January 28, 2022

Որտե՞ղ էր Շուշիի քաղաքապետը, երբ Սէֆիլյանն ազատագրում էր Շուշին

Շուշիի ազատագրման օրվանից կամ ինչպես Ղարաբաղում են սիրում ասել` մայիսյան Եռատոնից ընդամենը 3 օր առաջ, Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը մերժել է հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սէֆիլյանին` Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում տալ:

Ավագիմյանն իր ավագանիներին հավաքել է տոն օրերից առաջ, ու իրենք իրենցով որոշել են, որ Սէֆիլյանին պետք է մերժել:

Հենց այդպես, չնայած, որ դեռ երեք ամիս առաջ մի քանի տասնյակ հայտնի ռազմական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ նման խնդրանքով նամակ էին ուղղել Շուշիի քաղաքապետին: Օհան Դուրյան, Երվանդ Մանարյան, Լեւոն Խեչոյան, Արեւշատ Ավագյան, Ռոբերտ Կարայան, Մանվել Սարգսյան, Ալեքսանդր Մանասյան, Հրանուշ Խառատյան, Կարեն Գեւորգյան, Շավարշ Վարդանյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Գինոսյան, Ալեքս Քանանյան, Դավիթ Ամալյան, Աշոտ Ադամյան, Ալեքսան Հակոբյան, Ռուբեն Հախվերդյան, Կարեն Ջանիբեկյան, Արկադի Տեր-Թադեւոսյան` Կոմանդոս. բոլոր այս մարդկանց համատեղ խնդրանքն ու հորդորը, ըստ ամենայնի, բավարար համոզիչ չէին Շուշիի քաղաքապետի համար, ով շուրջ երեքամսյա լռությունից հետո Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, ազատամարտիկ Աղավնի Սահակյանին բանավոր փոխանցել է, թե պատասխան նամակները պատրաստ են եւ շուտով փոստով կուղարկվեն հասցեատերերին: Իսկ նամակի բովանդակության առումով էլ Շուշիի քաղաքապետը ոչ ավել-ոչ պակաս հայտարարել է, թե օրենքով նախատեսված չէ, որ Սէֆիլյանը իրավունք ունենա կրելու այդ երկրի քաղաքացու պատվավոր կոչումը: Հենց այդպես` նախատեսված չէ: Քանի որ Շուշիի քաղաքապետը նման «ծանր» բեռ էր վերցրել իր ուսերին` մերժելով հայտնի ազատամարտիկին, ուստի երեկ մենք բավականին երկար հարցուփորձ արեցինք ղարաբաղցի ազատամարտիկների շրջանում` Շուշիի ներկայիս քաղաքապետի ով լինելու մասին, սակայն ազատամարտիկներից եւ ոչ մեկը այդպես էլ չկարողացավ «տեղը բերել» Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանին: Միակ բանը, ինչ ազատամարտիկները մտաբերեցին` այն էր, որ արդեն պատկառելի տարիքի այդ անձնավորությունը (ով մոտ 50 տարեկան է) որեւէ առնչություն չունի Արցախյան պատերազմի հետ, եւ հայտնի էլ չէ, թե այդ տարիներին Ավագիմյանը ուր էր եւ ինչով էր զբաղված:

Մի խոսքով, այն ժամանակ, երբ Ժիրայր Սէֆիլյանն ազատագրում էր Շուշին, Շուշիի ներկայիս քաղաքապետի տեղը քչերին էր հայտնի: Բայց դա կարեւոր չէ երեւի, քանի որ այսօր արդեն Ավագիմյանի գտնվելու վայրն այնքան հայտնի է, որ նա անգամ կարող է Շուշին ազատագրած մարդուն` Շուշիի քաղաքացի կոչմանն արժանանալու խնդրանքը մերժել: Թեեւ այս ամենն արդեն բավարար էր` կատարվածի մասին լիակատար պատկերացում կազմելու համար, այդուամենայնիվ, երեկ մենք զրուցեցինք Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանի հետ եւ փորձեցինք պարզել, թե ի՞նչ հիմնավորմամբ են Արցախյան պատերազմի հերոսին մերժել:

– Պարոն Ավագիմյան, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ հիմնավորմամբ եք մերժել Ժիրայր Սէֆիլյանին` Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում տալ:

– Մենք նամակով պատասխանել ենք, նամակը կստանաք, այնտեղ ամեն ինչ կա գրված: Այնտեղ ամեն ինչ բացատրած է:

– Պարոն Ավագիմյան, որքան գիտեմ, կան մարդիկ, որ ԼՂՀ քաղաքացի չեն, բայց նրանց համար բացառություն է արվել եւ քաղաքացիություն է շնորհվել` իրենց արժանիքների համար:

– Մեր կանոնակարգով, ասենք` ռազմական գործիչների համար չի նախատեսված: Դա մշակույթի ասպարեզում, տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար են տալիս: Կանոնակարգը նամակի հետ կցված կուղարկենք:

– Պարոն Ավագիմյան, բայց Ժիրայր Սէֆիլյանն, ի վերջո, Շուշին ազատագրողներից մեկն է, նրա համար մի՞թե հնարավոր չէր բացառություն անել:

– Շուշին ազատագրողները 2500-ից ավել են, բոլորին տա՞նք պատվավոր քաղաքացի: Ես չեմ ժխտում Ժիրայր Սէֆիլյանի արժանիքները եւ կատարած աշխատանքը: Բոլորս էլ դա գնահատում ենք: Բայց Շուշիի ազատագրմանը 2500-ից ավելի մարդ ա մասնակցել:

– Բայց պատահականությո՞ւն էր, որ հենց մայիսի 9-ի շեմին եք մերժել հայտնի ազատամարտիկին:

– Չէ, իհարկե, պատահականություն է, ավագանու նիստերը հրավիրվում են երկու ամիսը մեկ:

– Պարոն Ավագիմյան, իսկ կա՞ն մարդիկ, որ Շուշիի պատվավոր քաղաքացիներ են:

– Այո, երեք-չորս հոգի:

– Անուններ կարո՞ղ եք նշել:

– Ռալֆ Երիկյանը, Զաքար Քեշիշյանը: Այդ երկուսն եմ հիշում:

– Պարոն Ավագիմյան, իսկ կասեք, դուք որտե՞ղ էիք աշխատում պատերազմի ժամանակ եւ ի՞նչ էիք անում մասնավորապես 1992 թվականին:

– Դա արդեն մի եքա հարցազրույց եղավ, դուք ասացիք երկու հարց, բայց դա արդեն մեծ հարցազրույց ա:

– Լավ, կասե՞ք 1992-ին ի՞նչ էիք անում:

– …, – այստեղ արդեն հստակ չի լսվում, թե ինչ է ասում Շուշիի քաղաքապետը, ով հետո ուղղակի դրեց լսափողը:

zhamanak.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4