January 28, 2022

«Պետք է ջնջել Ռոբերտ Քոչարյանին»

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանն այսօր «Ա1+» վստահեցրեց, որ 1992թ. այնպիսի իրավիճակ էր, որ ՀՀ Առաջին Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել որեւէ մարտական գործողության:

Խոսքն առաջին հերթին Շուշիի ազատագրման մասին է: Յուրաքանչյուր տարի, մայիսի 9-ից առաջ շրջանառության մեջ են դրվում այն լուրերը, թե ՀՀ առաջին նախագահը Շուշիի ազատագրման օրը ՀՀ-ում չէր եւ ընդհանրապես Շուշիի ազատագրումը նրա համար անակնկալ էր:

1992թ. մայիսի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով գտնվում էր Իրանում, եւ, ըստ Շիրխանյանի, դա Տեր-Պետրոսյանի կողմից դիվանագիտական եւ խոհեմ քայլ էր: Ավելի մանրամասն Շիրխանյանն այսօր հրաժարվեց խոսել` նշելով, որ ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսի անձամբ Տեր-Պետրոսյանը:

Շիրխանյանն անդրադարձավ վերջերս ՀՅԴ-ականներից մեկի այն հայտարարությանը, թե. «Եթե Լեւոնը խելք ունենար, Նախիջեւանը կգրավեր»:

Ըստ Շիրխանյանի` խելք ունեցողը կհասկանար, որ բոլորովին տարբեր բաներ են, երբ պետությունն է մտնում Նախիջեւան, եւ երբ անկառավարելի ջոկատն է մտնում տվյալ տարածք. «Այնտեղ բոլորովին մարդ չէր մնացել: Անկառավարելի ջոկատը կարող էր մտնել: Եթե պետությունը դա աներ, անմարսելի էր լինելու ՀՀ-ի համար»:

Փոխարենը Շիրխանյանն առաջարկում է Ռոբերտ Քոչարյանի անունն ընդհանրապես հանել ՀՀ նախագահների ցուցակից, ինչպես վարվեց Ղրղզստանը:

«Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որն այս երկրին հասցրել է անվերականգնելի վնաս: Պետք է ջնջել Ռոբերտ Քոչարյանին»,- «Ա1+»-ին ասաց պարոն Շիրխանյանը:

Ի դեպ, վերջինս հայտնեց, որ չի տեսել Քոչարյանի աֆրիկյան որսորդության լուսանկարները. «Ես ինձ խնայում եմ չեմ նայում: Ես չեմ հասկանում` ինչո՞ւ են թույլ տվել այդ կենդանիների որսը: Իր սովորության համաձայն` Քոչարյանը միշտ օրենքից դուրս է: Կարծում եմ այդ որսն էլ է անօրինական»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Շիրխանյանն ուրախ է, որ արձանագրությունները գոնե կասեցվեցին: Նա գտնում է, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ ոչ թե հարաբերությունների, այլ հակամարտության հարց պետք է քննարկվի: Նրա կարծիքով` Հայաստանը Թուրքիայի հետ հակամարտության մեջ է, որ Օսմանյան կայսրությունից սկսած, իսկ 1988թ. Թուրքիան բացահայտ մասնակցեց հայ-ադրբեջանական հակամարտությանը` ֆինանսապես, գեներալներով, զենքով եւ իրականացրեց ՀՀ-ի շրջափակումը:
Նախկին փոխնախարարը գտնում է, որ միջազգային հանրությունը ԼՂ հակամարտության հարցում Թուրքիային պետք է ճանաչի որպես կողմ:

«Եթե մենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարց ենք դնում մենք պետք է ասենք` հանում ես զորքերդ Նախիջեւանից, ճանաչում ես Հայոց ցեղասպանությունը, ընդունում ես, որ հայությանը հայրենազրկել ես, հանում ես քո զորքերը Կիպրոսից, կարգավորում ես հարբերություններդ Իրաքյան քրդստանի հետ: Միայն դրանից հետո մենք կարող ենք հավատալ թուրքերին: Նրանք մի բան ասում են, մեկ ուրիշ բան անում են»,-ասաց Վահան Շիրխանյանը:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4