
Քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին ձերբակալել են՝ ամենայն հավանականությամբ նրա հոր՝ Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանը պատմեց, որ սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել, առգրավել են տան բանալին, անձնագիրը, մինչև հիմա անգամ պարզ չէ՝ ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե ոչ. «Նրան ոչ միայն խոշտանգել են բերման ենթարկելիս, այլև բաժնում, և ստիպել են, որ իր վրա վերցնի Մարտի մեկի սպանություններից որևէ մեկը, սակայն երբ Ֆելիքս Գևորգյանը հրաժարվել է՝ նշելով, որ այդ գործով քաբանտարկյալ է եղել, նրան ստպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների մեղադրանքը, խոշտանգումներից հետո նա ընդունել է»:
Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալին բանտում կտտանքների են ենթարկել. «Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չէր կարողանում քայլել, այդ հետքերը ես տեսել եմ, և միջնորդություն եմ ներկայացրել փորձաքննություն իրականացնելու համար: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանանք փորձաքննության պատասխանները, և հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն »,- նշեց նա:
Փաստաբանն անհիմն համարեց այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գևորգյանը՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: «Ելնելով մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք շինծու են: Ոչ կոնկրետ օրեր են նշված ոչ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան: Օրինակ, ինչ-որ շենքի հարևանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել, Երևանի ինչ-որ խանութի հարևանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ որ կատյոլից…»,- նշում է փաստաբան Ստեփան Ոսկանյանը։
Նրա պնդմամբ՝ Ֆելիքս Գևորգյանն ընդունել է իր մեղքը միայն ծեծի և խոշտանգումներ արդյունքում, և միայն հետո պաշտպանի ներգրավումից հետո նա հրաժարվել է իր ցուցմունքներից:
Tert.am
Leave a Reply