June 28, 2022

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրության օրվա առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Հայրապետական ուղերձում ասվում է.

Սիրելի ժողովուրդ հայոց,

Ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս ողջույն ենք հղում ձեզ բերկրաշատ հոգով և շնորհավորում լուսավոր ու պայծառ երկու տոների` Հաղթանակի և խաղաղության և Շուշիի ազատագրության օրվա կապակցությամբ:

Այս տարի տոնախմբում ենք 65-րդ հոբելյանական տարեդարձը ժողովուրդների մեծ հաղթանակի, որով վերջ դրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմին: Մայիսի 9-ին խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով հոգիները նաև մեր ժողովրդի զավակների, ովքեր հերոսական մասնակցություն են ունեցել ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում: Աշխարհասփյուռ մեր ժողովուրդը այդ մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում, տարբեր երկրների ազատագրության համար մղվող պայքարում պաշտպանում էր նաև խաղաղությունն ու ազատությունը Հայաստանի` համայն հայության Հայրենիքի: Արդարև, հայրենական պատերազմ էր նաև համայն հայության համար:

Այսօր վերստին անդրադառնալով մարդկությանը մեծագույն զոհեր ու զոհողություններ պատճառած պատերազմի դեպքերին ու իրադարձություններին, հիշում ենք նաև պանծալի ուղին հայկական դիվիզիաների, ռազմական տաղանդն ու հաղթանակները հայ զորահրամանատարների, քաջությունն ու սխրանքը հայ զինվորների, պարտիզանական ջոկատներում, դիմադրության շարժումներում ներգրավված հայազն անձնվեր դուստրերի և ուստրերի: Հիշում ենք գյուղերում և քաղաքներում մեր ժողովրդի հոգնաբեկ աշխատանքն ու նվիրումը, որոնց արդյունքներով հնարավոր դարձան ռազմական հաղթանակները:

Դժվարին ու հերոսական այդ օրերի անմոռանալի հիշատակներից են սփյուռքահայության նախանձախնդիր արձագանքը Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին և դրամահավաքը, որով արագորեն կազմավորված տանկային զորասյուները մարտերի մեջ մտան ռազմաճակատների առաջին գծում: Փոքրաթիվ մեր ժողովուրդը իր բոլոր ուժերով մեծ մասնակցություն բերեց պատերազմին և մեծ կորուստներ կրեց` հանուն մեր Հայրենիքի ազատ կյանքի, հանուն խաղաղ ու բարօր աշխարհի:

Հայրենասիրության և անվեհեր ոգու այսպիսի օրինակներով ծնունդ առավ և հաղթանակեց Արցախի ազատամարտը: Արցախի ազատագրության հույսը երբեք չի մարել մեր ժողովրդի հոգում, նաև` այն տարիներին, երբ արցախցի բազմահաղթ զորավարները, քաջարի սպաներն ու զինվորները մարտնչում էին Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում: Աստվածօրհնյալ այդ հույսով լուսավորվեց Շուշիի ազատագրության առավոտը, և այսօր, գոհություն Աստծուն, հավատավոր մեր ժողովուրդը իր խաղաղ կյանքի հաղթանակներն է կերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մեր ժողովրդի միասնական ջանքերով վերակառուցվում է նաև Շուշին` Արցախի ավանդաշատ մայրաքաղաքը, միշտ նույն անխախտ հավատով, որ համընդհանուր ճանաչում պիտի գտնի արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքը:

Մենք աղոթում ենք, որ բոլոր երկրներն ու ժողովուրդները այսօր ամրանան կամքի մեջ` ջանքեր բերելու աշխարհում խաղաղության հաստատման, համագործակցության զորացման և բարօր կյանքի կերտման ուղղությամբ:

Բարձրյալի օրհնությունն ենք հայցում աշխարհին և մեր ժողովրդին, որպեսզի բարի արդյունավորմամբ իրագործվեն մեր նպատակները` ի սեր հայրենի երկրի բարգավաճումի, ամենուր ապահով ու բարօր կյանքի, հավատքով պայծառ, գիտությամբ ու մշակույթով ծաղկուն մեր ներկայի ու գալիքի:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4