
Ինձ պարոնով մի դիմեք, պարոն անվանում են հազվագյուտ տխմարների, ասել է Ռուբեն Հախվերդյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի սկզբում: Խոսելով իր ստեղծագործությունների մասին, նա նշել է, որ չի սիրում իր երգերը, որովհետև գրելուց հետո միշտ մտածում է, որ ավելի լավ կարող էր լինել: Հախվերդյանը ասել է, որ նախընտրում է լսել արտասահմանյան երգիչներին:
Ինչ վերաբերում է համերգներին, Ռուբեն Հախվերդյանը ասել է, որ սեպտեմբերին մեկնելու է ԱՄՆ, Ղարաբաղ, հրավեր կա նաև Իրանից:
Անդրադառնալով հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրին, Հախվերդյանը նշել է. “Հայաստանում մարդ ինչ իրավունք ունի, որ հեղինակային ունենա”, ավելացնելով, որ ինքը կեղծողների հայրիկն է, իսկ մայրիկներին չի ճանաչում, քանի որ կեղծողները ընտանիք են պահում նաև իր սկավառակները կեղծելով:
Ռուբեն Հախվերդյանը ստեղծագործելը համարում է բարդ գործ և այն նմանեցնում է հոգևոր ստրիպտիզի, քանի որ հեղինակը ներկայացնում է իր, նաև ուրիշների կյանքը: Երաժիշտը նշել է նաև, որ շատ հիմար երգիչներ կատարում են իր ստեղծագործությունները բառեր փոխելով կամ ավելացնելով և չեն մտածում, որ իմաստն է փոխվում երգի:
Հախվերդյանը պատասխանել է նաև լրագրողների հարցին` կապված հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա նշել է, որ ինքը, նաև իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, և սա գերտերությունների բազարն է:
Հախվերդյանը նշել է նաև, որ երբեք չի մտածել Հայաստանից գնալու մասին, սակայն չի ցանկանա, որ իր երեխաներն այստեղ, այս այլանդակված հասարակության մեջ ապրեն: Նրա խոսքով, Հայաստանում կորել է քաղաքային կուլտուրան: Երևանի հերը անիծեցին, երբ միլիոնանոց քաղաք ունենալու համար գյուղերից մարդկանց բերեցին լցրեցին, իսկ քաղաքային մշակույթի կրողները հեռացան երկրից, ասել է Ռուբեն Հախվերդյանը:
Leave a Reply