December 8, 2022

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ին տարած հաղթանակների կապակցությամբ

Թանկագին հայրենակիցներ,

20-րդ դարում հայ ժողովրդի տարած փառահեղ հաղթանակներից երկուսը տեղի են ունեցել մայիսի 9-ին: Եթե դարասկզբին արնաքամ եղած մեր ժողովուրդը Սարդարապատում դիմադրեց իր վերջին ուժերի գերլարումով’ վերջնական կործանման եւ ոչնչացման սպառնալիքի ներքո, ապա 65 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը ոչ միայն ցուցաբերեց անձնազոհություն և զանգվածային հերոսություն, այլև հաղթահարեց իր ներսում հարյուրամյակների ընթացքում արմատներ գցած հալածվածի եւ թույլի, պետականություն չընդունողի եւ իր եսի կամ իր ընտանիքի պատերի ներքո ծվարած անտարբերության, սեփական ուժերի հանդեպ թերահավատության բարդույթը’ հաղթեց ինքն իրեն: Երկուսուկես միլիոնանոց սովետահայությունը շուրջ 650.000 քաջարի զինվորներ տվեց ռազմաճակատին: Պատմության մեջ Հայաստանը նվաճած որեւէ բանակ նման թվակազմ չի ունեցել: Ընդ որում, 1000 շնչին բաժին ընկնող բարձրագույն սպայական կազմի, հերոսի կոչում ստացած մարտիկների թվով հայերը Խորհրդային Միության մյուս ազգերի շարքում առաջինն էին: Սրանք որակներ են, որոնք մեզանում ոչ թե սնափառություն, այլ պատասխանատվության խորը զգացում պետք է առաջացնեն: Պատասխանատվություն’ 18 տարի առաջ մեկ այլ’ Արցախյան հերոսամարտում մեր տարած հաղթանակի արդյունքներին տեր կանգնելու հարցում: Շուշիի ազատագրումը հայկական ոգու եւս մեկ փայլատակում էր եւ մեր Մեծ անցավորները այդ օրը մերօրյա հերոսների հետ մեկտեղ կռեցին հաղթանակը:

Մայիսի 9-ը 20-րդ դարում երկու անգամ դարձավ հայ ժողովրդի աստեղային ժամը: Ցանկանանք բոլորիս, որ 21-րդ դարում, հաղթահարելով մեզանում այս օրերին գոյություն ունեցող անմիաբանությունը եւ փոխադարձ անհանդուրժողականությունը, ոչ միայն ամրագրենք ու հավերժացնենք մեր հաղթանակները, այլեւ ճանապարհ հարթենք դեպի նորանոր հաջողություններ:

«ժառանգություն» կուսակցություն

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4