January 28, 2022

Ադրբեջանցիները շատ խորամանկ բան են ասում

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ հասարակության՝ պատերազմին պատրաստ լինելու հոգեվիճակի մասին՝ ասել է, թե արտաքին վտանգը միշտ մոբիլիզացրել է մեզ։

-Ես միշտ այն տեսակետին եմ եղել, որ մենք պետք է ամեն վայրկյան ապրենք վաղը պատերազմ սկսելու դիրքորոշմամբ։ Աստված չանի՝ պատերազմ լինի, բայց վտանգը մոբիլիզացնելու է հասարակությանը, ու էլի հերոսներ ենք ունենալու, էլի ոգևորություն է լինելու, բայց պետք է պատրաստել ժողովրդին,-նշել  է նա։

Ըստ հոգեբանի՝ մենք նախ և առաջ պետք է տեղյակ լինենք ադրբեջանական խարդավանքներին։

-Իրենց հիմնական քարոզչական թեզերից մեկը հետևյալն է. «Տվե՛ք Ղարաբաղը, որ պատերազմ չլինի»։-Շատ խորամանկ բան են ասում. պարզ, բայց խարդավանք պարունակող բան։ Պետք է շատ մատչելի ու պարզ հակաքարոզչություն տանել ներսում, որ ընդհակառակը՝ եթե անգամ դու ազատագրված տարածքներն ես տալիս (ի դեպ, այդ տարածքները Սահմանադրությամբ Արցախի անբաժանելի մասն են, և «ազատագրված տարածք» եզրույթն էլ տեղին չէ), դու թուլանում ես։ Գուցե այդ պահին պատերազմ չսկսվի, բայց եթե ադրբեջանական քաղաքական էլիտան գտնում է, որ, օրինակ, Զանգեզուրն ադրբեջանական հող է, որը բաժանում է Նախիջևանը մայր Ադրբեջանից, ապա սա ենթադրում է, որ մի պատեհ առիթով գուցե մի երկու-երեք տասնամյակ հետո իրենք ուզելու են դա և կրկին փորձելու են ագրեսիայի դիմել, և եթե մենք ինչ-որ բան տալիս ենք, մենք թուլանում ենք։ Ի վերջո, զուտ ռազմական այդ նկատառումներից դուրս ամենակարևորն այն է, որ դա մեր հայրենիքն է, և մենք ոչ մի օտար հող չենք վերցրել,-նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հաղթած ժողովուրդ լինելով՝ մենք զիջումներից են խոսում (ընդ որում՝ տարբեր մակարդակներով)՝ Դավիթ Ջամալյանը պատասխանել է, որ դա մեր ամենավտանգավոր խնդիրն է։

-Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ինչպես կլինի, որ տարածք տանք, փոխարենը խաղաղություն ստանանք։ Գուցե առաջիկա մեկ-երկու տարին, բայց  մենք ադրբեջանական քաղաքական վերնախավի մեջ չենք տեսնում անգամ մի ուժ, որն ասի, թե լավ, ինչ-որ բան տվեք, կեսն էլ ձեզ մնա։ Ես առհասարակ դեմ եմ զիջումներին, որովհետև զիջելու բան, ըստ էության, չկա, և բոլորն էլ դա հասկանում են։ Ի՞նչ տրամաբանությամբ ենք Ղարաբաղի մի հատվածը տալիս, մի մասը պահում,-նշել  է նա։

Հոգեբանն այդ պահվածքը բնութագրում է ցեղասպանված ժողովրդի հոգեբանության տեսանկյունից։

Հարցին՝ իսկ պետական  քաղաքական մակարդակով զիջումների մասին հնչեցվող թեզերը, փաստորեն, ի շահ հայության չե՞ն, նա նշել է, թե խոսվում է փոխզիջումների մասին, ոչ թե զիջման, իսկ դա կարող է ենթադրել Շահումյանի խնդիր։

-Մեր կողմից փոխզիջում կարող է լինել այն, որ մենք չբարձրացնենք Շահումյանի խնդիրը։ Այ սա շատ մեծ զիջում կլինի մեր կողմից, կամ, օրինակ, եթե Արցախի ժողովուրդը որոշի Շահումյանը վերցնել ու դրա դիմաց տալ…չեմ էլ պատկերացնում՝ ինչ, որովհետև որն էլ տալիս ես, ի վերջո, մի շրջկենտրոն կրակի տակ է ընկնում,-նշել  է Դավիթ Ջամալյանը։

Նրա խոսքերով՝ պետական այրը քաղաքականության մեջ բացահայտ չի կարող խոսել և աշխարհին ասել, որ մենք ոչ մի թիզ հող չենք տալու։

-Սա մի բան է, ռեալ քաղաքականության մեջ դա կենսագործելը՝ լրիվ ուրիշ բան։ Մենք պետք է ցույց տանք, որ կոնստրուկտիվ դիրքորոշում ունենք, բայց նաև ոչինչ չենք տալիս, որովհետև փոխարենը ոչինչ չենք տենում։ Ամեն ինչ պետք է հասկանալ դիվանագիտության տրամաբանության մեջ,-նշել է նա։

Ըստ հոգեբանի՝ մեր անվտանգության միակ երաշխիքն Արցախը ներկայիս տեսքով հզորացնելն է։

-Մենք միշտ այս որակի խաղաղություն ենք ունենալու. ավելի որակյալ խաղաղություն ոչ մի թուղթ և պայմանագիր չեն տալու, որովհետև եթե սերունդ է մեծանում, որը գտնում է, որ Երևանն ադրբեջանական մշակույթի կենտրոն է, նշանակում է՝ այդ սերունդը մեզ չի տեսնում այս տարածաշրջանում։ Այս ֆոնի վրա եթե ինչ-որ բան տալիս ես, նրա ախորժակն ավելի ես գրգռում։ Մեր այսօրվա իշխանությունը հող տվող չի, որովհետև Շահումյանի խնդիր է բարձրացվում։ Մեր փոխարտգործնախարարը երեք անգամ փախստականների վերադարձի կոնտեքստում խոսել  է Շահումյանի շրջանի մասին։ Այսինքն, մենք ունենք շատ լուրջ հաղթաթղթեր,-նշել է նա։

Հեղինե Հարությունյան

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4