March 2, 2021

ՊԵՏՔ Է ՈՐԱԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հայ-թուրքական գործընթացի հարցում Հայ Ազգային կոնգրեսի պահվածքը մայիսի 6-ին քննադատել է ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, ով կոնգրեսական լիբերալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ եղել է Իրավունք դե ֆակտո ակումբի հյուրը: Ըստ Արման Մելիքյանի, Կոնգրեսը հայ-թուրքական հարցում այլընտրանքային լուծումներ առաջարկելու փոխարեն միայն պնդում է իշխանափոխության մասին: “Սա իհարկե անվստահություն է, որովհետեւ մարդ պետք է տեսնի հստակ ճանապարհ”, ասում է Արման Մելիքյանը:

Հովհաննես Հովհաննիսյանը չի համաձայնել այն մտքին, որ Կոնգրեսը այլընտրանքային լուծումներ չի առաջարկում: Նա ասել է, որ թե հայ-թուրքականի, թե ընդհանրապես այլ հարցերով բազմաթիվ լուծումների մասին է խոսել Կոնգրեսը: “Մինչեւ անգամ մենք քաղաքական պայքարն ենք 4-5 ամսով դադարեցրել, այն ժամանակ, երբ Սերժը մտնում էր այս խաղի մեջ”, ասում է Հովհաննես Հովհաննիսյանը, նշելով, թե դա իշխանության համար չէ, որ արել են, այլ Հայաստանը վտանգներից զերծ պահելու համար:

Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, խնդիրն այն է, որ երկրում պետք է լինի ժողովրդի ձեւավորած իշխանություն, որովհետեւ այսօր հասարակության ճակատագիրը որոշում են պաշտոնյաներ, որոնք հայտնի են միայն իրենց արատավոր վարքով: “Ամեն մի չինովնիկ, ամեն մի պատգամավոր պարտական լինի իր ընտրողին: Այ սա որ լինի, ես կարծում եմ, ժողովրդավարություն որ լինի, մնացյալ հարցերը կլուծվեն”, ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Իրականում հասարակության բեւեռացում կա եւ պետք է վերացնել այդ բեւեռացումը, եւ վերացնել ոչ մյուս կողմին ոչնչացնելու գնով, կարծում է Արման Մելիքյանը: Ըստ Արման Մելիքյանի, իշխանությունը վախենում է, որ իշխանափոխությունից հետո կլինի հետապնդում, ու դրա համար պետք է հավասարակշռության մեխանիզմներ ապահովել: Այդպիսի մեխանիզմ, Արման Մելիքյանի կարծիքով, հնարավոր է ապահովել ներկայիս չեզոք ուժերի միջոցով: Միեւնույն ժամանակ, Արման Մելիքյանը համաձայնել է Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմանը, թե իշխանության մեջ կան ուժեր, որոնք իսկապես պետք է ենթարկվեն հետապնդման:

Հովհաննես Հովհաննիսյանն ասում է նաեւ, թե ՀԱԿ-ը տոլերանտ է եւ իշխանության գալու պարագայում էլ իրենք տեսնում են, որ Հայաստանում կան շատ այլ առողջ ուժեր, որոնց պոտենցիալը պետք է օգտագործել երկրի համար: Նույնիսկ իշխանության մեջ կան ուժեր, որոնց ձեռքերն արյունոտ չեն, համարում է Հովհաննես Հովհաննիսյանը: Արման Մելիքյանն ու նա եկել են համաձայնության, որ պետք է մտածել որակական իշխանափոխության մասին:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4