January 28, 2022

Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 13-ին կտոնի Հիսուս Քրիստոսի Համբարձման օրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 13-ին կտոնի Հիսուս Քրիստոսի Համբարձման օրը:

Ըստ Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի, Համբարձման տոնը նշվում է Ս.Զատիկին` Քրիստոսի Հարությանը հաջորդող 40-րդ օրը, երբ Տերն Իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը եւ համբարձվեց երկինք (Գործք Ա:9-11, Մարկ. ԺԶ:19-20, Ղուկ. ԻԴ:50-53): Նախքան համբարձվելը պատգամեց. «Գնացե’ք, աշակերտ դարձրե’ք բոլոր ազգերն, նրանց մկրտեցե’ք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28:19-20): «Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանն ամբողջ աշխարհում` Տիրոջ գործակցությամբ…» (Մարկ. 16:20): Առաքյլաներն իրենց քարոզության իշխանությունը ձեռնադրությամբ փոխանցեցին եպիսկոպոսներին, նրանք` իրենց հաջորդներին եւ այդպես շարունակ մինչեւ այսօր: Դրա համար էլ Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, իսկ հայ ժողովուրդը` Հայ Առաքելական եկեղեցու զավակ եւ առաքելական քարոզության կրող:

Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ «Վիճակ» եւ «Ջան գյուլում» (գյուլ` վարդ, ծաղիկ) անուններով: Ժողովրդական ավանդությամբ, տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն եւ պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Յոթ աղբյուրից հավաքած ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղկաթերթեր եւ աղջիկներին պատկանող իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկան հագցնում են հարսի զգեստ, վերցնում կուժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը: Նրան, ում պատկանի առաջին իրը, մոտալուտ ամուսնություն կսպասվի: Կուժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց նախապես գրված խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:

Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթի օրվանից: Սովորության համաձայն, կանայք այդ օրն անվանում են «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վառվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում եւ նահատակում է: Քարանձավը, ուր նահատակվել է Վառվառե կույսը, դեռեւս միջնադարից ուխտատեղի է: Ժողովուրդը հավատում է, որ քարանձավի պատերից մշտապես հոսող ջուրը Վառվառե կույսի արցունքներն են, որոնք բուժիչ ազդեցություն ունեն:

Ամեն տարի ավանդաբար Համբարձման տոնի օրը նշվում է նաեւ Հայրապետական Աթոռի` Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս.Էջմիածին վերադարձի հիշատակը: Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում:

nt.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4