October 2, 2023

Ժնեւում «դիտարկում են» Հայաստանը

20 րոպե ուշացումով Ժնեւում ՄԱԿ-ի Ազգերի պալատում սկսվեց Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկումը: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն էլ հիմնական զեկուցողն է:

Պատվիրակության կազմում է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրը, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձ.Աղաջանյանը, ՄԱԿ Ժնեւի գրասենյակում Հայաստանի մշտական առաքելության խորհրդական Լ.Սայանը եւ ուրիշներ, թվով 11 հոգի:

Այն պահին, երբ փոխնախարար Արման Կիրակոսյանը սկսեց ներկայացնել ինքնորոշման իրավունքը որպես ազգերի անբեկանելի իրավունք եւ այն ներկայացնել որպես այդպիսին Լեռնային Ղարաբաղի համար, Ադրբեջանի ներկայացուցիչը խոսք խնդրեց ընթացակարգային հարցով եւ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքը չէ, եւ Հայաստանն իրավունք չունի ելույթ ունենալ ուրիշի տարածքում տեղի ունեցող զարգացումների մասին:

Նախագահողը պատասխանեց, որ բովանդակային քննարկման համար Ադրբեջանը կարող է օգտագործել իր ելույթի հնարավորությունը հիմնական զեկույցից հետո, իսկ արված դիտողությունը ընթացակարգային չէ: Անմիջապես հետո խոսք խնդրեց Պակիստանի ներկայացուցիչը` նշելով, որ երեւի իրենց ելույթի կարիքը չկար, բայց. «Ադրբեջանի պահանջը հիմնավոր էր», -ապա առաջարկեց համապատասխան միջոց ձեռք առնել նրանց առաջարկի կապակցությամբ:

Ի վերջո նախագահողը կոչ արեց հավատարիմ մնալ քննվող առարկային եւ հեռու մնալ տարածքային հարցերին անդրադառնալուց: «Սա տարածքային վեճերի քննարկման բեմ չէ», ասաց նա: Այնուհետեւ ՀՀ փոխարտգործնախարարը շարունակեց ելույթը եւ խոսեց Հայաստանի եւ ԼՂ շրջափակման մասին:
Հայաստանի հարցեր հղելու համար արդեն նախապես հերթագրվել են 47 երկրների ներկայացուցիչներ: Առաջինը Հայաստանին հարցեր հղելու եւ ելույթի հնարավորություն կստանա Ադրբեջանը, Թուրքիան 9-րդն է, առայժմ վերջինը` Ուկրաինան է:

Ի դեպ, Ադրբեջանի դիտարկման ժամանակ` 2009-ի փետրվարին Հայաստանը հանդես է եկել մեկ առաջարկությամբ. Ռասայական խտրականությանն վերացման կոմիտեին կոչ է արել աջակցել Ադրբեջանին պայքարել եւ վերացնել էթնիկական թշնամանքի եւ ատելության դրսեւորումները, մասնավորապես էթնիկ հայերի հանդեպ: Հայաստանը խնդրել է ներկայացնել այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային խտրականության դրսեւորումների նվազեցմանը Ադրբեջանում: Հայաստանը առաջարկել է դադարեցնել Ադրբեջանում սեփական քաղաքացիների հանդեպ կիրառվող խտրական քաղաքականությունը: Այս առաջարկը Հայաստանն արել է նիստի ինտերակտիվ քննարկման ժամանակ;
Իսկ Ադրբեջանը արդեն մինչեւ Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման նիստը մեկ տասնյակը գերազանցող հարցեր է հղել Հայաստանին; Մասնավորաբար. կանանց իրավունքների ոտնահարումների եւ ընտանեկան բռնությունների մասին, եզդիների հանդեպ Հայաստանում իրականացվող խտրականության եւ հետապնդումների մասին, 2008 թվի մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննությունների, ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացի մասին, հեռարձակող ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովման հիմնախնդրի մասին, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հարձակումների մասին:

Հայաստանին նախապես հղված հարցերի փաթեթում թվով 36 հարցերից 14-ը Ադրբեջանն է ներկայացրել: Մի շարք այլ երկրներից հղված հարցերի շարքում առանցքային տեղ ունեն Մարդու իրավունքների ոտնահարումների, մամուլի եւ խոսքի ազատության, «Ա1+» հեռուստաընկերության խնդրի, սեռային հավասարության եւ մի շարք այլ հարցեր:

Լեւոն Բարսեղյան
Ժնեւ

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4