
Արցախում հաջողությամբ գործունեություն է իրականացնում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող առաջին ընկերությունը` «Ինստիգեյթ սիսթեմսը»: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Նշենք, որ Հայաստանյան «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի բաժնետերերի ժողովը 2011թ ապրիլի 22-ին որոշեց Արցախում ստեղծել դուստր ընկերություն։ Մայիսի 20-ին դուստր ընկերությունը ստացավ պետական գրանցում` «Ինստիգեյթ սիսթեմս» անվանումով։
«Ինստիգեյթը» մատուցում է նախագծման ծառայություններ։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Երեւանում, ունի մասնաճյուղ Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, գործընկերներ ու պատվիրատուներ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։
Նշենք, որ մինչ դուստր ընկերության հիմնումը` «Ինստիգեյթը» Ստեփանակերտում ուսումնական կենտրոն էր բացել, որտեղ Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները եւ շրջանավարտները համակարգչային ծրագրավորման եւ ինժեներական պրակտիկայի դասընթացներ են անցնում։
Նշենք, որ Արցախում, ըստ էության, գոյություն չունի ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող այլ ընկերություն։ Թերեւս այդ է պատճառներից մեկը, որ ընկերությունն աշխատում է շահույթով։
Արցախի պետական համալսարանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի 2011-2012 թվականի երկրորդ կիսամյակում ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 2-4-րդ կուրսի ուսանողների համար համակարգչային ծրագրավորման որոշ դասընթացներ կազմակերպվեն առցանց եղանակով: Որպես դասախոսներ հանդես կգան «Ինստիգեյթ» ընկերության (եւ ոչ միայն) առաջատար մասնագետները։
Leave a Reply