
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մեկ ժամ տարբերությամբ, երեկ սկսվեց եւ հետաձգվեց 2008թ. մարտի 1-ի 10 զոհերից 4-ի իրավահաջորդների բողոքների քննությունը:
Նրանք վիճարկում են Հատուկ քննչական ծառայության անգործությունը` 2 տարվա ընթացքում իրենց որդիների սպանության մասով ոչինչ չբացահայտելու համար:
Երեկ ժամը 10-ին դատարանը սկսեց մարտի 1-ի զոհերից Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը, եւ 5 րոպե հետո դատավոր Արմեն Խաչատրյանը նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 26-ը:
Մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին հայտնեց, որ զոհերի իրավահաջորդների բողոքը անհիմն է եւ դատարանին փաստաթուղթ ներկայացրեց:
Մեղադրողի փաստաթղթին ծանոթանալու համար զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը դատարանից ժամանակ խնդրեց, եւ վերջինիս միջնորդությունը բավարարվեց:
Որպես պատասխանող երեկ դատարան էր ներկայացել անձամբ Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր անգործությունը բողոքարկող հայցին. հարցին` Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը պատասխանեց. “Չեմ վերաբերվում, որովհետեւ հիմքեր չկան: Այդ բողոքը ինքն իրենով ձեւական բնույթ է կրում: Շատ պատճառներով են ձեւական բնույթ կրում: Թող բողոք բերող անձիք մտածեն այդ մասին: Բողոքում առարկայական որեւէ բան չկա, գոնե ձեւի համար”:
Փաստն այն է, որ մարտի 1-ի դեպքերից անցել 2 տարի եւ 10 սպանություններից որեւէ մեկը դեռ բացահայտված չէ: Իսկ 10 սպանություններից որեւէ մեկը մինչ օրս բացահայտված չլինելու համար Վահագն Հարությունյանը որեւէ բացատրություն չուներ:
“Ինչպե՞ս կարող է մեր բողոքը լինել անհիմն, եթե մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանություններից համար: Ես 10 զոհերից որեւէ մեկին մյուսից չեմ տարանջատում, թող գոնե մեկի սպանությունը բացահայտեին: Հենց դիմեցինք դատարան, ասում են, որ իրենք գործ են անում` բացահայտում են, իսկ մենք խանգարում ենք: Նրանք ստում են, խաբում են “,- Հարությունյանի պատասխանից զայրացած ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:
Զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը, իրավապահներից պահանջեց. “Թող բացահայտեն: Զենքերը կան, սպանողները կան: Խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար մարդ են սպանո՞ւմ: Արյունով պետություն չեն պահում, արյունով պետություն են պաշտպանում”:
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի դատավարությունը, որը երեկ սկսվեց 11.30-ին ավարտվեց դեռ չսկսված: Այդ ընթացքում 10 զոհերի հարազատների եւ դատական կարգադրիչների միջեւ փոքրիկ միջադեպ եղավ:
Մարդիկ դեռ չէին հասցրել մտնել դահլիճ, երբ նիստերի քարտուղարը հայտարարեց, թե դատավոր Գագիկ Խանդանյանը չի ներկայացել, քանի որ սեմինարի է մասնակցում:
Հանկարծակիի եկան բոլորը: 10 զոհերի հարազատներն այդ պահին հանեցին մարտի 1-ին զոհված 10 երիտասարդների լուսանկարները` շուռ տվեցին դրանք Հատուկ Քննչական ծառայության Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ուղղությամբ, բարձրաձայնեցին. “Մարտի 1-ը չի փակվել, մեղավորները պետք է պատժվեն, պատժել մարդասպաններին”:
Իսկ դատական կարգադրիչները զայրացան, սկսեցին գոռգոռալ զոհերի ծնողների վրա. “Սա դատարան է, հավաքեք ձեր պլակատները”: Պլակատներ ասելով`կարգադրիչները նկատի ունեին մարտի 1-ի զոհերի նկարները: Հրելով զոհերի հարազատներին` կարգադրիչները նրանց դուրս հանեցին նիստերի դահլիճից: “Երկու տարի է, ասում եմ ինչ հեռավորության վրայից է գնդակը եկել կպել տղայիս, ինչ արագությամբ, չեն գտնում: Քթիցս բռնած պտտացրեցին, ձեռքերն պարզեցին, թե մենք անզոր ենք, չգիտենք: Պատահական գնդակ էր, որ եկավ, կպավ երեխուս, գնաց: Ո՞վ արձակեց այդ պատահական գնդակը, ո՞վ հրաման տվեց, որ իր 7 ամսվա ծառայած զինվորին բերեն, կանգնեցնեն քաղաքի կենտրոնում: Թող բոլորն էլ գան, պատասխան տան, ի՞նչ գործ ուներ իմ երեխան քաղաքի կենտրոնում այդ ժամանակ”,- արցունքները չզսպելով` ասաց զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը:
Ի դեպ, երեկ մարտի 1-ի 10 զոհերից Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրն էր: Եթե չլիներ մարտի 1-ի սպանդը Դավիթ Պետրոսյանը կդառնար 35 տարեկան: “Այսօր դատավարությունը ձգձգելով` մտածում են, որ մարտի 1-ը կարող է մոռացվի կամ էլ անհետեւողական լինեն ծնողները: Դա չի լինելու: Չի լինելու, քանի Ռոբերտ Քոչարյանը պատասխան չի տվել իր հրամանի համար: Մայրերը քանի կան, պետք է հիշեն, տրտնջան եւ բողոքեն: Բումերանգը անտարբերներին է գնալու”,- ասաց զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը:
taregir.am
Leave a Reply