November 27, 2020

Ապրիլքսանչորսյան միջոցառումների շրջանակներում Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվելու

Վրաստանի խորհրդարանի բոլոր երեք հայ պատգամավորները մինչև ապրիլի 24-ը խորհրդարանի նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին առաջարկություն են ներկայացնելու: Այսօր Panorama.am-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց Վրաստանի հայ պատգամավոր Արմեն Բայանդուրյանը:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի հայկական համայնքը կոչ էր արել նախագահ Սահակաշվիլիին և Վրաստանի խորհրդարանին քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

Բայանդուրյանն ասաց, որ ամեն տարի Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները, մտավորականները հազարավոր ստորագրություններով դիմում են երկրի ղեկավարությանը` ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով: Այս անգամ այդ հարցը առաջին անգամ Վրաստանի խորհրդարանում բարձրացնելու են հայ պատգամավորները:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Վրաստանում պետք է ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներ իրականացվեն: Նրա խոսքով, ապրիլի 24-ի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին ժողովուրդը հարգանքի տուրք կմատուցի, մոմավառություն տեղի կունենա Սբ. Գևորգ եկեղեցում և բացի այդ, Բայանդուրյանի խոսքով, կան կազմակերպություններ որոնք պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև:

Հայ պատգամավորների նախաձեռնությունից ակնկալվող հաջողությունների մասին Բայանդուրյանը դժվարացավ հստակ որևէ բան ասել. «Սպասենք դեռ, տեսնենք ինչ կլինի»:

Նկատենք, որ Վրաստանի բոլոր երեք հայ պատգամավորները Վրաստանի իշխող կուսակցության` «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչներ են` Հենզել Մկոյան, Հարություն Հովհաննիսյան և Արմեն Բայանդուրյան: Վրացական խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորներից:

Աղբյուր` Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4