամները՝ Արշակ եւ Արամ Րաֆֆիները` հայ վիպասան Րաֆֆու զավակները։ Զաբել Բոյաջյանը ջերմ սիրով կապված է եղել Րաֆֆու այրու՝ Աննա Րաֆֆու եւ որդիների հետ, անգլիական մամուլում հանդես եկել գրողի մասին հոդվածով, թարգմանել Րաֆֆու բանաստեղծություններից եւ նրա «Հարեմ» վիպակը վերածել թատերախաղի։ Րաֆֆի եղբայրների անմիջական հորդորներով եւ մասնակցությամբ էլ ստեղծվել է հոդվածի սկզբում հիշատակված Բոյաջյանի թարգմանած կոթողային ժողովածուն՝ «Հայկական առասպելներ եւ բանաստեղծությունները» (1916)։ Գրքի առաջաբանը գրել է հայ ժողովրդի բարեկամ դերկոմս Ջեյմս Բրայսը։ Այս հատորը երկար տարիներ մնացել է անգլերենով հայ գրականության լավագույն ժողովածուն։ Բոյաջյանի թարգմանությունները համեմատվել են Ֆիցջերալդի թարգմանություների հետ, իսկ նրա անգլերեն լեզուն ու ոճը՝ Միլթոնի հետ, ինչը չափանիշ է անգլիագիր հեղինակի համար:

Զաբել Բոյաջյանը եղել է ճամփորդությունների մեծ սիրահար։ Նա ոտքի տակ է տվել գրեթե ողջ Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայով՝ հասնելով մինչեւ Լապլանդիա։ Եղել է ֆրանսիական ալպինիստների միության անդամ։ Հունաստան կատարած ուղեւորության արդյունքում ծնվել է իր տեսակի մեջ ինքնատիպ մի պատկերագիրք՝ «Գրչով եւ ներկապնակով Հունաստանում» վերնագրով: Տպագրել է նաեւ «Գիլգամեշ. հավերժական որոնումը» դյուցազներգությունը եւ «Էջմիածին» թատերախաղը, որը բեմադրվել է Նյու Յորքում: Անգլերեն թարգմանել եւ առանձին գրքով հրատարակել է Ավետիք Իսահակյանի «Աբու լալա Մահարի» պոեմը, որն ունեցել է երեք տպագրություն։

Բոյաջյանն իր ամենամեծ գրական հաջողություններից է համարել «Շեքսպիրին ի պատիվ գիրք» ծավալուն հատորում ընդգրկվելը։ Այդ ժողովածուում զետեղվել են տարբեր ազգերի հեղինակների հոդվածներ կամ բանաստեղծություներ։ Հայ ժողովրդին ներկայացրել է Զաբել Բոյաջյանը՝ Շեքսպիրին նվիրված չափածո ձոներգով։ Այն համարվել է ժողովածուի ամենագեղեցիկ գործերից մեկը։ Շեքսպիրի ծննդյան 300-ամյակի տոնակատարության ցերեկույթին, որին ներկա են եղել անգլիական կառավարության եւ դեսպանատների ներկայացուցիչները, այդ գրքից ընդամենը երկու գործ է կարդացվել՝ Բոյաջյանի եւ նշանավոր Թոմաս Հարդիի բանաստեղծությունները։

Իսկ առհասարակ Զաբել Բոյաջյանն իր առաջին կոչումը համարել է նկարչությունը։ Նա վրձնել է տասնյակ երփնագիր աշխատանքներ՝ դիմանկարներ եւ բնանկարներ։ Ստեղծել է նաեւ Րաֆֆու եւ զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները։ Ինչպես նշել է նրա մասին ժամանակի հայ մամուլը. «…Հայ արուեստագէտներու շարքին մէջ կը գտնենք կարգ մը փայլուն անուններ, որպէս են Այվազովսքի, Էտկար Շահին, Վարդան Մախոխեան, Թէրլէմեզեան եւ այլն, որ կրցած են Եւրոպական վարպետներու համաստեղութեան մէջ ուրոյն տեղ գրաւել. բայց` որքան որ մեզի ծանօթ է` գեղեցիկ սեռէն գեղարուեստի հետեւող եւ Եւրոպական հրապարակի վրայ անուն շահող միայն մէկը ունինք, որ է օրիորդ Զապէլ Գ. Պօյաճեան»:

Իսկ մեկ այլ թերթ գրել է. «…Դէմք մըն է Զապէլ Պօյաճեան, զոր ամէն հայ ճանչնալու է, եւ ճանչնալով` անունով հպարտ զգալու է: Բազմակողմանի կարողութիւններով օժտուած անձնաւորութիւն մըն է ան: Նոյն ատեն նկարիչ է, գրագետ է, բանաստեղծ է, խորազնին ուսանող եւ իմաստասէր»:

Ամբողջ կյանքում Զաբել Բոյաջյանը եղել է եռանդուն, գործուն, խիզախ, իր գործին եւ հայույթանն անձնվիրաբար նվիրված անհատականություն։

Կյանքի վերջին տարիները, ցավոք, անցել են զրկանքների մեջ։ Նա մահացել է Անգլիայի Սիֆորդ բնակավայրում, 1957 թվականին։

Հայերն այսօր  ha.nt.am  

Tags:

About the Author