March 2, 2021

ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր

Օրերս «Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է կընծայի հայ ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակախոս Ջոն Կիրակոսյանի (1929-85) ծննդյան 80-ամյակին նվիրված «Ջոն Կիրակոսյան. Անկախ պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքներում» ժողովածուն, որը կազմել եւ խմբագրել է պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը: Ստորեւ հատվածաբար ներկայացնում ենք նրա առաջաբանը:

Երկար մտորումներից հետո որոշեցի ինքս գրել գրքի առաջաբանը, քանի որ իբրեւ Ջոն Կիրակոսյանի որդի կյանքիս թեեւ կարճ, բայց բովանդակալից հատվածն անցել եմ այդ զարմանալի մարդու հետ, ընտանիքիս մյուս անդամների հետ կիսել նրա բոլոր հաջողություններն ու դժվարությունները: Լինելով նրա սանը, օգնել եւ գործակցել եմ իր հետ 1970-ական թթ. կեսերից սկսած մինչեւ իր կյանքի վերջը, ինչպես նաեւ շարունակել նրա գործը պատմագիտության եւ դիվանագիտության բնագավառներում: Ի հավելումն գրքում զետեղված ծավալուն նյութի, փորձել եմ ընթերցողին առաջարկել նաեւ իմ մեկնաբանություններն ու գնահատականները Ջոն Կիրակոսյանի կյանքի ու առաքելության վերաբերյալ:

Ջոն Կիրակոսյանի քաղաքական հայացքները սկսում են ձեւավորվել անցյալ դարի 50-ական թթ. վերջերին-60-ական թթ. սկզբին, Նիկիտա Խրուշչով-Յակով Զարոբյան ձնհալի շրջանում: Հիշում եմ, թե ինչպես էր իր զրույցների, տարաբնույթ հանդիպումների ընթացքում մեծ կրքոտությամբ բացասաբար արտահայտվում ստալինյան ժամանակաշրջանի, Հայաստանին եւ հայ ժողովրդին հասցված մեծ վնասի, հանրապետությունում դեռեւս պահպանված դրա բացասական հետեւանքների, հին մտածելակերպի դրսեւորումների մասին: Նա խիստ քննադատաբար էր հանդես գալիս պատմագիտության մեջ հաստատված պահպանողական, կարծրացած, դոգմատիկ եւ ոչ ազգային մոտեցումների մասին, հայ ժողովրդի անցյալի խնդիրները ճշմարտացիորեն լուսաբանելու օգտին:

Ջոն Կիրակոսյանն իր գործունեությունը նպատակաուղղեց ոչ միայն պատմական արժեքներ ստեղծելուն, այլեւ ստալինյան ժամանակաշրջանից հետո ազգային գաղափարախոսության ձեւավորմանը: Նա անհրաժեշտություն էր համարում դրա մշակումը, որը պետք է հիմնված լիներ ոչ միայն առողջ մտածելակերպի, ազգային նոր մոտեցումների եւ հայրենասիրության վրա, այլեւ պետք է ուղղված լիներ անկախության գաղափարի ձեւավորմանը, ժողովրդին ինքնուրույնությանն անցնելու նախապատրաստմանը: Թեեւ նա արտահայտվում էր Խորհրդային Միության փլուզման անհնարինության մասին, սակայն երբեք չի հրաժարվել կամ անտեսել Հայաստանի անկախ գոյության հնարավորությունը: Հիշում եմ, երբ հանրապետության ղեկավարությունը քննարկում էր ատոմակայանի կառուցման ծրագիրը, հայրս ընկերներից չէր թաքցնում իր համոզմունքն առ այն, որ առանց ԱԷԿ-ի Հայաստանն անկախ գոյություն ունենալ չի կարողանալու:

1960-ական թթ. կեսերին Ջոն Կիրակոսյանի, Պարույր Սեւակի եւ իրենց սերնդակից պատմաբանների, գրողների, կուսակցական աշխատողների աշխարհայացքի ձեւավորման վրա զգալի ազդեցություն ունեցան Հրաչյա Քոչարի, Աշոտ Հովհաննիսյանի եւ ուրիշների քաղաքական հայացքները: Այդ հանգամանքով էր պայմանավորված 1964 թ. Ջոն Կիրակոսյանի` պատմաբաններ Ծատուր Աղայանի եւ Հովհաննես Ինճիկյանի հետ միասին ստորագրած նամակը ՀԿԿ ԿԿ` Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը հանրապետությունում պետականորեն նշելու մասին: Այդ հանգամանքով էր նաեւ պայմանավորված Ջոն Կիրակոսյանի անդրադարձը Հայկական հարցի պատմությանն ու ցեղասպանության խնդրին իր պատմագիտական աշխատությունների, Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանին վերամիավորելու հասարակության համար ոչ տեսանելի իր գործունեության մեջ: Ջոն Կիրակոսյանը դառնում է ձեւավորվող նոր հոսանքի առաջամարտիկներից մեկը, չգիտակցելով, թե ինչ դժվարությունների է հանդիպելու իր այդ խրթին ճանապարհին:

1965 թ. լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը» աշխատությունը, որը նաեւ դարձավ իր դոկտորական ատենախոսությունը: Թեեւ հրապարակում արդեն հայտնվել էին ցեղասպանության շրջանին վերաբերող գիտական մի շարք աշխատություններ, Ջոն Կիրակոսյանի գիրքը` իր նորովի մոտեցումներով, գիտականությամբ եւ հրապարակախոսական ոգով, մեծ արձագանք գտավ Հայաստանում, ինչի մասին վկայում են ներկա ժողովածուում զետեղված բազմաթիվ գրախոսականները: Գիրքը հավանության արժանացավ նաեւ Սփյուռքի հասարակական-քաղաքական եւ գիտական շրջանակների կողմից, որոնք դեռեւս վերապահ վերաբերմունք ունեին խորհրդահայ պատմագրության մոտեցումների եւ մեթոդաբանության նկատմամբ:

Կանգ չառնելով իր այդ հաջողության վրա` Ջոն Կիրակոսյանը նախաձեռնում է եւ ՀԿԿ ԿԿ ինֆորմացիայի եւ արտաքին կապերի բաժնի վարիչի տեղակալ, պատմաբան Ռուբեն Սահակյանի հետ սկսում է Հայաստանին վերաբերող դիվանագիտական փաստաթղթերն ի մի բերելու եւ թարգմանելու հսկայածավալ աշխատանքը: Նրա խմբագրությամբ 1972 թ. լույս տեսած «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում: 1828-1923» ժողովածուն, որն առ այսօր էլ չի կորցրել իր քաղաքական եւ պատմագիտական նշանակությունը, արժանացավ թե՛ հանրապետության, թե՛ Սփյուռքի հասարակայնության բարձր գնահատականին: Գրքի գիտական առաջաբանում նա նորովի է լուսաբանում, մեկնաբանում եւ գնահատում հայ ժողովրդի քաղաքական պատմությունը, Հայկական հարցի դիվանագիտական պատմության կարեւոր այդ ժամանակաշրջանը, միաժամանակ փորձելով դուրս չգալ գործող գաղափարախոսության թույլատրելի շրջանակներից:

Սակայն խրուշչովյան «ազատականացման» տարիները փոխարինվել էին բրեժնեւյան լճացման շրջանով, ինչը դոգմատիկ մտածելակերպ եւ մտահորիզոն ունեցող կուսակցական աշխատողներին եւ գիտնականներին հնարավորություն էր ընձեռել վերակենդանանալու, կրկին անցնելու վերին կուսակցական ատյաններին եւ անվտանգության մարմիններին մեղադրանքներ եւ զրպարտանքներ ուղղելու սովորական գործելակերպին: Թեեւ, վարելով Կենտկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժինը, Ջոն Կիրակոսյանը բավականին բարձր դիրք էր զբաղեցնում այդ ժամանակվա կուսակցական հիերարխիայում, օրվա կուսակցական ղեկավարությունը բացասաբար ընդունեց գրքի հրատարակումը եւ, հիմնվելով ազգայնամոլության եւ «բուրժուական օբյեկտիվիզմի» մեջ հրապարակ նետած մեղադրանքների վրա, սանձազերծեց զրպարտական նամակների հոսք իշխանական վերին ատյանները: Հիմնական նամակներից մեկն էլ ստորագրեց ՀԿԿ ԿԿ գաղափարախոսության գծով քարտուղարը: Մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ ժողովածուի մասին դրական գրախոսական էր հրապարակել ՀՅԴ «Ազդակ» շաբաթաթերթը:

Երկու տարի շարունակ Ջոն Կիրակոսյանի, նրա ընտանիքի եւ ընկերների շուրջը թանձրացել էր ահաբեկումների եւ հետապնդումների ծանր մթնոլորտ, որն, անկասկած, իր անդրադարձն ունեցավ նրա առողջության վրա:

Ջոն Կիրակոսյանը չնստեց ձեռքերը ծալած եւ չսպասեց ԽՄԿԿ ԿԿ «դատավճռին», այլ պատրաստեց եւ Մոսկվա ուղարկեց բացատրական տեղեկանք ժողովածուի, առաջաբանի եւ իր դեմ ուղղված զրպարտանքի մասին: Այդ ընթացքում կուսակցական-գաղափարախոսական մեքենան գործի էր դրել «սեւ ընդդիմախոսների» մեխանիզմը, ԽՄԿԿ ԿԿ համապատասխան բաժիններում տեղի ունեցան գրքին վերաբերող քննարկումներ, Մոսկվայում այդպես էլ ազգայնամոլության նշույլ անգամ չգտան Ջոն Կիրակոսյանի կազմած աշխատության մեջ: Այս միջադեպի եւ 1974 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում ՀԿԿ ԿԿ գաղափարախոսության գծով քարտուղարին «առաջարկվեց» գիտական հաստատություններից մեկի տնօրինությունը, իսկ Ջոն Կիրակոսյանին` ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Ստանձնելով նոր պաշտոնը, Ջոն Կիրակոսյանը շարունակեց իր գիտական եւ մանկավարժական բեղուն գործունեությունը, միաժամանակ փորձելով բացարձակապես նոր որակ եւ ոճ հաղորդել նախարարության աշխատանքներին: ՀԽՍՀ արտգործնախարարության գործունեությունն այդ օրերին կրում էր ձեւական, ոչ քաղաքական բնույթ, քանի որ ԽՍՀՄ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներն ընդունվում եւ իրականացվում էին Մոսկվայում, եւ սահմանափակվում էր հիմնականում արարողակարգային եւ հյուպատոսական հարցերով: Նախարարության երկու բաժիններում աշխատող շուրջ 10 աշխատակիցները համարվում էին խորհրդային դիվանագետներ, թեեւ նրանցից քչերն էին գործուղվում աշխատանքի արտերկրում ԽՍՀՄ դեսպանություններ:

Իր գործունեությամբ Ջոն Կիրակոսյանը փորձեց ակտիվացնել նախարարության քաղաքական-տեղեկատվական գործառույթը: Նա համոզված էր եւ այդ ուղղությամբ համապատասխան գործունեություն էր տանում նաեւ Մոսկվայում, որ ԽՍՀՄ հանրապետությունները, տվյալ պարագայում` Հայաստանը, ելնելով պատմության առանձնահատկություններից, Սփյուռքի առկայության հանգամանքից եւ այլ հարցերից, երկրի ընդհանուր քաղաքականության շրջանակներում, պետք է իրականացնեն շատ ավելի ինքնուրույն գիծ:

1975-85 թթ. ընթացքում, իր գրքերով եւ հոդվածներով, որոնք բացի պատմագիտական նշանակությունից, ունեին նաեւ հրապարակախոսական եւ գաղափարախոսական բնույթ, Ջոն Կիրակոսյանը նպատակադրվել էր քաղաքական գիտելիք հաղորդելու միջոցով ինքնուրույն մտածելակերպ սերմանել հասարակության հնարավորինս լայն զանգվածներին: Պատմագիտություն, հրապարակախոսություն եւ դիվանագիտություն ներառող իր գործունեությունը Ջոն Կիրակոսյանը բնորոշում էր որպես «քաղաքական հայագիտություն», նոր բնագավառ, որը ոչ միայն պետք է քաղաքական տեղեկատվությամբ ապահովեր Հայաստանի ղեկավարությանը, գիտական եւ հասարակայնության լայն շրջաններին, այլեւ պարունակեր Սփյուռքին, Խորհրդային Միության այլ հանրապետություններին եւ արտասահմանյան երկրներին ուղղված Հայաստանին եւ հայկական խնդիրներին վերաբերող քարոզչություն: Այստեղ նա մեծ նշանակություն էր տալիս Սփյուռքի հետ համադրված իրականացվող հակաքարոզչությանը, այսինքնՙ Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների կողմից հայ ժողովրդի պատմության կեղծարարության դեմ պայքարին: Ջոն Կիրակոսյանի համոզմամբ, այդ աշխատանքը պետք է տարվեր պետական մակարդակով, այդ թվում ՀԽՍՀ արտգործնախարարության միջոցով` «արեւմտյան իմպերիալիզմի», ներառյալ Թուրքիայի հակազգային քաղաքականության, ՆԱՏՕ-ի դեմ ուղղված խորհրդային գաղափարախոսության շրջանակներում:

Իր գործունեության շրջանակներում Ջոն Կիրակոսյանը զգալի տեղ էր հատկացնում Սփյուռքի հետ հարաբերություններին եւ համագործակցությանը: Նա իրավամբ համարում էր, որ տարբեր երկրներում ապրող եւ գործող մեր հայրենակիցներն ու սփյուռքահայ կառույցները մեծ հնարավորություններ ունեն հաջողությամբ իրականացնելու համատեղ մշակված քաղաքական ուղեգիծ, մասնավորապես, սփյուռքահայությանը մշտապես արթուն պահելու եւ նրա ուժերը պատմության խեղաթյուրման քաղաքականության դեմ պայքարում օգտագործելու նպատակով: Նա մեծ համակրանք եւ հեղինակություն էր վայելում Սփյուռքում, ինչի մասին են վկայում գրքում զետեղված բազմաթիվ գրախոսականները, հոդվածներն ու անձնական նամակները: Ջոն Կիրակոսյանը բազմաթիվ կապեր էր հաստատել եւ պահպանում պատմաբանների, կազմակերպությունների, անհատների հետ, որոնք նրան օգնում էին նյութերով, աշխատում փաստաթղթեր հայթայթելու, ժողովածուներ, հոդվածներ եւ մենագրություններ տպագրելու ուղղությամբ: Ջոն Կիրակոսյանը համագործակցում էր Յուրի Բարսեղովի (Մոսկվա), Յուրի Պետրոսյանի (Լենինգրադ), Ռիչարդ Հովհաննիսյանի, Վահագն Տատրյանի (ԱՄՆ), Պասկուալ Օհանյանի (Արգենտինա), Արթուր Բեյլերյանի (Ֆրանսիա), Ագապի Նասիբյանի (Կիպրոս) եւ շատ ուրիշ հայ պատմաբանների հետ:

Ջոն Կիրակոսյանն օգտագործում էր նաեւ միութենական կամ հանրապետական պատվիրակությունների կազմում տարբեր երկրներ գործուղվելու հանգամանքը` համայնքների եւ համայնքային կառույցների հետ հանդիպումներ, ելույթներ, դասախոսություններ ունենալու համար: Մասնավորապես, 1978 թ. ԽՍՀՄ պատվիրակության կազմում Ջոն Կիրակոսյանը մեկնել էր ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանի աշխատանքներին: Ստանալով բազմաթիվ հրավերներ ամերիկահայ կազմակերպություններից, Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարը շրջագայություն կատարեց ԱՄՆ հայաշատ նահանգներ, ելույթներ ունենալով հայրենակիցների տարբեր շրջանակների առջեւ:

«Բուրժուական դիվանագիտությունը եւ Հայաստանը» եւ «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատորյա աշխատություններից բացի, իր կյանքի վերջին տարիներին Ջոն Կիրակոսյանը հեղինակեց մի շարք նախադեպ չունեցող քաղաքագիտական բնույթի հոդվածներ, որոնք Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի խողովակով ուղարկվեցին եւ արտատպվեցին նաեւ սփյուռքահայ մամուլում, այդ թվում` օտարալեզու: ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի հոդվածներում բարձրացված խնդիրները դուրս էին գալիս միջազգային հարթակ, դառնում քննարկումների առարկա:

Ջոն Կիրակոսյանի նման գործունեությունը դժգոհություն էր առաջացնում որոշ երկրների մայրաքաղաքներում եւ այնքան էլ միանշանակ չէր ընդունվում Սփյուռքում: Անկարան իր դժգոհությունն էր հայտնում Մոսկվային ԽՍՀՄ արտաքին քաղաքականության` Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման ուղեգիծը Հայաստանի ղեկավարության կողմից խախտելու համար: Մոսկվան Հայաստանի իշխանություններին մեղադրում էր ազգայնականության, անկախ գործելակերպի մեջ, թեեւ դրա համար պատճառ էին հիմնականում Հայաստանից ԽՄԿԿ ԿԿ ուղարկվող անանուն կամ ստորագրված զրպարտական նամակները: Սփյուռքահայ որոշ շրջանակներ, մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցիչներն ու մամուլը, ընդհանուր առմամբ ողջունելով Ջոն Կիրակոսյանիՙ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող մոտեցումները, քննադատում էին նրան մարքս-լենինյան մեթոդաբանությամբ առաջնորդվելու, հայ ժողովրդի պատմության մեջ Ռուսաստանի, ԽՍՀՄ դերն ու նշանակությունը գերագնահատելու, Դաշնակցությանը քննադատելու համար, միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի գործունեությունը որեւէ դերակատարություն ունենալ չէր կարող, քանի որ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներ միակ ընդունողը Մոսկվան էր եւ այլն:

Ջոն Կիրակոսյանի անվան շուրջը ստեղծված վերաբերմունքի վառ օրինակներից է «Սփյուռքահայության պատմական իրավունքը» հոդվածի հետ կապված դրվագը: Այն ստորագրվել էր Ջ. Սահակյան կեղծանվամբ եւ հրապարակվել սփյուռքահայ մամուլում: Արձագանքելով համաշխարհային մամուլի էջերում հայտնված թուրքախոս աֆղանցիներին Թուրքիայում բնակեցնելու լուրերին, Ջոն Կիրակոսյանը սփյուռքահայերին կոչ էր անում չմոռանալ իրենց պատմական իրավունքը հայրենիքի նկատմամբ եւ պայքարել ցեղասպանության ճանաչման համար: Երեւանից ստացված զրպարտիչ «մատերիալի» արդյունքում (այս անգան նույնպես մատնանշվում էր հոդվածին «Ազդակ»-ի դրականորեն արձագանքելու հանգամանքը) ԽՄԿԿ Կենտկոմը պահանջեց պատժել հոդվածի հեղինակին, սակայն այս անգամ, ի պատիվ ՀԿԿ ԿԿ ղեկավարության, խնդիրը հնարավոր եղավ հարթել:

Ջոն Կիրակոսյանի գիտական եւ գիտահրապարակախոսական աշխատություններում կարմիր թելի պես անցնում են հայ ժողովրդի պատմությունից դասեր քաղելու, ազգային խնդիրների շուրջը համախմբվելու ու միասնականություն հանդես բերելու, ազգային արժեքները գնահատելու ու պահպանելու սկզբունքները: Լուսաբանելով 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի պատմության բարդ եւ դժվարին շրջանը, նա հայ ժողովրդի հետ կատարվածի համար ոչ միայն մեղադրում էր Աբդուլ Համիդ 2-րդի, երիտթուրքերի եւ քեմալականների որդեգրած հայաջինջ ծրագրերը եւ քննադատում մեծ տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում, այլեւ մշտապես շեշտում արեւմտահայության ազգային-ազատագրական պայքարի թույլ լինելու, միասնականության, ընդհանուր կենտրոնի բացակայության, միջկուսակցական անիմաստ պայքարի բացասական հանգամանքները, կամավորական շարժումը սկսելուց առաջ լուրջ եւ կշռադատված մոտեցումներ հանդես բերելու, 1918-20 թթ. ընթացքում իրատեսական եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն որդեգրելու, սառը պատերազմի ժամանակ Սփյուռքի կողմից արեւմտահայության պայքարին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող միասնական ծրագիր մշակելու, արեւմտահայության իրավունքները ներկայացնող կազմակերպություն ստեղծելու, պատմության խեղաթյուրումների դեմ համադրված գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը: Սակայն, դժբախտաբար, իր երազած գաղափարները ոչ միայն լիարժեք կերպով չեն իրագործվում, այլեւ ուղղվում են իր դեմ: Ներկա ժողովածուում զետեղված փաստաթղթերը վկայում են, որ թեեւ Ջոն Կիրակոսյանը մեծ ժողովրդականություն էր վայելում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, նա այդպես էլ արժանվույնս չգնահատվեց ժամանակի քաղաքական եւ գիտական «ընտրանու» կողմից:

Ներկա ժողովածուն ներառում է Ջոն Կիրակոսյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող տպագիր եւ ձեռագիր բազմաթիվ նյութեր եւ փաստաթղթեր` գրախոսականներ նրա հրապարակումների մասին, նամակներ, հեռագրեր, հատվածներ հուշապատումներից ու օրագրերից, պատմվածքներ, էսսեներ, հուշեր, բանաստեղծություններ եւ այլն: Անտիպ փաստաթղթերը հիմնականում ընտրված են Ջոն Կիրակոսյանի անձնական արխիվից: Գրքում զետեղված նյութերի միջոցով մենք փորձել ենք ընթերցողին ներկայացնել ոչ միայն Ջոն Կիրակոսյանի կյանքն ու գործունեությունը Հայաստանի եւ Սփյուռքի իր ժամանակակիցների հայացքով ու գնահատականներով, այլեւ պատկերացում տալ հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացման համար 20-ամյա հետաքրքրական եւ կարեւոր մի ժամանակաշրջանի մասին, ցույց տալ Ջոն Կիրակոսյանի դերն այդ ժամանակահատվածի ընթացքում:

Գրքում նյութը ներկայացված է ժամանակագրական կարգով, բնագրի տեսքով` հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Յուրաքանչյուր հոդված, գրախոսական, նամակ օժտված է համապատասխան ծանոթագրություններով` օգտագործված աղբյուրի եւ հեղինակի մասին: Տրվում են նաեւ Ջոն Կիրակոսյանի կենսագրությունը եւ աշխատությունների ժամանակագրական ցանկը:

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4