January 28, 2022

Թաթախոս հայեր

Դեռ վաղ միջնադարում թե՛ Բյուզանդիան, թե՛ Իրանը օգտագործել են հայ զինվորականությանը իրենց ռազմական ձեռնարկներում, սահմանների պաշտպանության մեջ:

Միջին դարերում եւ՛ Այսրկովկասի, եւ՛ Իրանի անվտանգությունն ապահովելու առումով ռազմավարական կարեւոր նշանակություն ուներ «Ճորա պահակը» կամ «Դերբենտի անցքը»: 5-6-րդ դարերում այսրկովկասյան երկրներն իր քաղաքական ենթակայության ներքո գցելուն զուգընթաց Սասանյան Իրանը լուրջ միջոցառումներ ձեռնարկեց «Ճորա պահակը» ամրացնելու եւ Այսրկովկասի հյուսիս-արեւելյան շրջաններում հաստատուն ներկայություն ապահովելու նպատակով:

Կառուցվեցին Դերբենտի պաշտպանական համակարգերը, եւ այդ տարածքներում վերաբնակեցվեցին Իրանից տեղափոխված բնակիչներ, որոնց համար առանձնահատուկ սոցիալ-քաղաքական արտոնություններ ու կարգավիճակ սահմանվեցին: Արաբական աղբյուրները սասանյան Կուբադ I եւ Խոսրով Անուշիրվան թագավորների այս ձեռնարկների կապակցությամբ բավական հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում, ըստ որոնց պարսից արքաները Այսրկովկասի հյուսիս-արեւելքում բնակեցնում են նաեւ «սիսականներին», այսինքն` Սյունիքից տեղափոխված զինվորական բնակչությանը:

Առհասարակ,դեռեւս հայոց թագավորության գոյության ժամանակաշրջանում Սյունյաց նախարարական տան վրա էր դրված «Ճորա պահակի» պաշտպանությունը, իսկ 5-րդ դարում, երբ Հայաստանի զգալի հատվածը ենթակա էր Իրանին եւ ուներ մարզպանության կարգավիճակ, «Ճորա պահակը» շարունակում էր հայոց նախարարների համար զինվորական ծառայության վայր մնալ:

5-րդ դարում Իրանի կողմից հայկական զինվորական բնակչության բնակեցումը Այսրկովկասի հյուսիս-արեւելքում, Դերբենտի շրջանում միանգամայն համապատասխանում էր այդ ժամանակաշրջանում առկա պատմաքաղաքական ավանդույթին: Այնուամենայնիվ, հայկական այդ խումբը իրանական վերաբնակիչների համեմատ փոքր էր, թեեւ ուներ նրանց հավասար սոցիալական բարձր կարգավիճակ եւ գործառույթ:

Առհասարակ, Իրանի քաղաքական, մշակութային գերակայությունը Արեւելյան Այսրկովկասում պահպանվեց մինչեւ 15-16-րդ դարերը: Հայկական խմբի սոցիալական բարձր կարգավիճակը եւ գործառույթը քաղաքական իշխանությամբ օժտված իրանական շերտի հետ ակտիվ փոխհարաբերությունների հիմք էր, ինչն էլ իր հերթին հանգեցրեց լեզվական ձուլման գործընթացի: Իրանալեզու դառնալով` հայկական խումբը պահպանեց սոցիալական բարձր կարգավիճակը, իսկ քրիստոնեության պահպանման միջոցով` այն զուգակցվեց հայկական խմբային պատկանելության հետ: Պատմական, ազգաբանական, լեզվական վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական այս խմբի լեզվական ձուլման գործընթացները տեղի են ունեցել 6-11-րդ դարերում:

Հետագա դարերում, երբ սկսվեցին տարածաշրջանի թրքացման գործընթացները, խմբի համար հայադավանության էթնոպահպան գործառույթին ավելացավ նաեւ իրանալեզվությունը` որպես հակազդեցություն այդ գործընթացների:

Թրքալեզու ցեղերի ներխուժումներին զուգընթաց, որպես երկրագործ նստակյաց բնակչությանը քոչվորների կողմից տրվող նվաստացուցիչ անվանում, սկսեց տարածվել «թաթ» անունը: Այն աստիճանաբար Արեւելյան Այսրկովկասի իրանական բնակչության համար ձեռք բերեց էթնոնիմի իմաստ, թեեւ դա տարածվեց իրանական ոչ բոլոր խմբերի վրա: Այդ արեալում բնակվող իրանալեզու դարձած հայկական խմբերը, նույնիսկ ռեգիոնում տեղի ունեցող թրքացման ու մահմեդականացման գործընթացների պարագայում, պահպանեցին հայկական ինքնագիտակցությունն ու հայադավանությունը: Ավելին, պահպանեցին նաեւ լեզվի «փարս» կամ «ֆարս» անունը, որը հետո` 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, գիտության մեջ սկսեց կոչվել «հայ-թաթերեն» բարբառ: Ի դեպ, այդ բարբառում իրանական շերտն ավելի լավ է պահպանվել, քան թաթ-մահմեդականների ու հրեա-թաթերի լեզվում, որոնք մեծ չափով ենթարկվել են սեմա-թյուրքական ազդեցության:

18-րդ դարում թաթախոս հայերը բնակվում էին Ղուբայի, Դերբենտի, Շամախու մոտ մեկ տասնյակից ավելի գյուղերում:

18-20-րդ դարերում թաթախոս հայերի տարաբաշխվածության խնդիրը առավելապես զուգորդվում է տեղահանությունների ու տեղափոխությունների հետ: Մեծ ազդեցություն ու հետեւանք ունեցավ հատկապես 1796թ. Վ. Զուբովի գլխավորած արշավանքը: Ռուսական զորքի հետ միասին Դերբենտի, Մուշկուրի, Ղուբայի տարածքներից թաթախոս հայերը հարկադրված հեռանում են հիմնականում Հյուսիսային Կովկաս, հաստատվում Ղզլարում, Մոզդոկում, Սուրբ Խաչում (ներկայումս` Բուդյոնովսկ), Կասաեւ-Յամում (հետագայում` Եդեսիա), Ղզլարի մոտ հիմնադրում Դերբենտ եւ իրենց նախկին գյուղերի անունը կրող Մոլլա-խալիլ, Ղարաջալու բնակավայրերը:

Պատմական զարգացումների ընթացքում տեղի է ունեցել նաեւ թաթախոս հայերի մահմեդականացում: Մահմեդականացված հատվածի մոտ դեռեւս 20-րդ դարում պահպանվում էին հիշողություններ իրենց «հայկական անցյալի» մասին:

Չնայած լեզվական ձուլմանը, իրանալեզու դառնալուն, ակտիվ այլէթնիկ ու այլադավան միջավայրին հայկական այս խումբը պահպանեց էթնիկ ինքնագիտակցությունը: Էթնոպահպան կարեւոր դեր է ունեցել դավանական գործոնը` զուգակցված հոգեւոր եւ նյութական մշակույթի տարրերով` տոներ, հավատալիքներ, ծիսական ուտեստ:

Տարաբնույթ պատմական իրադարձությունների հետեւանքով 19-րդ դարում Այսրկովկասում թաթախոս հայեր բնակվում էին Մադրասա, Քիլվար, Խաչմաս գյուղերում: 20-րդ դարի սկզբի հակահայկական հալածանքները տարածվեցին նաեւ դրանց բնակիչների վրա: Խաչմասը գոյատեւեց մինչեւ 1918թ., իսկ Մադրասան եւ Քիլվարը շարունակեցին իրենց գոյությունը նաեւ խորհրդային տարիներին` Ադրբեջանի կազմում: 1988-89թթ. հակահայկական հալածանքների արդյունքում Ադրբեջանի 8 թաթարախոս հայերի վերջին բեկորները հարկադրված եղան լքել իրենց բազմադարյան բնակավայրերը: Քիլվարցիներն ու մադրասեցիների զգալի մասը այժմ բնակվում են Հյուսիսային Կովկասում: Հայաստանում մադրասեցիները հավաքական ապրում են Արագածոտնի մարզում իրենց հիմնած Դպրեվան (Նոր Մադրասա) գյուղում:

Հատված «Այլախոս եւ այլադավան հայեր» գրքից, Երեւան, «Հայրենիք» Ակումբ, 2008 թ.:

Հայերն այսօր ha.nt.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4