
Մարտիրոս Սարյանի համար այս տարի հոբելյանական է: Նշում ենք վարպետի 130-ամյակը: Այցելեցի վարպետի տուն-թանգարան, հանդիպեցի Սարյանի թոռնուհուն՝ Ռուզան Սարյանին: Տուն-թանգարանի վիճակն անմխիթար է
Մարտիրոս Սարյանի համար այս տարի հոբելյանական է: Նշում ենք վարպետի 130-ամյակը: Այցելեցի վարպետի տուն-թանգարան, հանդիպեցի Սարյանի թոռնուհուն՝ Ռուզան Սարյանին: Տուն-թանգարանի վիճակն անմխիթար է: Ցավոք, մենք մեծադիր լուսանկարներով եւ տրաֆարետային ճառերով ենք հիշում մեր մեծերին, բայց երբ հարցը հասնում է գործին… “Մեր ամբողջ ցավն ու մտահոգությունը մեր շենքն է, որը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց այս տարի կարծես թե այդ հարցը պետք է լուծվի: 20 տարի այս շենքը չի ջեռուցվել: 50-90 միլիոն դրամ կարժենա այն ջեռուցման համակարգը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, այդ գումարը, բնականաբար, պետբյուջեից հնարավոր չէ ստանալ, հիմա մնում է գոնե մարտկոցներով ջեռուցվի: Դա կարժենա 7 միլիոն դրամ, այս տարի հուսով եմ՝ կլուծենք այս հարցը: Իսկ եթե 20 տարի չի ջեռուցվել թանգարանը, բնականաբար, այլ խնդիրներ էլ են առաջ եկել: Նկարները վնասվեցին այս ընթացքում, ռեստավրացիայի խնդիր ունեն”,-մեզ հետ զրույցում ասաց Ռուզան Սարյանը: Արդեն 4 տարի է նաեւ՝ ձգձգվում է ՄԱՊ ընկերության եւ Սարյան ընտանիքի միջեւ դատական գործընթացը: Բանն այն է, որ ՄԱՊ ընկերության կոնյակների վրա Սարյանի նկարներն են օգտագործել, բայց դա հերիք չէ՝ դեռ մի բան էլ աղավաղել են նկարչի գործերը: Այսինքն, իրենց ուզած ձեւով փոփոխությունների են ենթարկել, մի նկար խառնել են մեկ ուրիշի հետ, ավելացրել են ծառեր, ձեւափոխել են: “Այստեղ գումարի խնդիրը չէ, այլ վարպետի նկարների հանդեպ հարգանքի: 13 դատավոր է փոխվել արդեն, բայց հարցն այդպես էլ չի լուծվում: Եթե հարկ լինի՝ կգնանք մինչեւ Եւրադատարան”,-ասում է Ռուզան Սարյանը: Հոբելյանական տարում մի շարք ցուցահանդեսներ են բացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, վերջերս ցուցահանդես է եղել Տրետյակովյան պատկերասրահում: Այս օրերին վարպետի տուն-թանգարանում նրա լուսանկարների ցուցահանդեսն է, ներկայացված է նաեւ “Սարյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին” խորագիրը կրող ցուցահանդեսը: 1941-45 թվականներին Սարյանը ստեղծել է ավելի քան 300 կտավ: Նայելով այդ կտավներին, զարմանում ես. Սարյանը մահվան եւ սովի ժամանակ էլ է ծաղկած ծիրանենի կամ գունեղ մրգեր նկարել: Թանգարանում գիտական աշխատանքներ են կատարվում: Սարյանը թողել է նաեւ շատ հարուստ գրական ժառանգություն: Արդեն տպագրվել է նամակների 2-րդ հատորը, մինչեւ տարեվերջ տպագրության է պատրաստվում 3-րդ հատորը: Ամառվա հետ միասին սկսվել է տուրիստական շրջանը: Իմ ներկայության պահին թանգարան այցելեցին մի քանի երիտասարդ ռուս աղջիկներ, նրանք բավական տեղյակ էին Սարյանի արվեստից եւ ոչ միայն դիտեցին վարպետի նկարները, այլեւ գնեցին նրա մասին պատմող գրքեր: Ռուզան Սարյանը ծնվել է ներկայիս Սարյանի տուն-թանգարանի երկրորդ հարկի սենյակներից մեկում, նկարչի արվեստանոցի անմիջական հարեւանությամբ: Նա իր գունագեղ հուշերն ունի՝ կապված պապի հետ: Գրում է. “Հստակ հիշում եմ, թե ինչպես մեր մեծ ընտանիքը պապիկի գլխավորությամբ ամեն օր ողջ կազմով ճաշի էր հավաքվում հյուրասենյակի մեծ սեղանի շուրջ: Ինձ շատ էր դուր գալիս, թե ինչպես փոքր զանգակը ձեռքին՝ պապս կայտառ զանգահարում էր, բոլորիս ճաշի հրավիրելով: Իսկ եթե ինչ-որ պատճառով զանգակը մոտը չէր լինում, նա իր մեծ ափերով երեք անգամ ուժգին ծափ էր տալիս՝ ազդարարելով ճաշի ժամը: Յուրաքանչյուրս ուներ իր տեղը ճաշի սեղանի մոտ, եւ ոչ ոք չպետք է ուշանար: Ճաշը սկսում էինք ուղիղ ժամը 5-ին, հենց որ պատի մեր ժամացույցը խփում էր հինգ անգամ: Պապս նախընտրում էր բուսական կերակուրներ եւ ընդհանրապես շատ քիչ էր ուտում միս”: Ռուզան Սարյանը հիշում է, թե ինչպես էր իրենց ընտանիքի համար առավոտը սկսվում իրենց տան հարեւանությամբ գտնվող Սուրբ Զորավոր եկեղեցու զանգերով: Հիշում է, որ խորհրդային իշխանությունը ցանկացել է քանդել եկեղեցին, սակայն այն փրկելու հարցում մեծ դեր է ունեցել իր պապիկը. “Հին երեւանցիները նույնիսկ ասում էին՝ Սարյանի եկեղեցի”: Հիշում է, թե ինչպես է հաճախ նկարել պապի հետ, որ Սարյան պապիկը բացել է բնության գույների հրաշքը, միասին նայել են արեւին ու ուսումնասիրել թիթեռի թեւերի գույները: Ռուզան Սարյանը մի տխուր հիշողություն ունի. “Մեր այգում երկար տարիներ մի կրիա էր ապրում: Կրիան այնքան խոշոր էր, որ ես՝ երեք տարեկան երեխաս, հանգիստ նստում էի նրա մեջքին, եւ նա ինձ այգով դանդաղ ման էր ածում: 1962 թվականին մեր տան այգու կողքով պետք է բացվեր Մոսկովյան փողոցը: Սկսվեցին աշխատանքները, եւ հայտնվեցին ասֆալտ հարթող ծանր գլանիվները: Պապիկիս համակեց մի ծանր նախազգացում, եւ նա որոշեց կրիային այգուց տուն բերել: Բայց ստացվեց, որ Սարիկ հորեղբայրս կրիային հայտնաբերեց իր սենյակում եւ նրան ետ տարավ այգի: Հաջորդ օրը, երբ պապս ման էր գալիս այգում, մի սարսափելի պատկեր տեսավ: Մեր կրիան բլիթի պես հարթեցված, շպրտված էր այգու ցանկապատի տակ: Պապս խորապես ցնցված էր: Ականատեսները պատմեցին նրան, որ ասֆալտ գցողները, տեսնելով այգում կրիային, որոշել են ստուգել նրա վահանի ամրությունը: Այսպես չարագուշակ սկսվեց մեր ընտանիքի համար 1962 թվականը: Որոշ ժամանակ անց մեծ դժբախտություն ներխուժեց մեր տուն: Ավտոմեքենայի վթարից վախճանվեց Սարիկ հորեղբայրս”,-իր “Պապ լինելու արվեստը” գրքում պատմում է Սարյանի թոռնուհին:
hraparak.am
Leave a Reply