
2012 թ. պետական բյուջեից արտաքին պարտքի մարման նպատակով հատկացվել է մոտ 130 մլն դոլար, որից 72.3 մլն դոլարը հիմնական գումարի մարում է, իսկ 58 մլն դոլարը` տոկոսավճարներ: Այդ մասին նշված է 2012 թ. պետական բյուջեի նախագծում: Դա պետբյուջեի 2012 թ. ծախսերի 4.7 տոկոսն է:
Հիմնական մասհանումները 2012 թ. պետք է իրականացվեն Արժույթի Միջազգային հիմնադրամի Պահուստային վարկի (Stand-By Arrangement) գծով` 41.1 մլն դոլար:
2013 թ. արտաքին պարտքի մարման ծավալները էապես կաճեն եւ կհասնեն 230 մլն դոլարի (173 մլն դոլար` մայր գումարի մարում, եւ 58 մլն դոլար տոկոսավճար): Դա պայմանավորված է նրանով, որ 2013 թ. է սկսվում ռուսական վարկի (500 մլն դոլար) մարման ժամանակացույցը` տարեկան 43.5 մլն դոլար որպես մայր գումարի մարում եւ տարեկան մոտ 24 մլն դոլար տոկոսավճար:
Նշենք նաեւ, որ Stand-By Arrangement-ի մասով, Հայաստանը ստիպված կլինի 2013 թ. իրականացնել ամենամեծ մասհանումը` 97.2 մլն դոլար, սակայն այս վարկատեսակի տոկոսավճարներն այնքան էլ մեծ չեն:
Ըստ էության` 2013-ը հանդիսանում է արտաքին վարկերի մարման պիկային տարի, քանի որ հաջորդ տարվանից սկսած մարման ծավալները կրճատվում են եւ 2014 թ. կկազմեն մոտ 200 մլն դոլար, որից 142 մլն դոլարը մայր գումարի մարում:
Փաստորեն` առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին վարկի մարումների հիմնական բեռն ընկնում է հենց այդ 2 վարկերի վրա, քանի որ մյուս վարկատեսակների գծով առանձնապես խոշոր պարտավորություններ չկան: Նշենք, որ եւ ռուսական վարկը, եւ Stand-By Arrangement-ի հիմնական մասը վերցվել են հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում` 2009-10 թ.թ.: Stand-By Arrangement-ով Հայաստանը 2009 թ. ստացել է 237 մլն դոլար, իսկ համաձայնագրի ընդհանուր արժեքը 822 մլն դոլար է։ Այպիսով` Հայաստանն արդեն 2012 թ. սկսում է հակաճգնաժամային վարկերի մարումները:
Սամվել Ավագյան
News.am
Leave a Reply