September 30, 2022

Ժիրայր Սեֆիլյան. Շուշիում ունեցած մեր հաջողությունն այժմ պետք է ամրագրել թիկունքում

«Շուշիի ազատագրմամբ լուծվեց Արցախում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման վտանգի վերացման, ինչպես նաեւ Հայաստանի հետ ցամաքային ճանապարհով միացած լինելու նրանց սպասումների հարցը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Նրա խոսքով, Շուշին ազատագրելով՝ հայ ժողովուրդը մեծ ոգեւորություն ապրեց, ինչն էլ ապագայում անշուշտ կտա իր դրական արդյունքները:

«Շուշիի ազատագրմամբ նաեւ սկիզբ դրվեց թշնամու ընկճմանը, ինչը պատերազմներ հաղթելու համար շատ կարեւոր հանգամանք է»,- նշեց ազատամարտիկը՝ հավելելով, որ թեպետ այսօր հայ ժողովրդի ոգին զգալիորեն նվազել է, սակայն չի վերացել: «Ուստի բոլորիս մտահոգությունը մեկը պետք է լինի՝ ինչպես վերականգնել այն։ Դրա համար մեր երկրում պետք է բարոյական նիստուկաց, արդարություն , կեղեքումների բացառում հաստատվի, պետք է դադարեն ապօրինի ձերբակալությունները, ոստիկանությունում մարդկանց խոշտանգումները եւ սպանությունները»,- ընդգծեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ Շուշին ազատագրելու օրերին անհավանական կթվար մտածել, որ մի օր ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներից շատերը կհայտնվեն բանտերում։

Անդրադառնալով օրեր առաջ դաշնակցական ազատամարտիկ Իգոր Սարգսյանի արած այն հատարարությանը, թե 1992-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խոհեմ ու խելացի չգտնվեց, եւ հայկական բանակը չմտավ նաեւ Նախիջեւան, Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ 88 թվականից սկսած մենք Նախիջեւանը հետ վերցնելու հնարավորություններ ունեցել ենք, սակայն դրա մասին «լոզունգային ձեւով» հայտարարելը ճիշտ չէ։

«Նախիջեւանի՝ Հայաստանին միացումն այն ժամանակ էլ, այսօր էլ կենսական նշանակության հարց է, քանի որ ես չեմ տեսնում Հայաստանի զարգացումն առանց Նախիջեւանի։ Այնպես որ, պետք է ներքին իմաստով ուժեղ պետություն լինել, այլապես միայն հոխորտանքները անիմաստ բարբաջանքներ են»,- նշեց Սեֆիլյանը։

Ամփոփելով՝ նախկին ազատամարտիկն ընդգծեց, որ «Շուշիում ունեցած մեր հաջողությունն այժմ պետք է ամրագրել թիկունքում, քանի որ հայ ժողովրդի առջեւ եղած արհավիրքը դրսից չէ, այլ մեր ներսից»:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4