October 2, 2023

Ուսանողները պահանջում են վերականգնել իրենց ուսման իրավունքը

«Ուսման իրավունք», «վերականգնում» վանկարկումներով մոտ 150 ուսանողներ այսօր Երեւանի պետական համալսարանից շարժվեցին դեպի կառավարության շենք: Ուսանողները պահանջում են վերականգնել մագիստրոսական եւ ասպիրանտական տարկետման իրավունքով տեղերի նախորդ տարվա ցուցանիշները, որոնք զգալիորեն կրճատվել են այս տարի:

«Մենք կպայքարենք ցանկացած որոշման դեմ, որը կոտնահարի մեր շահերը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ իշխանություն եւ այդ իշխանությունը ՀՀ քաղաքացին է»,- բարձրախոսով հայտարարում էին երթարարները: «Ես դեռ երրորդ կուրս եմ, հաջորդ տարի կավարտեմ, ուզում եմ մագիստրատուրա ընդունվել, իսկ անվճար տեղերը կրճատվել են, ինձ զրկել են անվճար ուսում ստանալու իրավունքից»,- մեզ հետ զրույցում ասաց Մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Մարիամ Բաղդասարյանը:

Իսկ Ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանող Արմեն Գալստյանը «Հետքին» ասաց, որ ինքը բանակ գնալու խնդիր չունի եւ պայքարում է միայն լիարժեք ուսում ստանալու համար. «Հիմա 3-րդ կուրս եմ, մագիստրատուրա հեշտությամբ կընդունվեմ, որովհետեւ արդեն ծառայել եմ, բայց ես ուսումը շատ եմ կարեւորում»,- ասում է Արմենը:

Երթի մասնակիցներին ուղեկցում էին երկու տասնյակ ոստիկաններ: Ուսանողները կառավարությանը փոխանցեցին իրենց գրավոր պահանջները` ուղղված ՀՀ վարչապետին: Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ բողոքների քննարկման վարչության պետ Ռաֆայելյան Ալեքսանդրը վերցրեց ուսանողների կոնտակտները` պատասխանը փոխանցելու համար:

Ուսանողները հեռացան` խոստանալով, որ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա իրենք կշարունակեն բողոքի գործողությունները:

Ստորեւ ներկայացնում ենք ուսանողների նամակը վարչապետին:

ՀՀ Վարչապետ
Տիգրան Սարգսյանին


Մեծարգո պրն Վարչապետ,
Մենք, Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների ներկայացուցիչներս, չներկայացնելով որևէ քաղաքական ուժ, մեր կտրական բողոքն ենք արտահայտում Կառավարության ս.թ. մարտի 18-ի և ապրիլի 22-ի որոշումների, որոնցով էականորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին տրվող պարտադիր զինվորական ծառայությունից տարկետմամբ տեղերի քանակը:

Մենք չենք համարում, որ այդ կրճատումը ուղված է ՀՀ Զինված Ուժերի համալրմանը, քանի որ մի քանի հարյուր ասպիրանտուրա և մագիստրատուրա չանցացները չեն ավելիցնի բանակում ծառայողների քանակը նույնիսկ կես տոկոսով (առավելևս, որ 1991 և 1992 թվականներին ծնված տղաների ավելի է, քան դրանց նախորդող տարիներին):

Փոխարենը, մենք համոզված ենք, որ չընդհատելով ուսման պրոցեսը և դառնալով բարձրակարգ մասնագետներ, նրանց օգտակաարությունը Հայաստանին կլինի ավելի նշանակալի և պահանջված, ծառայելով բարեկեցության և կենսամակարդակի աճին:
Մենք ընդունում ենք, որ ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորում (իսկ ավելի ճիշտ` չեն սովորում) անձինք, ովքեր որևե կապ չունեն գիտության հետ, մենք նաև ողջունում ենք Կառավարության, այդ արգասաբեր երևույթի դեմ պայքարելու ցանկությունը: Սակայն, մենք համարում ենք, որ այդ երևույթի դեմ տարկետման տեղերի համընդանուր կրճատելու մեթոդով պայքարելով էական և անդարձ վնաս է հասցվում հայրենական գիտությանը, ինչը իր հերթին, հղի է տնտեսությանը որակական սղաճով, և որպես ածանցյալ նաև Զինված Ուժերի մարտունակության անկմամբ: Կարծում ենք, որ Կառավարությունը պետք է գտնի և կիրառի այլ մեթոդներ սոցիալական վերոնշյալ անարդարության դեմ (չսովորողների դեմ), և որպես տարբեր ոլորտների մասնագետներ և ապագա մասնագետներ առաջարկում ենք.
1. Հրապարակայնացնելով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը պակասացնել անօրինական ճանապարհով ընդունվողների քանակը` հօգուտ արժանավորների: Մասնավորապես, ԲՈւՀ-երի ֆակուլտետներում հրապարակել ա) բոլոր քննությունների և ստուգարքների արդյունքները, դրանց անցկացումից ոչ ուշ, քան հաջորդ օրը, բ) բոլոր մագիստրոսական թեզերը դրանց պաշտպանությունից առնվազն 1 շաբաթ առաջ:

2. Վերաբացելով ռազմական ամբիոնները, կամ որևէ այլ կերպով փոխելով զինապարտության կարգը, ազատելով ապագա գիտնականներին 2 տարի բանակում որպես զինվոր (լավագույն դեպքում` սերժանտ) ծառայելու պարտականությունից, առավել կրթված ուսանողներին դարձնել մարտունակ պահեստային, որը խաղաղ ժամանակ կզարգացնի Հայաստանը գրիչը ձեռքին, իսկ պատերազմի օրոք համադրելով իր մասնագիտական գիտելիքները, ռազմական ամբիոնում ստացած հմտությունները և ընդհանուր կրթվածությունն ու զարգացած մտածելակերպը` կբերի առավելագույն ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում:

Հիմնվելով վերոգրյալի վրա` գտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը պետք է վերագնահատելով իրավիճակը վերանայի իր մագիստրոսական և ասպիրանտական` բանակից տարկետումով տեղերի կրճատման քաղաքականությունը և միջոցներ ձեռնարկի Հայաստանի ինտելեկտուալ հասարակության վերաարտադրության ուղղությամբ:

Արման Ղարիբյան

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4