
ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻՆ
Ցեղասպանությունը
96 տարի է անցնում Հայության դեմ իրագործված ցեղասպանությունից, սակայն այսօր էլ թուրքական պետականության կազմակերպած այդ հրեշավոր հարվածի հետեւանքները կրում են Հայաստանը, հայ ազգը և աշխարհի տարբեր կողմերում ապրող յուրաքանչյուր հայ քաղաքացին:
1894 թվականից. մինչև 1923-ը՝ չորս փուլով իրագործված հայոց ցեղասպանությունը, բնաջնջեց հայկական քաղաքակրթությունն իր բնօրրանի մեծ մասից, խլելով ավելի քան 2.000.000 հայերի կյանք` շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894¬96 թթ., 30.000՝ 1909 թ., 1.5 միլիոն՝ 1915¬16 թթ., շուրջ 300.000՝ 1918¬1923 թթ.:
Ցեղասպանությամբ ոչնչացվեցին հինգհազարամյա կառույցների շուրջ համախմբված և կազմակերպված հայկական համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները՝ հայ ազգի ղեկավարությունը, ներառյալ՝ քաղաքական,մշակութային ընտրանին եւ մտավորականությունը:
Արևմտյան Հայաստանի բոլոր քաղաքներն ու գավառները սոսկ տարածներ չէին, այլ բազմադարյա կենսատարածք` հայրենիք:
Նյութական անսահման կորուստների կողքին, Ցեղասպանությամբ հայ ժողովրդին հասցված մշակութային հարվածները անհամար են: Խոսքը ոչ միայն առանձին եկեղեցիների, ճարտարապետական զանազան անկրկնելի շինությունների ու կոթողների, հազարամյակների ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցների, քաղաքների եւ գյուղերի մասին է, այլև՝ տասնյակ հազարավոր մատյանների, որոնցում ամփոփված է եղել Հայ ժողովրդի հանճարն ու գիտելիքը: Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան թուրքական պետականության կողմից ոչնչացվել է Ցեղասպանության ժամանակ: Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, Հայությանը զրկելով իր նախնիների ստեղծած հոգևոր ժառանգությունից, կտրելով նրանց մտքից ու ոգուց:
Հետեւանքները
Ցեղասպանության առաջին ահավոր հետևանքն այն է, որ կազմակերպված բռնագաղթը Հայ ազգին անջատեց իր պապենական կենսամիջավայրից: Բռնագաղթի ենթարկված Հայության մնացորդը զրկվեց ինքնությունից, որովհետև մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլևս ժողովուրդ չեն, այլ անհատներ:
Բնօրրանի կորուստը զրկել է հայերին ձեռակերտ ազգային խորհրդանիշների հետ ամենօրյա շփումից, վերացնելով հայ ազգի բնականոն հոգևոր զարգացման հնարավորությունը: Ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթներ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, նույնիսկ ինքնատյացություն՝ ազգային շահերի և արժեքների մերժում և օտարացում:
Ռազմավարական առումով` Հայ ժողովրդի Պատմական Հայրենիքի հիմնական մասի կորուստը ներկա Հայաստանին զրկել է պաշտպանվածությունից: Հայաստանն այլևս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի, այլապես՝ դա կլինի Հայաստանի ու, հետևաբար, հայ ազգի վերջը:
Իսկ միջազգային հանրությունը, հակառակ արդարության հաստատման ուղղությամբ իր հավաստիացումներին ու միջազգայնորեն ստանձնած իր պարտավորություններին և մանավանդ 10 օգոստոսի 1920 թ. Սևրի հաշտության պայմանագրով իր հանձնարարության, անտեսեց և մոռացության մատնեց Հայկական հարցը:
Մյուս կողմից Մարդկային կորուստներն, ազդել էին ոչ միայն Հայ ազգի քանակի, այլև բռնագաղթի դատապարտված Հայության հավաքական որակի վրա, ուստի և արդարության վերականգնման ուղղությամբ նա կարողացավ կազմակերպված պայքարի դիմել շատ ավելի ուշ՝ միայն 1960-ական թթ. սկսած: Ժամանակի այդ կորուստը ևս թանկ արժեց Հայության համար. այդ ընթացքում տասնյակ հազարավոր անհայրենիք հայեր զոհ գնացին սպիտակ ջարդին, իսկ ցեղասպանություն իրագործած պետությունը է°լ ավելի ամրապնդեց իր դիրքերը:
Ճանաչումը իր կիզակետին
Այսօր, անվիճելի փաստ է, որ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը հասել է իր զարգացման կիզակետին: Առաջադեմ մարդկությունն ու համաշխարհային հանրային կարծիքը իրենց վճռական քայլերով ապացուցեցին, որ այլևս պատրաստ չեն մոռացության մատնել մարդկության դեմ իրականացված այս ոճիրը:
Այս մասին պաշտոնապես հայտարարություններ են եղել Հունաստանի, Լիբանանի, Ուրուգվայի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Շվեդիայի, Զվիցերիայի, Լեհաստանի, Հոլանդիայի, Սլովակիայի, Իտալիայի պառլամենտներում, Բելգիայի և Կանադայի սենատներում: Եվրոպառլամենտն 1987 թ. բանաձև ընդունեց Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ, որտեղ նշված էր, որ Օսմանյան կայսրության տարածքում կատարված դեպքերը ցեղասպանություն են: Վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում Հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես են եկել ԱՄՆ նախագահներ Ջ. Քարտերը եւ Ռ. Ռեյգանը, իսկ Բ. Քլինթոնը, Ջ. Բուշ ավագը, Ջ. Բուշ կրտսերը եւ Բարաք Օբաման, նախագահ ընտրվելուց առաջ, ուղղակիորեն խոսել են Հայերի ցեղասպանության մասին: Նմանօրինակ վճիռներ արդեն ընդունվել են ԱՄՆ նահանգների օրենսդրական մարմինների կեսից ավելիի կողմից:
Հայերի ցեղասպանությունը դատապարտող ելույթներ են ունեցել նաև մի շարք պետական գործիչներ՝ Ռուսաստանի նախագահներ Բ. Ելցինն ու Վ. Պուտինը, Ռուսաստանի վարչապետ Մ. Կասյանովը, Լեհաստանի նախագահ Ա. Կվասնևսկին, ՆԱՏՕ-ի պառլամենտական ասամբլեայի նախագահ Ռ. Էստրելլան և ուրիշներ: Հայերի ցեղասպանությունը դատապարտել է նաև կաթոլիկ եկեղեցու պետ, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը:
Այս գործընթացի զարգացումը ցույց է տալիս, որ միջազգային հանրության կողմից Հայերի ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է:
Զարմանալի է, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում, դեռ ականատես ենք դառնում, որ Թուրքիայի պաշտպան հանդիսացող որոշ պետական ներկայացուցիչներ, հանդես գալով որպես հայ ժողովրդի բարեկամներ, խորհուրդ են տալիս չպայքարել ցեղասպանության ճանաչման համար, պատճառաբանելով, որ դա իբր կբորբոքի հին վերքերը, կհիշեցնի անցյալի սարսափելի դեպքերն ու կխոչընդոտի հարևանների հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանը:
Սակայն, մարդու իրավունքների պաշտպանության առիթով բոլոր խոսակցությունները` կլինեն կեղծ, եթե րոպեական քաղաքական, տնտեսական և այլ կարգի շահերի համար լռության մատնվի հայերի դեմ իրականացված Մեծ ոճիրը, և ամբողջ ժողովրդի դահիճների ժառանգները ստանան այս կամ այն կարգի հովանավորություն:
Քանի դեռ Հայերի ցեղասպանությունը չի ընդունվել որոշ պետությունների կողմից և նրա հետևանքները չեն վերացել, վերջիններիս պետք է դիտել որպես ոճրագործության մասնակցի կամ գործակցի:
Դա է պատճառը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նկատմամբ գրավում է տրամաբանորեն միանգամայն հակառակ դիրք, քան Քաշմիրի ինքնորոշման հարցում, իսկ Կիպրոսի նկատմամբ վարում է միջազգային համայնքի կամքի հակառակ քաղաքականություն:
Միայն թուրքերի զղջումը և միջազգային հանրության կողմից տրված միանշանակ գնահատականներն ու իրագործված ոճրագործության դատապարտումը կարող են լինել երաշխիք, որ Թուրքիան նորից չի սկսի ցեղասպանությամբ լուծել իր քաղաքական հարցերը:
Միայն այս ձևով Թուրքիան կարող է ապացուցել իրեն և աշխարհին, որ այլևս չի համարվում ոճրագործ պետություն:
Հայերի նկատմամբ թուրքական ոճրային քաղաքականությունը չվերսկսելու նախանշան կարող է հանդիսանալ նաև այն, որ Թուրքիան հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնելուց, և Հայաստանը շրջափակման ենթարկելու 15 ամյա քաղաքականությունից:
Թուրքիան երբ ձեռք է մեկնում Հայերին այդ ձեռքը չի կարող ներկված լինել հայ ժողովրդի նախնիների արյան հետքերով:
Միջազգային հանրության կողմից Հայերի ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայից և Ռուսաստանից հետո, ամենից առաջ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մանավադ Գերմանիայի կողմից ունի մեծ նշանակություն, ոչ միայն որպես հայերի նկատմամբ արդարացի մոտեցում, այլև համայն մարդկությունից այս ոճրագործությունը արմատախիլ անելու համար:
24 Ապրիլ, 2011թ.
Եվրոպայի Հայերի Համագումար
նախագահ
Կարո Հակոբյան
Leave a Reply