
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, «Հիզբոլահի»` Ադրբեջանի դիվանագիտական շրջանակներին հասցեագրված հայտարարությունը պետք է շատ լուրջ ընդունել եւ քայլեր ձեռնարկել` այն կանխելու համար, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
Այսպես, ադրբեջանցի քաղաքագետ Իլգեր Մեմեդովը կարծում է, որ Իրանից ստացված ուղերձը պայմանավորված չէ Ադրբեջանի` Թեհրանի դեմ ուղղված քայլերով: «Ներկայումս նման քայլեր չեն ձեռնարկվում, սակայն փաստ է, որ Իրանի գործողությունները մեծապես կապված են Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ: Վերջին օրերս ռուսական լրատվամիջոցները հակաադրբեջանական կամպանիա են սկսել»,-նշել է քաղաքագետը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆեզաիլ Աղամալըն գտնում է, որ անհրաժեշտ է բավականաչափ լրջորեն վերաբերվել «Հըզբոլահի» հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի 4-ին գրոհելու են Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության շենքը:
«Ես այդ հայտարարությունը կարդալիս զարմացա, ափսոսանք ապրեցի եւ շատ անհանգստացա, որովհետեւ մոլլայական վարչակարգի պայմաններում էմոցիոնալ քայլերը գերիշխում են: Եթե հյուպատոսության շենքի վրա նման հարձակում կատարվի, ապա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ սկանդալ կառաջանա: Այդ պատճառով էլ խնդիրը պետք է շտապ հստակեցվի»,-ասել է պատգամավորը:
Հարցի առթիվ իր մեկնաբանությունն է տվել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Էլման Աբդուլաեւը: «Մեզ համար անվտանգության հարցը չափազանց կարեւոր է: Բոլոր դեսպանություններն ու գլխավոր հյուպատոսությունները ունեն անվտանգության ուժեղ համակարգեր»,-ասել է նա, հաղորդում է «Ենի Մուսավաթը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ «Հըզբոլահը» հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին բողոքի ակցիա է կազմակերպելու Թավրիզում գտնվող Բաքվի հյուպատոսության շենքի մոտ, այնուհետեւ գրոհելու են հյուպատոսության շենքը, այդ մասին տեղեկություն է տարածել «Հիզբոլահի» իրանական թեւի` Թավրիզի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Հոջաթուլիսլամ Ռուհուլա Բեջանին:
«Թավրիզի երիտասարդները բողոքելով սիոնիստական ուղղությամբ առաջնորդվող Ադրբեջանի հանրապետության դեմ, կասեցնելու են այդ պետության` Թավրիզի գլխավոր հյուպատոսության գործունեությունը, հանելու են աշխատողներին այդ շենքից: Իմաստուն եւ մեծ անձինք մինչ օրս կասեցրել են դա` հույս ունենալով, որ Ադրբեջանի հանրապետությունը ետ կկանգնի այդ հակաիսլամիստական գործողություններից, սակայն դա տեղի չի ունեցել»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ը հատուկ օր է Իրանի կրոնական վարչակարգի համար: 1979-ի նոյեմբերի 4-ին 3 հարյուր իրանցի ծայրահեղականներ հարձակվել էին Իրանում ԱՄՆ-ի դեսպանության վրա եւ գերի վերցրել 9 հոգու:
Leave a Reply