September 18, 2021

«Նաբուկո» գազամուղ. Բաքուն հայտարարել է Մոսկվայի կարծիքով «հակառուսական» նախագծին մասնակցելու մտադրության մասին

Անցյալ ամիս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը Ստամբուլում 13-րդ Եվրասիական տնտեսական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է երկրում արդյունահանվող գազի 50 տոկոսը ուղղել «Նաբուկո» նախագծին, գազամուղ, որը սկիզբ է առնում Կենտրոնական Ասիայում:
Ադրբեջանցու այս հայտարարությունը անսպասելի էր, քանզի Բաքուն շատ երկար տատանվում էր իր մասնակցության նպատակահարմարության հարցում մի նախագծում, որը շրջանցում է Ռուսաստանը և, ըստ Մոսկվայի` հակառուսական ուղղվածություն ունի:
«Նաբուկո» նախագծի շրջանակներում նախատեսվում է շուրջ 3300 կմ երկարությամբ գազամուղի մագիստրալի կառուցել, որն սկսվելու է Թուրքմենստանից, անցնելով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով մինչև Կենտրոնական Եվրոպայի երկրներ, նախևառաջ` Գերմանիա և Ավստրիա: Նախագծի մասնակիցներից յուրաքանչյուրը 16,67 տոկոս բաժնեմաս ունի:

Ադրբեջանի կասկածները պայմանավորված էին Ռուսաստանի հանդեպ զգուշավոր քաղաքականությամբ, որը տարածաշրջանի խոշոր քաղաքական խաղացող է, որի ազդեցությունը բավականին մեծ է շատ տեղական հիմնախնդիրների, ի թիվս որոնց` ղարաբաղյանի վրա:

«Չշտապելու» ևս մեկ պատճառ էր Թուրքիայի դիրքորոշումը այս նախագծում արդեն իր մասնակցության նպատակահարմարության հարցի վերաբերյալ: Թուրքիայի ծովային և ցամաքային սահմաններին են հատվում տարբեր քաղաքական բովանդակություն ունեցող միանգամից մի քանի հեռանկարային նախագծեր:

«Նաբուկո» նախագծին աջակցում են ԱՄՆ-ը և Եվրոպան, սակայն ոչ Ռուսաստանը, այն դեպքում, երբ «Հարավային հոսք» նախագծին (Սև ծովով ռուսական և միջինասիական գազի մատակարարում Եվրոպա) աջակցում են Ռուսաստանը և Իտալիան:

Իր աշխարհագրական դիրքից օգտվելով` Թուրքիան կարող է նախընտրել այս կամ այն նախագիծը` կախված իր քաղաքական շահից:

Այս հարցը քննարկվել է դեռ հունվարին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա կատարած այցի և իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Էրդողանը Մոսկվային առաջարկել է «Հարավային հոսքի» օգտին հնարավոր որոշում ընդունելու դիմաց մեկ փաթեթում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը:

Մոսկվան չէր թաքցրել իր սպասումները, որ Անկարան կնախընտրի ռուս-իտալական նախագիծը, սակայն ոչ «ի հաշիվ հայկական գործարքի»:

Ռուսաստանի իշխանությունները հիշեցրեցին, որ Մոսկվան և Անկարան, բացի «Հարավային հոսքից», կապում են նաև այլ լայնածավալ նախագծեր`Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցումը, «Երկնագույն հոսք» գործող գազամուղը, ինչպես նաև հեռանկարային «Երկնագույն հոսք-2»-ը, որը պետք է ռուսական գազ մատակարարի մինչև Կիպրոս, Իսրայել, Լիբանան, Սիրիա:

Մոսկվայի կարծիքով` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ «մերձեցման գործոններին», այլ ոչ թե «բաժանող գործոններին»:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ բանակցություններից անմիջապես հետո հայտարարեց, որ «չպետք է մեկ փաթեթում շաղկապել ղարաբաղյան հակամարտության լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»:

Այդկերպ Պուտինն ընդդիմացել է թուրքական առաջարկին, և պատահական չէ, որ նույն օրը Երևան այցելեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Եվ հենց Մոսկվայում անհաջող բանակցություններից հետո թուրքական շրջանակներն սկսեցին ավելի շատ հակվել «Նաբուկո» նախագծի կողմը:

Թուրքիան հյուրընկալել էր 13-րդ Եվրասիական տնտեսական գագաթնաժողովը, որտեղ պարզ դարձավ, որ «Նաբուկոյի» շինարարությունն առանց ձգձգումների սկսվելու է 2011 թ.:

Այս մասին թուրքական CNBC բիզնես հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել է «Նաբուկոյի» պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզալը: Նա նաև վստահեցրել է, որ գազամուղը կաշխատի տարեկան 31 մլրդ խմ թողունակությամբ:

Դոլեզալի խոսքով` «Նաբուկոյի» շինարարության ծախսերի 70 տոկոսը կփոխհատուցեն ֆինանսական հաստատությունները, 30 տոկոսը`կոնսորցիումի մասնակիցները:

«Եվրամիությունն արդեն 200 մլն եվրո վարկ է տրամադրել»,- ասել է Դոլեզալը: «Նաբուկո» նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար:

«Նաբուկոյի» համար գազի հավանական մատակարարների թվում Դոլեզալը նշել է Թուրքմենստանը, Ադրբեջանը և Իրաքը:

Ադրբեջանի ամենամեծ ցանկությունն իր վառելիքի միջոցով Եվրոպային ինտեգրվելն է: Դրանով նա բարձրացնում է իր նշանակությունը մի շարք եվրոպական երկրների համար և երաշխավորում կայուն ֆինանսական ներհոսք:

Սակայն, մյուս կողմից էլ, Ադրբեջանի տնտեսական զարգացումը կախված է միայն վառելիքի շուկայական փոխարժեքից, և գների կտրուկ անկումը կարող է տնտեսական ճգնաժամի հանգեցնել:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, անկախ իրենից, ավելի նվազագույնի է հասցնում Հայաստանի դեմ նոր պատերազմի հնարավորությունը, քանի որ նոր միջազգային համաձայնագրերը պարտավորեցնում են նրան կայուն մատակարար լինել:

ԱՐԻՍ ՂԱԶԻՆՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից

armenianow.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4