
Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով, Թուրքիան օգնության խնդրանքով դիմել է 30 պետությունների, որոնք ավելի վաղ հայտնել էին օգնություն տրամադրելու ցանկության մասին: Այդ երկրների թվում են նաեւ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Եվրամիությունը եւ հարեւան Iերկրները: Թուրքիան օգնություն կընդունի նաեւ Իսրայելից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել միջազգային օգնությունբն այն երկրներից, որոնք պատրաստակամություն էին հայտնել մասնակցել աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին:
NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվա կատարած պետական այցի ընթացքում երկրաշարժի մասին լուրը ստանալուց անմիջապես հետո ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ առաջարկել օգնություն:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները: Էրդողանը շնորհակալություն էր հայտնել օգնություն առաջարկած բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին եւ Իսրայելին:
Միաժամանակ, Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Երեւանը դեռ թուրքական կողմից պաշտոնական հարցում չի ստացել: ԱԻՆ-ում նշել են, որ հարցումն ստանալիս, Թուրքիան պետք է նշի, թե կոնկրետ ինչ տեսակի աօգնություն է ակնկալում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վան նահանգում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 459-ի:
Հետցնցումները դեռ շարունակվում են:
Leave a Reply