September 25, 2023

‎ “Չկրկնել 1921թ.-ի սխալը” -Եվրոպայի Հայերի Համագումարի Նախագահ Կարո Հակոբյանի հարցազրույցը .Հունաստանում հրատարակվող «Հայաստան» շաբաթաթերթի հետ:

Հարգելի պարոն Հակոբյան, Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ՝ նկատում ենք իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մեղմացում, այսպես ասած ավելի կիրթ և հանդուրժող հարաբերություններ ու մոտեցումներ: Ի՞նչպես եք գնահատում այս շրջադարձը:

‎ – Յուրաքանչյուր քաղաքական գործընթաց և փոփոխություն, որ երկրում նվազեցնի ‎լարվածությունն ու առճակատումները, բնականաբար, նպաստելու է երկրի ‎կայունությանը, ուստի և ողջունելի է:‎

‎- Ի՞նչ է պատահել: Ինչո՞վ է պայմանավորված հարաբերությունների այս շրջադարձը, որ մարտիմեկյան դեպքերի, բանտարկությունների և շուրջ երեք տարի լարվածությունից հետո, ‎‎առանց ուղղակի բանակցությունների, ինչպես հաստատել են կողմերը, որոշել են մեղմացնել մոտեցումները: ՀԱԿ-ի առաջնորդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա պայմանավորում է մի քանի ‎‎ազդակի, այդ շարքում՝ արաբական երկրներում ծավալված հակապետական ցույցերի, Ադրբեջանի սպառազինման, տնտեսական տագնապի և այլնի հետ:

‎- Պարզ է, որ միջնորդված բանակցություններ է կայացել: Դա ամենևին էլ ‎‎անբնական և զարմանալի գործընթաց չէ: Իսկ նշված գործոնները առանձին, և եթե կուզեք նույնիսկ միասին, բնականաբար, կարող ‎‎էին ազդել, սակայն չէին կարող հիշատակված փոփոխությունների պատճառ հանդիսանալ, ‎‎եթե բացակայեր միջնորդող կողմերի դերակատարությունը:‎

‎- Ի՞նչն է մղել միջորդող կոմերին, թողնելով շուրջ մեկ տասնյակ լուրջ տագնապներ` Հյուսիսային ‎‎Աֆրիկայից Միջին Արևելք, Եմենից Աֆղանիստան ու Պակիստան, լծվեն Հայաստանի ընդդիմությանն ու իշխանությանը հաշտեցնելու գործին, շուրջ երեք տարի անտեսումից հետո, ‎‎արևմտյան դիվանագետները հերթական հանդիպումներ են կազմակերպում ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, իսկ ՀԱԿ-ից ոմանք հրավիվում են Մոսկվա:

‎- Կարևոր ու բանալի հարցադրում եք կատարում: Պետք է նկատի առնել մի քանի ‎կարևոր հանգամանք: Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններից հետո, ‎միջնորդ կողմերը ենթադրում են, որ Հայաստանը ունակ է ցանկացած փաստաթղթի ‎տակ ստորագրելու: Կովկասի և տարածաշրջանի նկատմամբ, միջնորդ կողմերի ‎շահագրգռվածությունները, իհարկե, տարբեր են, երբեմն անհամատեղելի, շատ ‎‎անգամ մրցակցող: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) մի քանի ‎շահագրգռվածություններ, տարածաշրջանի նավթագազային պաշարների հետ ‎համատեղ, պատճառ են հանդիսացել, որ առկա մեծ շահերը եզրեր գտնեն: Արցախի ‎հարցով հայ-ադրբեջանական հակադրվածությունը տարածաշրջանը շարունակաբար ‎պահում է լարված: Նավթարտադրող Ադրբեջանը, իր հերթին ճնշում է բանեցնում ‎շահագրգիռ կողմերի վրա: Միջնորդ կողմերը գիտակցելով, որ հայկական որևէ ուժ, ‎միայնակը, Արցախի հարցով չի կարող մեծ զիջումների գնալ ու նաև գիտակցելով, որ ‎թե° հայ-թուրքական և թե° հայ-ազերիական առնչությունների նկատմամբ ՀՀ ‎իշխանության և ՀԱԿ-ի կեցվածքները մեծ մասամբ համընկնում են, փորձում են ‎նրանց հաշտեցնել` փաստորեն համատեղել: Դրանով է պայմանավորված ‎հայաստանյան հակադիր ուժերի նկատմամբ միջնորդող կողմերի վերաբերման ‎‎փոփոխությունն ու անբացատրելի ուշադրությունը: Իհարկե, ինչպես նշեցի, ‎‎ հայկական կողմերի մոտ նաև, անկասկած, առկա է լարվածությունը մեղմացնելու ‎ցանկությունը, ինչը կարող է դրական հետևանքներ ունենալ երկրի համար:‎

‎- Իր վերջին համարում ամերիկյան The New York Times-ը գրել է. «խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր ‎‎ադրբեջանցիներին հնարավորություն կտա վերադառնալ իրենց բնակավայրեր, եւ այս հարցում Հայաստանի նախագահը պետք է համոզի իր ժողովրդին, որ այդ տարածքներում ապրող էթնիկ հայերը վտանգի չեն ենթարկվելու»: Իսկ ՀՀ արտգործնախարարության գերատեսչության հայտարարությունը հաստատում է, որ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ հայկական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը: ՀՀ արտգործնախարարությունը ինչպե՞ս է համաձայնություններ տալիս նման գերխնդիրների նկատմամբ, երբ հանրությունը, բացի հանդիպումների թվականից և վայրից  ալ բան չգիտի և անտեղյակ է համաձայնություների բովանդակության մասին:

‎- Բանակցային գործընթացների, մինչև որոշակի փուլ, խորհրդապահորեն ‎շարունակվելու երևույթը հասկանալի է, բայց դրանք չեն կարող շարունակվել, եթե ‎քննարկման և հավանության չարժանանան ժողովրդի մեծամասնության կողմից: ‎Հակառակ պարագայում կարող է պատահել այն ինչ-որ պատահել է բազմիցս և ‎պատահեց նաև Պաղեստինում: Վերնախավը, չի կարող անվերջ չարաշահել իր ‎նկատմամբ տածված վստահությունը: Բանակցային գործընթացների ‎ձախողման գլխավոր պատճառը, նրան հաջորդող ցավալի դեպքերը` ժողովրդի ‎կողմից տրված կրեդիտի չարաշահման պատճառով է տեղի ունենում: Միջնորդող ‎տերությունները, երբեմն պահանջում և պարտադրում են գործընթացներ, որ եթե ‎իրենք իրենց երկրներում նույնը կատարեին, անմիջապես կտապալվեին:‎

‎-Տեսակետ կա, որ ԱՄՆ և Իսրայելը փորձում են տարածաշրջանում Ադրբեջանին, Թուրքիայից ‎‎անկախ, առանձնահատուկ դերակատարություն շնորհել, զսպելով նաև Թուքիայի նոր՝ Օսմանյան, ախորժակները: Մյուս կողմից, Թուրքիան փորձում է մոտենալ Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը սիրաշահում է Թուրքիային: Նշված զարգացումները ուր կարող են տանել և ի՞նչ ‎‎անդրադարձ կարող են ունենալ Հայաստանի վրա:

‎- Ադրբեջանին առանձնահատուկ դերակատարություն վերապահելու ցանկացած ‎ծրագիր, որ խախտի շրջանային հավասարակշռությունը կարող է լրջորեն սպառնալ ‎հայկական շահերը: Սակայն, ուշադրությամբ հետևելով հանդերձ, չպետք է ‎չափազանցել այս մասին: Ադրբեջանի նկատմամբ նշված պարագան հիմնականում ‎պայմանավորված է, տարածաշրջանային այլ հակասությունների հետ, որի կորիզն է ‎հանդիսանում , Իրան-արևմուտք առճակատումը, որից շահեր է փորձում կորզել ‎‎Բաքուն: Գալով Թուրքիայի հարցին, իհարկե, Ռուսաստանի իշխող վարչակազմն ‎‎աներևակայելի կոռումպացված է, ինչը, միգուցե, իրենց ազգային անվտանգությանն ‎սպառնացող գլխավոր վտանգն է. Ռուսաստանում նկատում ենք հակասական ‎մոտեցումներ Թուրքիայի նկատմամբ, սակայն ոմանք Ռուսաստանում կարծում են, որ ‎նոր Աթաթուրք են հայտնաբերել: Անկասկած, դրանից, հիմնական տուժող է լինելու ‎նույնինքը` Ռուսաստանը: Թուրքիան շարունակում է մնալ` անվստահելի և ‎‎անկանխատեսելի հարևան բոլոր երկրների համար: Թուրքիայի հարևանների հետ զրոյական ‎կոնֆլիկտ ունենալու Անկարայի հայտարարած քաղաքականությունը, թուրքական ‎‎ակներև խորամանկություն է: Դա նկատելու համար բավարար է, լուսարձակի տակ ‎‎առնենլ վերջին 10 օրերի Թուրքիան, որ  օգտագործելով հարևան երկրի խառնաշփոթ ‎կացությունը, ուժեր է կուտակել Սիրիայի սահմանի վրա: Վերջին օրերի ընթացքում, ‎Թուրքիան «մարդասիրական» նկրտումների անվան տակ, խախտել է Սիրիայի ‎սահմանը և հավակնում է` գաղթականներ պաշտպանելու անվան տակ, հարևան ‎‎երկրի հողի վրա ստեղծել «առընթեր միջանցք»:‎

Որպես վերջին հարցում, տեսակետ է շրջում, որ Ադրբեջանը, այնքան էլ հետամուտ չէ ‎‎Արցախով, և շատ բան էլ չունի ստանալիք այնտեղից, որքան Զանգեզուրից: Ինչքան հավանական ‎‎է Զանգեզուրի նմատմամբ ագրեսիա և արդյո՞ք ադրբեջանական նման արկածախնդրություն, հովանավորներ կգտնի՞:

‎- Նշվածը դժվար, սակայն տրամաբանական սցենար է: Նկատի առնելով, որ նման ‎‎ագրեսիա, ուղղված է նաև Ռուսաստանի և Իրանի դեմ, խրախուսողներ միշտ էլ ‎կարող են գտնվել: Ոչ խաղախություն, ոչ պատերազմ վիճակում ոչինչ չի կարելի ‎‎բացառել: Ռազմական առումով, այսօր, երևի թե անհնար է նման ծրագրի ‎իրականացնելը, սակայն տարածքային զիջումներից հետո, Զանգեզուրը շատ ավելի ‎խոցելի կդառնա: Մեր բանակցողները չպետք է կրկնեն 1921թ.-ի սխալը:

13-06-2011

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4