January 28, 2022

«ՄԵՐ ԱՎԱՐԱՅՐՆ ՈՒ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ»

Վարդան Մալխասյանը հավատում է, որ ժողովուրդը հաղթելու է

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանն «Առավոտի» հետ զրույցում վերհիշելով երեք տարվա վաղեմության դեպքերը, երբ ինքն ու Ժիրայր Սեֆիլյանը բանտախցից ողջունեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն՝ դրական բնութագրելով համաժողովրդական շարժման կայացումը, այսօր էլ համոզված է, որ ճիշտը ՀԱԿ-ի շուրջ համախմբվելն է՝ հետագա հաջողությունների համար: Միաժամանակ, ցավագին չի ընդունում այլ նախաձեռնությունների ստեղծումը, քանի որ վստահ է՝ օրհասական պահին, միեւնույն է, միավորվելու են: Ըստ նրա, պետականությունը ետ բերելու համար պայքարը, ժողովրդից գողացված արժանապատվությունը ետ բերելու պայքարը ոչնչով չի զիջում ոչ սարդարապատյան, ոչ էլ արցախյան հերոսամարտերին: Մարդը, ով ժամանակին ինքն էր արագ լուծումների կողմնակից, այսօր գտնում է, որ քաղաքական իրավիճակներ կան, որտեղ շտապելն ու առաջ ընկնելը գործին հաջողություն չեն բերելու: Հետեւաբար, բոլոր այն մարդկանց, ովքեր դժգոհ են ՀԱԿ-ի մարտավարությունից, հիշեցնում է բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդի՝ Լենինի խոսքերը. «Հոկտեմբերի 26-ին շուտ է, 28-ին՝ ուշ»: Ըստ նրա, այս պայքարում պետք է ունենաս ճիշտ պահին հարվածներն ընդունելու եւ ճիշտ պահին դրանց հակադարձելու ունակություն. «Ժողովուրդը 12 տարի այս անազգ, անհայրենիք թափթփուկներից հարվածներ է ընդունում: Մոտենում է այն պահը, որ մենք պիտի վերջնական հարվածը հասցնենք եւ Հայաստանն ազատագրենք այս խավարի, չարիքի իշխանությունից: Լեւոն Տեր-Պետրոսյանը խորիմաստ գործիչ է, եւ ես համաձայն չեմ այն տեսակետներին, որ նա նահանջի ուղի է բռնել: Նա չի նահանջելու, ես համոզված եմ: Շատ շուտով, կարծում եմ, համաժողովրդական շարժումը նոր լիցք է ձեռք բերելու եւ գնալու է շատ ռադիկալ, հեղափոխական ուղղություններով եւ անպայման հաղթանակի է հասնելու»:
Անդրադառնալով ԼՂՀ հարցում հնարավոր մոտալուտ լուծումներին՝ մեր զրուցակիցը նկատում է, որ «մեր ժողովրդի հետ մազաչափ կապ չունեցող այս հակահայ կլանը», իշխանության գալու առաջին իսկ օրվանից, Ղարաբաղը հանձնելու ծրագիր ունեցել է. «Դրա համար իրենց քարոզչությամբ, քաղաքականությամբ, մարտավարությամբ ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովրդի եւ բանակի բարձր հրամանատարական կազմի մեջ խուճապային, պարտվողական տրամադրություններ սերմանեն: Սրանց հայտարարությունները միշտ պարտվողական են եղել դեռ Քի-Ուեսթից սկսած. Քոչարյանը ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Սերժը՝ Ադրբեջանինը, Մեղրիի, Աղդամի մասին են խոսել, անընդհատ մտքեր են դրել շրջանառության մեջ մեկ նպատակով՝ մեր ժողովրդին վարժեցնել հարցի նման լուծման հեռանկարի հավանական լինելու հետ: Բայց անհնար է, նման պարտվողական լուծումները պատերազմի կհանգեցնեն: Միայն իրենց ցանկությունը շատ քիչ է: Իրենք ամեն ինչ ուզում են ծածուկ անել, չի ստացվի, իրենք մեր ժողովրդից կտրված են, հետեւաբար՝ պարտված, իսկ ներսում պարտված ղեկավարը չի կարող արտաքին ճակատում հաջողություն ունենալ»: Վերհիշելով Դեր-Զորում Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նաեւ խոսվում էր այն մասին, թե ԼՂՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու դեպքում հայկական կողմը պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները, Վարդան Մալխասյանը բավականին լուրջ մտավախություններ ունի. «Ես հավանական համարում եմ, որ Թուրքիայի ճնշման տակ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը ու պահանջի տարածքները, իսկ այդ դեպքում միայն տարածքները չեն վերցնում՝ այլ Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ, կմիանան՝ Թուրանական պետություն կսարքեն: Ես վախենում եմ, որ այդ օրը կգա, եւ Սերժի հայտարարությունը թուրքերը կխփեն հենց իր ճակատին: Ցավն այն է, որ բարոյահոգեբանական առումով Ղարաբաղն արդեն իսկ հանձնված է: Ազատագրված տարածքներում այդպես էլ սրանք պետական մակարդակով բնակեցում չկազմակերպեցին: Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատում էինք, այդ ժամանակ ես Դաշնակցության մեջ էի, բայց այն ժամանակ 22-24 հազար մարդ էր այնտեղ բնակվում: Հիմա 3-4 հազար մարդ է մնացել: Սերժը Սիրիայում ունեցած իր ելույթում ասաց, թե ինչու չեն բնակեցրել՝ որ վերադարձնեն»:
Մի բան մեր զրուցակիցը հաստատ գիտի՝ ինչքան էլ մեր թշնամիները մեր ժողովրդին հարստահարել, կեղեքել, ճորտացրել ու շահագործել են՝ ոգին կոտրել չեն կարողացել. «Նույնն էլ այսօր է. այդ ոգին պայթելու է եւ բոլորին պայթեցնելու է: Ինչքան կեղծ հայրենասերներ, կեղծ ազգայնականներ, կեղծ ազգապաշտներ ու ժողովրդին մոլորեցնողներ կան՝ բոլորին դուրս ենք թափելու Հայաստանից»: Այս որակումներն արդյոք նաեւ Դաշնակցությա՞նն են վերաբերվում՝ «Առավոտի» դիտարկմանը պարոն Մալխասյանն այսպես արձագանքեց. «Այո, դաշնակցականներն ինչ անում են, կեղծ է, կիսատ: Կիսատը շատ վտանգավոր է: Բացարձակ սուտն ավելի լավ է, քան կիսաճշմարտությունը: Դեմ լինելով՝ կողմ են, կողմ լինելով՝ դեմ են, քննադատում են, բայց հրաժարական չեն պահանջում… սրանք իմիտացիոն, թվացյալ ազգայնականներ են: Նժդեհը լավ խոսք ունի՝ «Ակնհայտ թշնամին ավելի լավ է, քան կեղծ հայրենապաշտը»: Նրանք մոլորեցնում են մարդկանց»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ այսօրվա հանրապետականներին Վարդան Մալխասյանը նժդեհական համարո՞ւմ է: «Ոչ: Ավելին, սրանք Նժդեհի հակառակորդներն են, նույնիսկ չեն էլ կարող մերձենալ Նժդեհի գաղափարներին, որովհետեւ այդ գաղափարախոսության դեմ են գործում: Նժդեհը Հայաստանից հեռանալիս իր հետ վերցրել է Արաքսի հայկական ափին իր զինվորների խփած վագրի մորթին, Սյունյաց անպարտելի դրոշը, Զավալ փաշայի դաշույնը եւ մի վառարան. էս է եղել Նժդեհի ողջ ունեցվածքը: Իսկ սրանց նայեք՝ թե ինչեր են անում, ժողովրդին տրորելով են արդեն անցնում: Ի՞նչ Նժդեհ, սրանք խայտառակություն են»:

aravot.am

photo by  google.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4