January 28, 2022

Որքա՞ն կարող է դիմանալ Հայաստանը Գազի մատակարարումը վերսկսվել է

«ՀայՌուսգազարդի» երեկ տարածած հաղորդագրության համաձայն` գազի մատակարարումը Հայաստան վերսկսվել է: Այն ընդհատվել էր ապրիլի 29-ին, այսինքն` 12 օր Հայաստանը գազ չի ստացել: Հարց է առաջանում` որքա՞ն կարող է դիմանալ Հայաստանը գազամատակարարման ընդհատմանը, ինչը մեր անկայուն տարածաշրջանում անակնկալների շարքին չի դասվում:

Ըստ «ՀայՌուսգազարդի» 2009թ. հաշվետվության` Աբովյանի գազապահեստարանում պահուստավորված է մոտ 130 մլն խմ գազ: Նախորդ տարվա համեմատ պահուստավորված գազի ծավալը ավելացել է 6%-ով, իսկ 2003 թ. համեմատ` համարյա կրկնակի: Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդի» գործունեության ամենակարևոր հաջողություններից մեկը հենց գազապահուստարանի ծավալների մեծացումն է, ինչն էապես բարձրացրել է երկրի էներգետիկ անվտանգությունը:

2009թ. Հայաստանը ներկրել է 1.8 մլն խմ գազ, որից իրացրել է 1.6 մլն-ը: Այսինքն` պահուստավորված գազը կազմում է տարեկան իրացվող գազի մոտ 8%-ը: Նկատենք, որ 2010թ. սպասվում է գազի իրացման ծավալների կրճատում` կապված ջերմաէլեկտրակայաններում ավելի արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման հետ: Առանց այդ էլ ջերմաէլեկտրակայանների կողմից գազի սպառումը 2009թ. կրճատվել է մոտ 40%-ով և կազմել է տարեկան 365 մլն խմ, այսինքն` ավելի քիչ, քան սպառումը բնակչության կողմից` 553 մլն խմ:

Գազի օրական միջին սպառումը 2009թ. կազմել է 4.4 մլն խմ, ներկայում այն 2.5-3 մլն խմ-ի սահմաններում է: Հետևաբար` միայն պահուստավորված գազի հաշվին ոչ ձմեռային սեզոնի ընթացքում Հայաստանը կարող է դիմանալ մոտ 45 օր: Չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանը հնարավորություն ունի գազ ստանալ նաև Իրանից: Հայ-իրանական գազատարը լիուլի կարող է ապահովել Հայաստանի գազի պահանջարկը, քանի որ ունի օրական 3 մլն խմ-ից ավելի թողունակություն: Այսպիսով՝ ռուսական գազի մատակարարման ավելի երկար ժամանակահատվածներով ընդհատումը պետք է որ նկատելի ազդեցություն չթողնի Հայաստանի գազատրանսպորտային համակարգի աշխատանքի վրա:

Արդյունաբերությունը 2009թ. սպառել է 260 մլն խմ գազ: Դրա կեսը բաժին է ընկնում շինանյութերի ու քիմիական արդյունաբերությանը: Եթե «ՀայՌուսգազարդը» գազամատակարարման ռեժիմային փոփոխություն իրականացնի, ապա տնտեսության հենց այս հատվածներն առաջին հերթին կտուժեն դրանից: Սակայն ընկերությունը տեղեկատվություն չի հրապարակում այն մասին, թե ինչ պաշարների դեպքում մատակարարման ինչպիսի ռեժիմներ է գործարկելու: Ուստի դժվար է գնահատել, թե գազամատակարարման երկարատև խափանման դեպքում տնտեսության վնասներն ինչպիսին կլինեն:

Սամվել Ավագյան

cdaily.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4