
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 5-ին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ, ազգությամբ թուրք Մեհմեդ Քափլանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի մի նախագիծ: Ինչպես «Արմենպրես»-ին Ստոկհոլմից տեղեկացրեց Եվրոպահայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, սա ընդամենը պատգամավորի անհատական նախաձեռնություն է: «Շվեդիայի խորհրդարանում նախաձեռնությունները լինում են երեք տեսակ’ անհատական, խմբային եւ կուսակցական. այս պարագայում գործ ունենք զուտ անհատական նախաձեռնության հետ, այսինքն’ Կանաչների կուսակցությունը չի հայտարարել բանաձեւ նախագծին աջակցելու մասին»,- նշեց նա:
Կ.Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ բանաձեւի նախագիծը խիստ միակողմանի է ներկայացնում ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, այնպես էլ իրերի ներկա դրությունը: Այս բանաձեւով շվեդական կառավորությանը կոչ է արվում պաշտպանել հակամարտության մեջ ադրբեջանական տեսակետները եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Դեսեւս չի որոշվել, թե արդյոք նման բանաձեւի նախագիծը կմտնի խորհրդարանի օրակարգ, թե ոչ, սակայն մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ կգործենք ըստ անհրաժեշտության»,- ասաց Կ.Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ նմանատիպ նախաձեռնությամբ 2009թ-ին Շվեդիայի խորհրդարանում հանդես էր եկել ադրբեջանամետ իր դիրքորոշմամբ հայտնի պատգամավոր Գորան Լինդբլանդը, ով այդ ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչն էր, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր եւ շատ ավելի ազդեցիկ էր, քան Մ.Քափլանը: «Նրա նախաձեռնությունը պառլամենտի կողմից մերժվեց’ պատճառաբանելով, որ արդեն իսկ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ վերջինս է զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով»,- ընդգծեց Եվրոպահայերի համագումարի նախագահը:
Կ.Հակոբյանը նաեւ ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ այս բանաձեւի նախագիծը կմերժվի, քանի որ արդեն իսկ ակնհայտ է’ շվեդ խորհրդարանականների շրջանում այն որեւէ հետաքրքրություն չի հարուցել:
Leave a Reply