
Եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններից ստացված տվյալների համաձայն` նախորդ 2 տարիների համեմատ` 2009թ. քաղաքական ապաստան ստանալու համար եվրոպական երկրներ մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը աճել է 43 տոկոսով:
Այս տվյալները «Ա1+»-ին հայտնեց «Մարդկային զարգացման ազգային զեկույց 2009» հեղինակային խմբի ղեկավար Վարդան Գեւորգյանը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնած «Միգրացիա եւ մարդկային զարգացում. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով զեկույցի հրապարակումից հետո:
Հիմք ընդունելով այդ տվյալները` «Ա1+»-ը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին հարցրեց` «Չե՞ք կարծում, որ 2008թ. մարտի 1-ից հետո ՀՀ-ից արտագաղթը նոր թափ է առել եւ ՀՀ-ից մեկնում են արդարության չգտնելու պատճառով»: Փոխվարչապետը նախ շատ կարճ եւ կտրուկ պատասխանեց` ոչ, իսկ հետո փորձեց հիմնավորել իր «ոչ»-ը:
«Մեր փորձագետները հստակ ներկայացրեցին արտագաղթի հիմնական շարժառիթներն ու պատճառները: Դրանք հիմնականում կապված են աշխատանքի որոնման հետ եւ մեր ազգին բնորոշ դինամիկ հատկություններով, որը պայմանավորված է մեծ սփյուռք ունենալու հանգամանքով»,- ասաց նա:
Շարունակելով իր խոսքը` Արմեն Գեւորգյանն ասաց. «Ես չեմ տիրապետում թվերի, որոնք կապացուցեն, որ մարտի 1-ից հետո արտագաղթը մեծացել է: Ընդհակառակը` վերջին տարիներին միտում է նկատվել, որ որոշ մարդիկ սկսել են վերադառնալ: Անցյալ տարի օրինակ սալդոն դրական էր: Համենայնդեպս այն թվերը չէին, որ մեզ անհանգստացնեին: Եթե վերլուծած լինեիք, կնկատեի, որ տնտեսական ճգնաժամի պատճառով, շատերը մնացին Հայաստանում, որովհետեւ ժամանակավոր աշխատանքի պատճառով չեն կարողացել գնալ Հայաստանից»:
Այսինքն, միջազգային տնտեսական ճգնաժամը կանխե՞լ է Հայաստանից արտագաղթը` այս հարցը մեզ չհաջողվեց ուղղել փոխվարչապետին: Առանց լսելու հարցը` Արմեն Գեւորգյանն ասաց. «Ես ձեր հարցին արդեն պատասխանել եմ»,- եւ հեռացավ:
Իսկ ՄԱԿ-ի գրասենյակում այսօր հրապարակված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնած «Միգրացիա եւ մարդկային զարգացում. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» զեկույցն, իսկապես մտահոգիչ է:
Ըստ զեկույցի միգրացիայի էմիգրացիայի առաջին ինտենսիվ ալիքը ՀՀ-ում սկսվել է 1991թ, եւ այսօր ՀՀ-ից արտագաղթողների թիվը հասնում 1 մլն 300 հազարի:
60 տոկոսը աշխատունակ բարձրագույն կրթություն ունեցողներ են: Վերջին տարիներին ՀՀ-ից անվերադարձ տարեկան արտագաղթում են մոտ 20 հազար մարդ: Եթե միգրանտների ընտանիքիները նրանց միանան արտերկրում, ապա ՀՀ-ից դուրս կգան 200-300 հազար մարդ: Հրապարակված զեկույցի համաձայն` ՀՀ-ի արտագաղթածների 80 տոկոսը մեկնում է ՌԴ-ն, որտեղ նրանց սպասվում ծանր եւ ցածր վարձատրվող աշխատանք:
a1plus.am
Leave a Reply