December 8, 2022

Արման Մելիքյան. «Բոլոր այդ տարածքները պետք է մնան ԼՂՀ կազմում»

Բանակցություններից դուրս գալու մասին Ադրբեջանի հայտարարությունները հավասարազոր են պատերազմ սկսելու նրանց հայտարարություններին։ Նույն կշիռը ունեն։ Ադրբեջանն առանց գերտերություններից առնվազն մեկի լուրջ աջակցության որևէ պատերազմական գործողության չի դիմի, առավել ևս՝ իրենք դուրս չեն գա բանակցային գործընթացից, որովհետև այսօր գործընթացն ընթանում է իրենց բանակցային տրամաբանությանն ու ցանկություններին համահունչ,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացից դժգոհ լինելու և դրանից դուրս գալու մասին հաճախակի դարձած հայտարարություններին՝ լրագրողներին ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը շահագրգիռ է գործընթացը ներկա շեշտադրումներով կենդանի պահելու մեջ և ձգտում է ամեն կերպ արագացնել գործընթացը, քանի որ հեռու չէ այն պահը, որ անգամ ՀՀ իշխանությունները կհասկանան, որ բանակցային տրամաբանությունը պետք է փոխել, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան դրա դեմ որևէ քայլ չունեն անելու։ Ա. Մելիքյանի կարծիքով Հայաստանն իրոք պատճառաբանված կարող է նոր էջից սկսել և իրավիճակն այլ տրամաբանությամբ զարգացնել։

Ինչ վերաբերում է հայկական ուժերի դուրսբերման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին, ապա, Ա. Մելիքյանի կարծիքով, դա ուղղակի Ադրբեջանի ցանկությունն է, որին հայկական կողմը պարտադիր չէ, որ արձագանքի։ Նա նշել է, որ եթե Հայաստանն արձագանքի, կարձագանքի ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի, այլ Ռուսաստանի ցանկությանը, քանի որ Ռուսաստանն Ադրբեջանում վերահաստատվելու խնդիր ունի, և այդ տեսանկյունից ԼՂՀ տարածքների մի մասը կարող է դառնալ սակարկության այն առարկան, որի միջոցով Ռուսաստանը կփորձի վերահաստատվել։

Վերջերս արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունն ընթերցեցի այն մասին, որ տարածքների հետ կապված խնդիրը լուծելու համար Ադրբեջանն էլ պետք է համաձայնի, որ պետք է վերադարձվեն Շահումյանը, Մարտունին և Մարտակերտը։ Լա՛վ, ասենք՝ վերադարձրին։ Մենք է՞լ պիտի վերադարձնենք տարածքները։ Սա իրականությունից կտրված մոտեցում է, որը շատ լուրջ վտանգներ է պարունակում։ Պնդում եմ, որ բոլոր այդ տարածքները պետք է մնան ԼՂՀ կազմում, և ԼՂՀ-ն լիիրավ է՝ պահանջելու Շահումյանն ու Գետաշենը,- ասել է Արման Մելիքյանը։

Անդրադառնալով բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության հնարավորությանը՝ նա ասել է, որ ձևաչափի փոփոխություն չի բացառում, սակայն դրա համար նոր պայմաններ պետք է հասունանան։ Այս առումով նա նշել է, որ նախագահ Մեդվեդևի Թուրքիա և Հայաստան կատարած այցից հետո պետք է սպասել, թե տարածաշրջանային գործընթացներում ինչ նոր հնչերանգներ կդրսևորվեն։ Ամեն դեպքում Ա. Մելիքյանը հակված չէ կարծելու, որ գործընթացը կավարտվի արագ և Հայաստանի կապիտուլյացիայով. «Կարծում եմ՝ առջևում 3-5 տարի ակտիվ բանակցային գործընթաց ունենք, և կարող են որոշակի փոփոխություններ լինել, բայց վստահ եմ, որ եթե հայկական կողմը կամ կողմերը որոշեն բանակցային տրամաբանության մեջ փոփոխություններ մտցնել, նրանք շահեկան դիրքում կհայտնվեն»։

Նա նշել է նաև, որ ներկա օրակարգով բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությանն ինքը կտրականապես դեմ է, քանի որ դա կնշանակի, որ Ղարաբաղի ձեռքով պետք է տարածքներ հանձնվեն։ Ղարաբաղը, նրա կարծիքով, պետք է մասնակցի  բանակցային օրակարգի ձևավորման գործընթացին, և պետք է վերականգնվի հակամարտության ճիշտ ժամանակագրությունը։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4